Թուրք-ադրբեջանական բախու՞մ

Եթե Հայաստանում անհանգստություն կա, որ հայ-թուրքական հարաբերությունները կվնասեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, կնպաստեն Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքական տնտեսության զարգացմանը՝ ուրեմնեւ՝ թուրքացմանը, նաեւ այն, որ Թուրքիայի տնտեսությունը կուլ կտա մեր շուկան, ապա Ադրբեջանում այս հարցի շուրջ անհանգստանում են, որ այդ դեպքում այլեւս անիմաստ է դառնում ադրբեջանա-վրացա-թուրքական տնտեսական սերտացումը, իսկ թյուրքական ազգերի համագործակցությունը կարող է դրվել հարցականի տակ: Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Կեսկինը մտահոգվել է, թե «Ադրբեջանի համար տարանցման թուրքական երթուղին կկորցնի իր արդիականությունը, եւ երկիրն իր էներգակիրների բոլոր հոսքերը կուղղորդի Ուկրաինա՝ Վրաստանի տարածքով: Բացի այդ, Ադրբեջանն էլ ավելի կմերձենա Վրաստանին եւ թուրքական բիզնեսը դուրս կմղի Վրաստանից, որտեղ ուժեղ են թուրքական բիզնեսի դիրքերը: Կորցնելով Ադրբեջանը՝ Թուրքիան կկորցնի ելքը դեպի Միջին Ասիա եւ Կովկաս: Թուրքիայի տեղը կզբաղեցնեն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, իսկ Անկարան չի կարողանա ազդել այդ տարածաշրջանում իրավիճակի վրա»:

Կարեն Բալյան

Խելքին աշեցե՜ք…

ԱՊՀ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Զուրաբ Խոնելիձեն կոչ է արել պաշտոնական Թբիլիսիին դադարեցնել Վրաստանի ԱՊՀ կազմից դուրս գալու գործընթացը, որն սկսվել է 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո: Պետք է վերականգնել նախկին կարգավիճակը եւ հասնել այն բանին, որ ԱՊՀ մյուս երկրները, բացառությամբ իհարկե, Ռուսաստանի Դաշնության, ճանաչեն Վրաստանի՝ մինչեւ 2008թ. օգոստոսը եղած սահմանները. հայտարարել է վրաց դիվանագետը: Նրա ասելով, եթե ԱՊՀ երկրները հաստատեն Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա Մոսկվային այլ բան չի մնա, քան չեղյալ համարել Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչելու վերաբերյալ իր որոշումը: «Դա դժվարագույն, սակայն հասանելի խնդիր է»,- կարծում է Զ. Խոնելիձեն: Նա նաեւ հավելել է, որ ԱՊՀ կազմից դուրս գալով, Թբիլիսին չի պատժի Մոսկվային, այլ ընդհակառակը՝ ինքը կպատժվի:

Զարմանալի տրամաբանություն է, համարյա «հայի հետին խելքի» տարբերակի պես մի բան: Մի ժամանակ էլ Ադրբեջանը սպառնաց, թե դուրս կգա ԱՊՀ կազմից, եթե Արցախն ու ազատագրված տարածքները հետ չտան իրեն: Երեւի կարծում էր, թե ԱՊՀ որոշումով Հայաստանը պետք է իր հողերը վերստին զիջի:

Արտակ Հայոցյան

Բարաք Օբաման հավասարության նշան է դնում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վավերացրել է 2009թ. ֆինանսական տարվա արտաքին հատկացումների փաթեթը, համաձայն որի Հայաստանը կստանա 48 մլն դոլար, իսկ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը՝ 8 մլն: Այս մասին տեղեկացրել են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից:

Վերջինիս գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտնել է. «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառույթների ենթահանձնաժողովի նախագահ տիկին Նիթա Լոուին եւ Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ պարոն Փաթրիք Լիհիին, ովքեր ըմբռնել են ամերիկահայերի մտահոգությունները եւ պնդել են ռազմական աջակցության հարցում հավասարության ապահովման կարեւորությունը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը, կրկնապատկել են Հայաստանի համար նախագահ Բուշի առաջարկած 24 մլն դոլարի գումարը»: Ա. Համբարյանը հավելել է նաեւ, թե իրենք ակնկալում են արդյունավետ համագործակցել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ:

Տեղեկացնենք նաեւ, որ 48 մլն դոլարը թեպետ ԱՄՆ նախկին նախագահի օրոք առաջարկվածի կրկնապատիկն է, այնուամենայնիվ, 10 մլն-ով քիչ է 2008թ. ֆինանսական տարում հատկացվածից: Ի դեպ, այդ 48 մլն-ը քիչ է նաեւ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջարկածից՝ 70 մլն դոլարից:

ԱՄՆ-ի արտաքին հատկացումների փաթեթի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը կստանան միեւնույն ռազմական աջակցությունը՝ 3-ական մլն դոլար:

Այս «հավասարակշռված» արտաքին քաղաքականությունը զարմանալի չէ այլեւս: Նման մեկ այլ «հավասարությունից» պարբերաբար խոսում է մյուս գերտերությունը՝ ՌԴ-ն: Մոսկվան էլ երբեք չի մոռանում եւ Հայաստանի ու Ադրբեջանի մասին խոսելիս հանդես է գալիս որպես երկու երկրների ռազմավարական գործընկեր…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։