Մահմեդականները բողոքում են

Ադրբեջանցի մահմեդականները բողոքում են իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքից: Նրանք պնդում են, որ մզկիթների, հիջաբ կրելու եւ hաջի վերաբերյալ առկա խնդիրները խոսում են կամ իշխանությունների անտարբերության կամ նույնիսկ թշնամանքի մասին: Ոմանք բարձրաձայնում են, իբր Ադրբեջանում ոչ մահմեդական, քրիստոնյա համայնքների գործունեությունը չի սահմանափակվում, սակայն մահմեդականներինը, չգիտես ինչու, սահմանափակվում է: Նրանց պնդմամբ, պետական ուշադրություն կա եկեղեցիների, սինագոգերի նկատմամբ, ինչը չի նկատվում մզկիթների պարագայում: Ադրբեջանում կարծում են, թե պատճառն այն է, որ ԵԽ-ն եւ ԱՄՆ-ն սատարում են քրիստոնյաներին… Երեւի տեղյակ չեն, որ Արցախն ու Նախիջեւանը՝ Ադրբեջանին, իսկ Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիային, արեւմուտքցիներն են նվիրել:

Իսկ ադրբեջանցի իմամը բողոքում է, որ իսլամ քարոզող հավատացյալներին ձերբակալում են՝ վահաբական ահաբեկչության գործունեության մեջ կասկածանքով՝ ստիպելով սափրել իրենց մորուքները: Հարձակումներ են լինում մզկիթների վրա: Իմամը եւս մեկ օրինակ է բերում՝ որպես պետական մակարդակով մահմեդականների նկատմամբ տեղ գտած թշնամանքի ապացույց՝ մզկիթների բակում արգելվում է աղոթելը: Ադրբեջանում կանանց չի արգելվում հասարակական վայրերում հիջաբ կրելը, սակայն մահմեդականները բողոքում են, որ իրենց խորհուրդ են տալիս անձնագրի նկարներում հանել գլխաշորերը՝ պատճառաբանելով, որ դրանք կրելիս անձի նույնացման ժամանակ կարող են խնդիրներ ծագել: Իսկ ահա, անձնագրի նկարում հիջաբ կրող արտասահմանցիների անձի նույնացման ժամանակ խնդիրներ չեն ծագում: Ա՜յ քեզ Ադրբեջա՜ն…

Անի Մարության

Հօգուտ ՀՀ եւ ԼՂՀ

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը շրջանառել են մի նամակ, որով գործընկերներին կոչ է արվում միանալ 2010 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի օտարերկրյա օգնության բաժնում Հայաստանին եւ ԼՂՀ-ին վերաբերող հոդվածներով տրամադրվող աջակցությունն ավելացնելու նախաձեռնությանը:

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներն առաջարկել են ավելացնել Հայաստանին տրամադրվող տնտեսական աջակցությունը՝ 2009թ. նախատեսված 48 մլն դոլարից հասցնելով 70 մլն-ի, իսկ որպես ռազմական աջակցություն՝ նախատեսվող 3,3 մլն դոլարի փոխարեն նախատեսել 5 մլն դոլար:

Ի դեպ, առաջարկվել է ավելացնել ԼՂՀ-ին տրամադրվող ամերիկյան աջակցության ծավալները՝ 2009թ. նախատեսված 8 մլն դոլարից հասցնելով 10 մլն դոլարի, եւ վերացնել Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող քվեարկությամբ ընտրված ղեկավարների նկատմամբ կիրառվող սահմանափակումները՝ ԱՄՆ ճանապարհորդելու եւ ամերիկացի պաշտոնյաների հետ շփումների առումով:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։