Թուրքերը եւ հայերը

Թուրք երեխան եւ հայերը

Ազգությամբ թուրք Սերդեր Կայան դատի է տվել Թուրքիայի կրթության նախարարին՝ երեխաների շրջանում հայատյացություն սերմանելու համար: Նա բողոքել է, որովհետեւ իր 11-ամյա աղջիկը ստիպված է եղել դպրոցում դիտել, ինչպես ինքն է ասել, «շատ արյունալի քարոզչական մի կինոնկար»: Բրիտանական «BBC News»-ը օրերս անդրադարձել է այդ խնդրին, որում պատմվում է, թե ինչպես է Թուրքիայի կրթության նախարարությունը վերջին ամիսներին երկրի բոլոր դպրոցներում տարածում «Սարի Գելին» կամ «Շիկահեր հարսնացու» տեսաերիզը: Ըստ «BBC News»-ի, այսպիսով Անկարան փորձ է անում քարոզել, որ պնդումները, թե 1915թ.-ին Օսմանյան Թուրքիան հայերի դեմ ցեղասպանություն է կատարել, «անհիմն են»: Ըստ BBC-ի, սա շատ վտանգավոր է, քանզի միայն Ստամբուլում ապրում է 50 հազար հայ:

Թուրքիայի նախագահը եւ հայերը

Երկար ժամանակ է, ինչ Թուրքիայում խմորումներ կան երկրի նախագահի հայկական արմատներ ունենալու վերաբերյալ: Աբդուլլահ Գյուլն արդեն հերքել է այդ լուրը, սակայն, թերեւս դա չի հանգստացնում թուրքերին: Այս ամենն ի վերջո հանգեցրեց այն բանին, որ Թուրքիայի նախագահը դատի տվեց թուրք խորհրդարանական Ջանան Արըթմանին՝ իր մորը հայկական ծագում վերագրելու համար: Հիշեցնենք, որ այս աղմուկ-աղաղակը սկսվեց, երբ Ա. Գյուլը դրական արտահայտվեց հայերից ներողություն խնդրելու ստորագրահավաք սկսած թուրք մտավորականների նախաձեռնությանը (բացվեց հատուկ կայքէջ): Ջ. Արըթմանն ասել էր՝ «Գյուլը թող իր հանրապետությունը, ազգը նախագահի, այլ ոչ թե իր էթնիկ (իմա՝ հայ – Ա.Հ.) արմատները»: Եվ ահա, դատարանի վճռով խորհրդարանականը նախագահին բարոյական վնաս հասցնելու համար պետք է վճարի 1 թուրքական լիրա……

Թուրքիայի նախագահը վերջերս մի «պատմության» մեջ էլ էր ընկել: Թուրքական եւ միջազգային մի շարք զլմ-ներ Տեղեկատվություն էին տարածել, որ Ա. Գյուլը Իրաքում պաշտոնական հանդիպումների ընթացքում օգտագործել է «Քրդստան» բառը, սակայն, նախագահը հենց Անկարայի օդանավակայանում դա հերքել է, բայց դժվար թե նոր դատավարության անհրաժեշտություն լինի, քանի որ քուրդ բառի համար էլ թերեւս 1 թուրքական լիրա՝ որպես բարոյական վնաս ստանա ընդամենը Ա. Գյուլը…

Հայերի կամ քրդերի մասին խոսելը շահութաբեր չէ, ա՜յ, եթե Հայոց ցեղասպանության հարցով դատ կազմակերպվի կամ թուրքերի ինքնությանը «կպնող» որեւէ այլ հարցով դատական գործ հարուցվի, ապա կարելի է ոչ միայն լավ գումար աշխատել, այլ՝ թուրքական քր.օր-ի 301 հոդվածով բանտ ուղարկել հակառակորդին: Այնպես որ, մենք բոլորս «հայ ենք» կամ «Հրանտ Դինք» ենք ժամանակներն անցել են արդեն…

Ադրբեջանի նախագահն ու հայերը

Իլհամ Ալիեւի կարծիքը հենց օրենքն է, որից էլ բխում է օրենքի տառը: Բայց հետաքրքիր է, որ այս ամենը ոչ թե Ադրբեջանի ներքին կյանքի մասին է, այլ Բաքվի՝ արտաքին աշխարհին հետ հարաբերությունների: Այսինքն, եթե Ադրբեջանի նախագահն ասել է, որ հայերը պետք է զիջեն Արցախն ու ազատագրված տարածքները, ապա այդպես էլ պետք է լինի: Կարեւոր չէ, թե տարաբնույթ միջազգային համաձայնագրերում ամրագրվել է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով կամ ազատագրված տարածքներից գոնե Բերձորի (Լաչինի) միջանցքը պիտի մնա որպես Հայաստան-Արցախ կամուրջ: Ի. Ալիեւը որոշել է, որ հայկական (նաեւ՝ արցախյան) զորամիավորումները պետք է դուրս գան բոլոր տարածքներից, այդ թվում՝ Արցախից, ուրեմն դա էլ պետք է լինի «միջազգային հանրության» որոշումը, այլապես իլհամիստ ադրբեջանցիները, նաեւ «հանուն Ղարաբաղի հայերի», պատերազմելով կլուծեն «Հայաստանի հայերի» հարցերը……

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։