Մայրաքաղաքի համար կպայքարեն եւ’ իշխանական եւ’ ընդդիմադիր ուժերը

Երեւանի ավագանու՝ մայիսի 31-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել 6 կուսակցություններ եւ 1 քաղաքական դաշինք:

ԿԸՀ-ից հայտնել էին, որ ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման վերջնաժամկետը՝ մարտի 22-ի ժամը 18:00-ն էր: Եվ այդ օրը ՀՀ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 138.5-րդ հոդվածի 3-րդ մասը, արձանագրել է, որ 2009թ. մայիսի 31-ի ընտրություններին Երեւանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրել են ներքոնշյալ կուսակցություններն ու քաղաքական դաշինքը:

Իսկ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրել են Հայաստանի հանրապետական, Ժողովրդական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները, ինչպեսեւ՝ Հայ ազգային կոնգրեսը:

ՀՀԿ՝ 180 հոգանոց նախընտրական ցուցակի 1-ին տեղում գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է, ապա՝ Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը եւ Հրաչ Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը կազմված է 122 հոգուց: Այն գլխավորում է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, 2-րդ տեղում պատգամավոր Մխիթար Մնացականյանն է, ապա՝ ԵՊՀ դասախոս Մարգարիտա Մաթեւոսյանը:

ՀՅԴ 51 հոգանոց ցուցակի 1-3 տեղերում են ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ճարտարապետ Ալբերտ Աճեմյանը, ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության 74 հոգանոց համամասնական ցուցակի 1-ին տեղում ՕԵԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն է, 2-րդ եւ 3-րդ տեղերում են «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Հենրի Բակունցը եւ Գրիգորի Վահանյանը:Հայ ազգային կոնգրեսի 167 հոգանոց նախընտրական ցուցակը գլխավորում են ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ժողովրդական կուսակցության 20 հոգանոց ցուցակի 1-ին տեղում կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն է, 2-րդ տեղում է կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը, 3-րդում՝ Հրաչիկ Վարդապետյանը:

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության 29 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում են կազմակերպության ղեկավար Մովսես Շահվերդյանը, ձեռներեց Աշոտ Մուհնեցյանը եւ Յուրի Մատինյանը:

Մայիսի 31-ի ընտրությունից հետո Երեւանում կստեղծվի 65 անդամից բաղկացած (իսկ գրանցվել է 645 հավակնորդ) եւ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու խորհուրդ, իսկ մայրաքաղաքը կղեկավարի այն կուսակցության համամասնական ցուցակի 1-ին տեղում գտնվող անձը, որն ընտրությունների ժամանակ կհավաքի 50% + 1 ձայն:

Քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակները ԿԸՀ-ի կողմից կգրանցվեն ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 1-ը, ժամը 18:00-ն: Նախընտրական հիմնադրամները ձեւավորվել են մարտի 17-ից, իսկ նախընտրական քարոզչությունը կիրականացվի մայիսի 2-29-ը, մինչեւ ժամը 24:00-ն:Ընտրապայքարը դեռ չի սկսվել, սակայն, փոխադարձ հեռահար «կրակոցներ» արդեն հնչել են: Այսպես, իշխանական քաղաքական ճամբարը «մեղադրում» է ընդդիմությանը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, որ նա մասնակցում է մի ընտրության, որի հաղթելու դեպքում ՀՀ 1-ին նախագահը, երեւի, նոր «քաղաքական» կամ «միջազգային» ծրագրեր է մշակելու Երեւանի աղբահանությունը կարգավորելու կամ ասենք՝ կոյուղագծերը մաքրելու ոլորտներում… Նույնիսկ ակնարկում են, թե այս անգամ էլ պարտվելու դեպքում նախկին նախագահը երեւի իր թեկնածությունն առաջադրի որեւէ գյուղապետի պաշտոնի համար:

Իսկ ընդդիմությունը վստահաբար պատասխանում է, որ Երեւանում իշխանությունը վերցնելուց հետո, հաջորդ քայլով կհասնեն երկրի ամբողջական իշխանափոխությանը…

Սակայն, ինքնավստահ ընդդիմությունը, այնուամենայնիվ լուրջ մտավախություն ունի: Ըստ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանի՝ «Օրենքով հավասար պայմաններ ստեղծված են: Եվ պատկան մարմինները պետք է հետեւեն, որպեսզի քարոզչությունը լինի միայն ու միայն օրինականության սահմաններում: Բայց նկատենք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են ոչ միայն գործող քաղաքապետը, այլեւ՝ Երեւան քաղաքի գրեթե բոլոր գործող թաղապետերը, բոլոր մեծ ու փոքր կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների եւ ստեղծագործական միությունների ղեկավարները, դերասաններ ու երաժիշտներ, բժիշկներ ու լրագրողներ: Այսինքն, իշխանությունն իր ողջ վարչական ռեսուրսով լծվելու է Երեւանին «տիրելու» գործին… Ցուցակում ընդգրկված եւ չընդգրկված վարչական լծակներ ունեցող անձինք բոլոր ռեսուրսները դնելու են, որպեսզի ընտրությունները կեղծեն: Իրենք փորձելու են ամեն ինչ անել, բայց հասարակությունն այնքան գիտակից է, որ նույնիսկ այսպիսի վարչական ռեսուրսների կիրառումից հետո էլ իշխանությունը երկու տարբերակ է ունենալու՝ կամ համակերպվելու են իրենց ջախջախիչ պարտության հետ, կամ գնալու են խայտառակ կեղծիքների»:

Ինչ մնում է «Ժառանգություն» կուսակցության՝ Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցելուց վերջին պահին հրաժարվելուն, ապա իշխանությունները կարծում են, թե դրանով խորհրդարանական ընդդիմությունը ՀԱԿ-ին հասկացրեց, որ կնախընտրի հրաժարվել ավագանու ընտրությանը մասնակցելուց, քան թե «քաղաքական խառնուրդ» դարձած ՀԱԿ-ի հետ միասնական՝ «Ժառանգությանը» ոչ հարմար ընտրացուցակ կկազմի:

Հիշեցնենք, որ իր վերջին ցուցակով «Ժառանգությունը» ՀԱԿ-ին առաջարկում էր այս տարբերակը՝ 1. Րաֆֆի Հովհաննիսյան, 2. Լեւոն Տեր-Պետրոսյան, 3. Զարուհի Փոստանջյան, 4. Ստեփան Դեմիրճյան… Իսկ ընդդիմությունը հավաստում է (նաեւ՝

«Ժառանգության» վարչության մի շարք անդամներ), որ այս քայլով խորհրդարանական ընդդիմությունը «մատ արեց» իշխանություններին, որոնք վերջին պահին այլեւս չկարողացան խանգարել, որ ընդդիմությունը մեկ բեւեռ ունենա, եւ հիմա այդ բեւեռը ՀԱԿ-ն է, ու «Ժառանգությունը» իր սատարումը կհայտնի ընդդիմությանը եւ հանձնաժողովներում իր տեղերը կհանձնի ընդդիմադիրներին: Իսկ ԿԸՀ-ում էլ ՀԱԿ-ը կունենա 2 լիազոր-ներկայացուցիչ:

Իրականում, կարծում ենք, տապալվեց «Ժառանգության» կողմից տարվող քաղաքականությունը՝ ընդդիմության միասնական ցուցակում կամ Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Արմեն Մարտիրոսյանին 1-ին համարը հաստատելու հարցը, ինչը թույլ կտար այս կուսակցության կշիռը բարձրացնել եւ՛ մեր երկրի ներսում եւ՛ երկրից դուրս, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կերպ չհամաձայնվեց 2-րդը լինելու տարբերակին, ուստիեւ՝ առաջացավ վերոնշյալ «թոհուբոհը»:

Դե, ինչպես ընդունված է ներկայումս, կինոսերիալների տրամաբանությամբ ասենք, որ մեզ սպասվում են «Ընտրություններ-2» անվանումով հետաքրքիր իրադարձություններ: Պարզապես ցանկանանք, որ այն «մարտիմեկյան» ավարտ չունենա, եւ երկիրը չներքաշի նոր՝ առավել ծանր իրավիճակի մեջ: Առանց այն էլ աշխարհն իր ճգնաժամն է փաթաթել մեր վզին…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։