«7-ի գործ»-ը կարճվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող «7-ի գործ»-ը քրգործով մեղադրող դատախազները վերանայել են ամբաստանյալներ Շանթ Հարությունյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին առաջադրված մեղադրանքները: Նկատի ունենալով, որ քրգործի դատական քննության ընթացքում՝ 2009թ. մարտի 18-ին, ՀՀ ԱԺ կողմից ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել քրօր-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում, մեղադրողները որոշել են դադարեցնել նշված ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրօր-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, իսկ քրօր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ փոփոխել եւ առաջադրել նոր մեղադրանք:

Ինչեւէ, ըստ երեւույթին, ԵԽԽՎ «բարի» կամքին ընդառաջ, ՀՀ իշխանությունները «7-ի գործ»-ը կարճել են՝ դադարեցնելով քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այդ քրգործը մասնատվել է, եւ հիմա կընթանան 5 առանձին (Շանթ Հարությունյան, Գրիգոր Ոսկերչյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան) եւ 1 միասնական (Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի) դատավարություններ: Այսպիսով իշխանությունները վերացրին նաեւ «7-ի գործ» կոչված դատավարության հնչեղությունը՝ այն նույնացնելով արդեն իսկ անաղմուկ ընթացող Սմբատ Այվազյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ այլոց դատավարություններին: Այնուամենայնիվ, սույն գործը բավականին բարդ է, կազմված է 50 հատորից եւ պետք է հարցաքննվեն շուրջ 400 վկաներ:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։