Իշխանություն -ընդդիմություն՝ 2:0

(Անցյալ տարվա մարտի 1-2-ի դեպքերի քննարկման հունվարյան եւ մարտյան «խաղերում» հաղթեց իշխանությունը)

ԵԽԽՎ-ն դրական գնահատեց

Մարտի 30-31-ին, Իսպանիայի Վալենսիա քաղաքում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ի կողմից ԵԽԽՎ-ի թիվ 1643 բանաձեւի կատարման ընթացքը: Հանձնաժողովը դրական է գնահատել ՀՀ քրօր-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները՝ միեւնույն ժամանակ կարեւորելով օրենքի կիրառման հետագա ընթացքը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կարծիքով, մինչեւ վեհաժողովի ապրիլյան նստաշրջան ՀՀ քրօր-ի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխությունները կկենսագործվեն, որի արդյունքներից էլ կախված կլինի՝ արդյո՞ք հանձնաժողովը կանդրադառնա ՀՀ խնդրին, թե՞ ոչ: Ըստ որոշ շրջանառվող լուրերի, իշխանությունները մինչեւ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը, արդեն ունեն պատրաստի «դեղատոմսեր»՝ բոլոր առկախ հարցերը կարգավորելու համար:

Հանձնաժողովը քննարկվել է նաեւ ՀՀ էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեության հետ կապված դեռեւս իրականացվող փոփոխությունները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրությունները շոշափող հարցեր:

Այս իրավիճակը այնքան էլ «արմատական» ընդդիմադիրների սրտովը չէ, եւ նրանք տրամագծորեն այլ կարծիքի են:

Ընդդիմությունը բացասական գնահատեց

Մարտի 31-ին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները՝ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը եւ ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավարներ են եղել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ինչպես մեր երկրի ներքաղաքական իրավիճակին, քաղբանտարկյալների ճակատագրին, այնպես էլ Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում ՀՀ հարցի քննարկմանը:

Հ. Իգիթյանը նշել է, որ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանը, որպես «7-ի գործ»-ում դրական տեղաշարժ է ներկայացրել ՀՀ քրօր-ի այն հոդվածների փոփոխությունները, որոնք, ՀԱԿ-ի ներկայացուցչի ասելով, այդ գործով անցնող մեղադրյալների հետ ո՛չ նախկինում, ո՛չ էլ փոփոխություններից հետո ոչ մի կապ չունեն: Նա քաղբանտարկյալների ազատ արձակումը պայմանավորել է իշխանությունների կանխագուշակելու ունակությամբ՝ արդյո՞ք նրանք կկռահեն ԵԽԽՎ կողմից լուրջ պատժամիջոցների կիրառումը, թե՞ ոչ, – «հենց նրանք զգան, որ պատժամիջոցներ կարող են լինել, հնարավոր է մի քանի քաղբանտարկյալների բաց թողնեն»:

ՀԱԿ ներկայացուցիչը հայտնել է, որ ԵԽԽՎ բանաձեւի ոչ մի կետ, ըստ էության, չի էլ կատարվել. «Հայաստանում մինչ օրս ոչ մի քայլ չի արվել դատարանների եւ ամբողջությամբ վերցրած՝ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը մեծացնելու համար, ինչպես պահանջվում է ԵԽԽՎ բանաձեւերով»: Նշեց նաեւ, որ առաջընթաց չի արձանագրվել հանրահավաքների անցկացման, լրատվամիջոցների ու լրագրողների գործունեության բարելավման, ինչպես նաեւ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Հ. Հովհաննիսյանը նույնպես բացասական գնահատական է տվել ՀՀ իշխանությունների կողմից ԵԽԽՎ որոշումների կատարման ընթացքին եւ նշել է, թե «ԵԽ-ում, փառք աստծո, ապուշներ չեն նստած եւ հասկանում են, թե իրականում Հայաստանում ինչ է կատարվում»:

Մեր գնահատականը

Այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ն իր նախորդ երկու որոշումները մեկ՝ թիվ 1643 բանաձեւով ամփոփեց հունվարյան նստաշրջանում եւ զերծ մնաց կոշտ գնահատականներից, թույլ էր տալիս տրամաբանել, որ մարտյան նստաշրջանը անկանխատեսելի որոշումների չէր հանգեցնելու: Իսկ իշխանությունները դրական տեղաշարժի միտում արձանագրող մի քանի քայլեր արել էին եւ կարողացան այդ ամենը «բարձր մակարդակով» ներկայացնել ու հանգիստ շնչելու իրավունք վաստակել մինչեւ ապրիլյան նստաշրջանը: Կանխագուշակենք, որ մի քանի այլ դրական քայլեր եւս արձանագրելով, իշխանությունները ապրիլին էլ «հաղթող» դուրս կգան, քանի որ Եվրոպան հաստատ չի ցանկանում իրենից հեռու վանել Հայաստանին…

Այս ամենը, կարծես թե, հաշվի չառնվեց ընդդիմության ներկայացուցիչների կողմից, եւ այսօր նրանք կանգնել են «կոտրած տաշտակի» առջեւ: Մի կողմից՝ չեն կարող չնկատել իշխանությունների կատարած որոշակի քայլերը, մյուս կողմից՝ այդ քայլերը իրապես բավարար եւ
ամբողջական համարել չի կարելի, եւ «7-ի գործ»-ին էլ օգուտ չի տալիս, մեկ այլ կողմից էլ՝ չեն կարող շատ խիստ լինել ԵԽԽՎ որոշումների նկատմամբ, եւ միակ հույսը մնում է, որ «ԵԽ-ում, փառք աստծո, ապուշներ չեն նստած…»:

Ի վերջո, մեր երկրի, այսպես կոչված, «կեղտոտ սպիտակեղենի» եվրացուցադրումը, ԵԽԽՎ-ին «լվացք անելու» լավ հնարավորություն ընձեռեց՝ մեկ ընդդիմությանը «լվանալու», մեկ էլ՝ իշխանություններին…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։