Ի վերջո ՀՀ-ն որեւէ նախաձեռնություն հանդես կբերի՞

Ինչպեսեւ ենթադրելի էր, Վրաստանում գնալով ուժգնանում է ներքաղաքական պայքարը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Օրեցօր հզորանում է վրացական ընդդիմությունը, չնայած, որ գործում է բազմաբեւեռ կարգավիճակով: Մենք այս մասին հստակ տեսակետ էինք հայտնել դեռ այն ժամանակ, երբ ռոզենկրեյցերական (մասոնական) վարդերով եւ ԱՄՆ-ի անթաքույց օժանդակությամբ իշխանության հասած Միխայիլ Սահակաշվիլին կոմունիստական ժամանակների գրեթե 99% ընտրացուցանիշով բազմեց Վրաստանի նախագահական աթոռին: Ակնհայտ էր, որ նա չի կիսելու իշխանությունն իր հեղափոխական ընկերների հետ: Այսօր, իշխանական բուրգի գագաթին հեղափոխական եռյակից մնացել է միայն բատոնո Միխեիլը…

Նախկին վարչապետը՝ Վաժա Ժվանիան, վաղուց է մահացել, այն էլ շատ կասկածելի պայմաններում, իսկ խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն արդեն ընդդիմություն է, որի կողմնակիցները անօրեն հալածվում եւ բանտարկվում են… Եվ այս բոլորը այսօր չէ, որ սկսվել է:

Աբխազիան, Հարավային Օսեթիան արդեն կորցրած, Աջարիան եւ Ջավախքը կորցնելու եզրին հայտնված Վրաստանը դարձավ ԱՄՆ-ի խամաճիկը՝ հույս ունենալով վերականգնել Վրաստանի երբեմնի (խորհրդային տարիների) միասնությունը, որի տարածքների ահռելի մասը այլ ազգերի (այդ թվում՝ հայերի) պատմական տարածքներն են:

ԱՄՆ-Ռուսաստան դիմակայությունում ԱՄՆ-ն փորձում է վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին մեր տարածաշրջանից: Եվ սա փորձում է անել Վրաստանի միջոցով: Հայաստանը, ներկայիս կարգավիճակով հաստատ չի համաձայնի առճակատվել Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը մի անգամ փորձեց, եւ քիչ էր մնում «ստանար» անկախական Լեզգիստան ու Թալիշ-Մուղանյան պետություն: Դե, Արցախ-ԼՂՀ-ն էլ չենք հաշվում, իսկ հեռանկարում կար նաեւ Նախիջեւանը…

Եվ Վրաստանը մնաց մենակ այս ընտրության մեջ: Ու եթե շարունակի առաջնորդվել ներկայիս քաղաքականությամբ, ըստ ամենայնի, կկործանվի եւ կդառնա գաճաճ մի երկիր՝ Թբիլիսիի շրջանով, որովհետեւ որպես պետություն, վերը նշեցինք արդեն, կառուցված է այլոց տարածքների վրա եւ միատարր չէ (իսկ բուն վրացիները չնչին քանակ են կազմում)…… Սա բոլոր նմանատիպ արհեստածին պետությունների ոչ հեռու ճակատագիրն է:

Միայն հրաշքը կարող է բարեշրջել իրավիճակը ի օգուտ Վրաստանի, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնագիր ստորագրեն Ռուսաստանի՝ Կովկասյան տարածաշրջանից հեռանալու մասին: Սա, իհարկե, գոնե առաջիկայում անլուրջ տեսակետ է պարզապես, քանզի Մոսկվան Սուխումն ու Ցխինվալը անկախ պետությունների մայրաքաղաք չի ճանաչել, որ հետո գլխիկոր հեռանա տարածաշրջանից: Ընդհակառակը՝ Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը եւ փորձելու է մասնատել Վրաստանը: Մոսկվան նույնիսկ փորձում է «հետ բերել» նախկին խորհրդային Միջինասիական երկրները եւ ջանում է իր ազդեցությունը մեծացնել այդ տարածաշրջանում եւս:

Այս վտանգավոր իրավիճակում կարեւոր է, որ ջավախքահայությունը համախմբվի՝ սեփական տարածքների (Ախալցխա-Ախալքալաք-Նինոծմինդա (հարակից տարածքներով՝ մինչեւ Աջարիա)) վրա վերահսկողություն սահմանելու, այնուհետեւ, ըստ նպատակահարմարության՝ միջազգային իրավունքներին համապատասխան՝ ելնելով ազգերի ինքնորոշման իրավունքից, լայն ինքնավարություն կամ անկախություն ստանալու համար: Միայն համախմբված է հնարավոր պաշտպանել սեփական շահերը: Իսկ Ջավախքի կարգավիճակի հարցը կթելադրի պահն ու իրավիճակը՝ Թբիլիսիի վերաբերմունքը հայկական կողմի արդար պահանջների նկատմամբ: Իհարկե, մի քանի տարի առաջ, երբ Միխայիլ Սահակաշվիլին դեռ գահընկեց չէր արել Ասլան Աբաշիձեին, Աջարիա-Ջավախք համադաշնությամբ անկախանալու լուրջ հեռանկար կար: Չնայած, չի բացառվում, որ Մոսկվան Բաթում վերադարձնի իր բարեկամ Ասլան Աբաշիձեին, եւ այդժամ նոր իրողություններ կստեղծվի նաեւ Ջավախքի համար……

Իմիջիայլոց, այսպիսի փոփոխությունները նոր իրողություններ կստեղծեն ոչ միայն Ջավախքի, այլեւ՝ Արցախ-ԼՂՀ-ի համար: Եվ իզուր չէ, որ Բաքուն սկսել է նյարդայնանալ ու անհանգստության նշաններ ցույց տալ: Ադրբեջանը անհանգստացած է ոչ միայն Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորումից, այլեւ՝ Իրան-Հայաստան համագործակցությունից:

Եթե Թբիլիսին հասկանա ու ճիշտ քաղաքականություն վարի Երեւանի հանդեպ, հաշտվի Ջավախքի իրական ինքնավարության (Վրաստանի համադաշնության) եւ վրաստանահայության խնդիրների կարգավորման անհրաժեշտության հետ, ապա Բաքուն կարող է հայտնվել շատ հուսահատ վիճակում:

ՀՀ (ոչ՝ Հայաստան, քանի որ Արեւմտյան Հայաստանը չի կարող Արեւելյան Հայաստանի համար համարվել Հայաստան-Թուրքիա սահման) – Թուրքիա սահմանի բացումը եւ Արեւմուտքի ճնշմամբ տարածաշրջանային ենթակառուցվածքների՝ այս ուղղությամբ աշխուժացումը, կարող է միանգամից ավելորդ դարձնել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցությունը՝ Ասիա-Եվրոպա (ինչ-որ տեղ էլ՝ Աֆրիկա) առանցքում: Եթե Արեւելաասիական երկրներ-Իրան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա, Արաբական աշխարհ-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղղություններն աշխուժանան, ապա շահում է ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ Վրաստանը: Այս երկիրը, ըստ էության, այսպիսի ծավալումներով ավելի է շահում, քան՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցելով: Միայն դեպի Ռուսաստան ուղղությունն է մնում կասկածելի (գոնե առայժմ), սակայն, Հայաստանը դա կարող է կարգավորել Երեւան-Մեղրի-Ռեշտ (Իրան)-Աստրախան (Ռուսաստան) կասպիցծովյան ուղղությամբ: Ի վերջո, Հայաստանը լաստանավային կառույցներից է օգտվում նաեւ սեւծովյան՝ Եվրոպա-Ուկրաինա-Վրաստան-Հայաստան եւ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ուղղություններում:

Այս ամենն իրականություն կդառնա այն դեպքում, եթե Վրաստանը ճիշտ գնահատի իրավիճակը, վերանայի մի շարք հիմնախնդիրներ, իսկ Թուրքիան էլ բացի ՀՀ-ի հետ փակ սահմանները՝ առանց երրորդ երկրի (դիցուկ՝ Ադրբեջանի) համար առաջադրվող նախապայմանների:

Մենք ժամանակին սահմանների բացման վերաբերյալ վերլուծական տեսակետ ենք հայտնել եւ էլի մնում ենք նույն կարծիքին: Թուրքիայի հետ պետք է համագործակցել միմիայն միջազգային ճանապարհային եւ տարանցիկ այլ ենթակառուցվածքների օգտագործման շրջանակներում: Պետք է բացառել որեւէ քաղաքական կամ տնտեսական համագործակցություն, որպեսզի չշահարկվեն Հայոց ցեղասպանության հարցը եւ պատմական այլ խնդիրներ, որ Արեւմտյան Հայաստանի նոսր բնակեցված (այն էլ հիմնականում՝ քրդերով) տարածքները չբնակեցվեն թուրքերով, որոնք կշտապեն այստեղ՝ տնտեսական համագործակցության եւ նոր շուկայի նվաճման հեռանկարից ոգեւորված: Սա իր հերթին կխթանի նաեւ թուրքական կառավարությունը: Ուստի, միայն միջազգային պայմանագրերի շրջանակներում եւ տարանցիկ երկիր դառնալու հանգամանքով պայմանավորված պիտի լինի հայ-թուրքական կամ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը:

Եթե Թբիլիսին ու Անկարան բացառեն Երեւանի հետ համագործակցությունը եւ շարունակեն Բաքու-Թբիլիսի-Անկարա եռյակով շրջանցել ու շրջափակել Հայաստանը, ապա Երեւանը պետք է գնա առավել կտրուկ քայլերի: Ինչը կստիպի նշյալ երեք պետություններին՝ հաշվի առնել նաեւ հայկական գործոնը:

Ժամանակին Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններին առաջարկել էր Երեւանում նախաձեռնել Համակովկասյան տան ստեղծման մի նոր տարբերակ, որը կհամախմբի Կովկաս-Այսրկովկասի բնիկ ազգերին՝ անկախ այդ ազգերի պետականություն ունենալ-չունենալու, կրոնահավատամքային պատկանելության հանգամանքից: Այս կառույցը կգործի խորհրդարանի կարգավիճակով եւ լուրջ խթան կդառնա տարածաշրջանում հայկական քաղաքականության ծավալման համար:

Երեւանը կլինի տարածաշրջանային կենտրոն եւ կպաշտպանի բոլոր բնիկների շահերը: Կովկաս-Այսրկովկասի բնիկ ազգերի խորհրդարանը կարող է համալրվել ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային Կովկասի ազգությունների եւ տարածաշրջանի չճանաչված անկախ պետությունների ներկայացուցիչներով: Եթե Երեւանը կարողանա համախմբել Վրաստանի եւ Ադրբեջանի, նաեւ Ռուսաստանի (Մոսկվայի հետ համաձայնեցրած) ազգային փոքրամասնություններին եւ տարածաշրջանի չճանաչված անկախ պետություններին, ապա հզոր ազդեցության լծակներ կունենա՝ ընդհուպ քաղաքական կամ տնտեսական պայմաններ թելադրելու առումով:

Սա կարող է վերածվել նաեւ Կովկաս-Հայկական լեռնաշխարհ -Մերձավոր Արեւելք համագործակցության, որում կարող են ընդգրկվել ա) զարգացող եւ նոր պետականություն ձեւավորած երկրները՝ Հայաստանը, Արցախ-ԼՂՀ-ն, Աբխազիան, Հարավային Օսիան, Աջարիան, Ջավախքը, Նախիջեւանը, Կիպրոսը, Քուվեյթը, Կաթարը, Բահրեյնը, Պաղեստինը, Լիբանանը… բ) պետականություն չունեցող ազգերը՝ ասորիները, քրդերը, եզդիները, թաթերը, թալիշները, լեզգիները, սվանները եւ կովկասյան ու մերձավորարեւելյան այլ ազգությունները, որը թույլ կտա համատեղ ուժերով դիմակայել ինչպես տարածաշրջանային կազմակերպված պետություններին, այնպես էլ՝ աշխարհի գերհզոր երկրների ճնշումներին:

Եթե մի քիչ էլ առաջ անցնենք, ապա հայ-արիականների ծրագրով նախատեսված է Երեւանում մեկտեղել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ՝ համաշխարհային նմանատիպ երկրների եւ պետականություն չունեցող ազգերի պայքարը՝ մեկ այլ խորհրդարանական կառույցում: Որում կընդգրկվեն պետականություն չունեցող եւ փոքրաթիվ ազգերի ու գաճաճ պետությունների լիազոր ներկայացուցիչները (գաճաճ պետություններից ասենք՝ Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Անդորրան, Ֆարերյան կղ.-ները, Սլովենիան, Մոնտենեգրոն… Եվրոպայից: Բութանը, Նեպալը, Սինգապուրը, Մալդիվները, Բրունեյը, Շրի Լանկան, Արեւլ. Թիմորը… Ասիայից: Վանուատուն, Տոնգան, Տուվալուն, Նաուրուն, Կիրիբատին… Օկեանիայից: Գվինեա-Բիսաուն, Հասարակածային Գվինեան, Սվազիլենդը, Լեսոտոն, Ջիբութին, Ռուանդան, Բուրունդին… Աֆրիկայից: Սալվադորը, Տրինիդադ եւ Տոբագոն, Ճամայկան, Բարբադոսը, Գրենադան, Հաիթին… Ամերիկայից):

Այսպիսի քաղաքականությունը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունն աշխարհում եւ կընդգծի մեր երկրի միջազգային կարգավիճակը: Իսկ փոքր երկրներին հնարավորություն կտա միասնական եւ առավել ազդու կարծիք հայտնել, ինչն աշխարհի հզորներն այլեւս չեն կարող անտեսել: Շատերը կհիշեն, որ «սառը պատերազմի» տարիներին, ՆԱՏՕ-ից (Հյուսիսատլանտյան դաշինք) եւ Վարշավյան պայմանագրից (խորհրդային եւ սոցճամբարի երկրներ) բացի գոյություն ուներ նաեւ Չմիացող երկրների միություն, որը բավականին հավասարակշռող դերակատարում ուներ աշխարհում: Այստեղ կային ինչպես կապիտալիստական ճամբարի, այնպես էլ սոցիալիստական ճամբարի երկրներ, որոնց համագործակցության օրինակը կարող է պետքական լինել վերոնշյալ խորհրդարանները ձեւավորելու գործում: Ի վերջո՝ մի նախաձեռնություն հանդես կբերի՞ Հայաստանը, թե՞ անընդհատ պիտի միանա կամ արձագանքի այլոց առաջարկներին, որոնք երբեւէ չեն փորձի կենտրոնատեղի նկատել Երեւանը:

Իսկ մինչ նման մեծ նախաձեռնություններ սկսելը, Երեւանը կարող է դառնալ Իսրայել-Պաղեստին կամ Իսրայել-Լիբանան հանդիպումների վայր, ինչու չէ նաեւ Իրան-ԱՄՆ կամ Վրաստան-Ռուսաստան հանդիպումներ նախաձեռնող օղակ եւ այլն:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։