Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Շատ լավ կլիներ, եթե մեր դպրոցներում աշակերտներին մատուցվեր մեր գրաբար լեզուն, որը իր բառապաշարով եւ արմատների քանակով ավելի հարուստ է եղել, քան հին հունարենը կամ էլ հին լատիներենը: Գրաբարի անգամ ոչ խոր իմացությունը հնարավորություն կտա մեր ժողովրդին համատեղ ջանքերով լուծել երկու կարեւոր հարց: Առաջինը՝ դա երկու գրական լեզվի փոխարեն ունենալ մեկ միասնական լեզու, որի ստեղծման ուղին իրենց ստեղծագործությամբ ցույց են տվել Լեւոն Շանթը եւ Վահրամ Փափազյանը:

Մյուսը՝ դա միասնական ուղղագրության մշակումն է դասական ուղղագրության հիմքի վրա, որի կարեւորությանը ես կանդրադառնամ մի առանձին զրույցով՝ օրինակ բերելով Ջահուկյանի արդեն հիշատակածս հայտնի գիրքը:

Զրույց Ե

Այսօր աշխարհում քիչ մարդիկ կան, որ չեն լսել կամ չեն օգտագործում ինտերնետային (համացանցի) անգլերեն web կամ web site արտահայտությունները: Շատերը նաեւ գիտեն, որ web սարդոստայն է նշանակում, բայց քչերը գիտեն, որ այդպես են անվանում նաեւ թռչունների (սագ, բադ եւ այլն) մաշկաթաթը (ճանկերի արանքի մաշկաթաղանթը), շինարարական կոնստրուկցիաների բարակապատ մասերը եւ այլն: Իհարկե, հայերեն վէպ բառը իր արտասանությամբ շատ է մոտ web-ին եւ իմաստն էլ պատմություն հյուսելն է, բայց հայերը թռչունների ճանկի (մաշկաթաթ) համար հնում լայնորեն օգտագործել են գաբ բառը, որը web-ի նախնական ձեւն է, ինչպես գինին՝ wine-ի:

Հետաքրքիրն այն է, որ գաբ բառի հետ իմաստով կապված են բազմաթիվ բառեր, որոնց ծագումը մեծ մասամբ կամ անհայտ են եւ, կամ էլ, համարվում են ուրարտերենից վերցրած: Դրանք են՝ կապուլ «ճանկաթաթ», կապ (կապել), կապանջ «շղթա», կապերտ, կոպ (կոփ), կափել (փակել), կափուցանել, կափարիչ, վէպ եւ այլն, որոնց մասին կարելի է կարդալ հայոց լեզվի արմատական կամ բացատրական բառարաններում: Հնարավոր է, որ գաբ-ի իմաստի հետ կապ ունեն նաեւ գավիթ «բակ», գավառ, քավ (քավել), կավ, կիպ (քիփ), քափ «փրփուր» (քափը քաշել) բառերը, որոնցից վերջինը իրանական փոխառություն է համարվում: Եթե փակ բառը կափ-ից է (կափուցանել, կափարիչ) առաջացել հակառակ արտասանությամբ, ապա հնարավոր է, որ բաղ «կից», բակ, բեւ(եռ) «մեխ» բառերը, նույնպես, կապ ունեն գաբ-ի հետ:

Շարունակելի

Հովսեփ Պալյան

Տեխ. գիտ. թեկնածու, ԵրՃՇՊՀ-ի դոցենտ

Լուսանցք» թիվ 13 (99), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։