Կադրային քաղաքականության աճպարարությունը

Թե ինչ մեխանիզմով են մեր երկրում լուծում կադրային հարցերը, պարզ չէ: Անկեղծ ասած՝ հետաքրքիր էլ չէ: Կա փաստ, որ տեսանելի է դարձնում այդ կադրային քաղաքականության անարդյունավետությունը: Իսկ փաստն այն է, որ մեր երկրի գործերը շատ վատ են, նշանակում է՝ մեծամասնությունն իր գործը չի անում: Ոչ թե լավ է անում, կամ վատ, այլ՝ չի՛ անում: Քանզի եթե վատ էլ են անում, դա դառնում է տեսանելի, բացերն ու թերությունները շտկվում են ու, աստիճանաբար, ամեն ինչ դեպի լավն է գնում: Իսկ երբ չեն անում, վատն էլ չի երեւում, որ ինչ-որ բան շտկելու անհրաժեշտություն ծագի: Այնպես որ, առանձնապես ջանքեր պետք չեն ապացուցելու, որ երկրի գործերը լավ չեն, որովհետեւ մեծամասնությունը չի աշխատում: Է՛հ, թող այդ մեծամասնությանն աշխատեցնի ղեկավարությունը, ո՞վ է ձեռքերը բռնում: Այստեղ էլ հենց հանգում ենք կադրային քաղաքականության խնդրին: Ինչը մեր երկրի համար իսկապես խնդիր է, որովհետեւ այդ լուրջ խնդրի ելքը ոչ թե լուծումներով ենք առաջադրում, այլ՝ աճպարարությամբ:

Մեր թերթի նախորդ համարում չէինք հասցրել աճպարարության որոշակի փաստեր մեջբերել ու կանխատեսումներ անել, երբ հենց հաջորդ օրը դրա ականատեսն եղանք: Խոսքը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նշանակման մասին է: Մի քանի օրում աճպարարություն արեցին, եւ 1944թ. ծնված մարդը երկու տարով ջահելացավ՝ դառնալով 1946թ. ծնունդ: Եվ հարցադրում էինք հնչեցրել՝ ու՞մ կամ ի՞նչ կամ ինչքա՞ն ծառայություն է մատուցել Ե. Զախարյանը, որ փոխհատուցելու համար նույնիսկ տարիքն են փոխում (այդ պաշտոնը տարիքային սահմանափակում ունի): Ի դեպ, ծննդյան թվի հետ կապված հերքման արձագանք ցայսօր խմբագրությունը չի ստացել…

Այս պարագայում մեկ այլ հարց է ծագում՝ ի՞նչ հզոր թափ կարող է հաղորդել կադաստրի համակարգին Երվանդ Զախարյանը, որ երկրի նախագահը որոշել է նրան չխնայել եւ մինչեւ աշխատանքային գործունեության վերջը «քամել» ուժերը հանուն համակարգի ու երկրի առաջընթացի:

Անկեղծ ասած, գիտենք, թե ինչ «թափի» մասին է խոսքը: Դա այն նույն Երվանդ Զախարյանը չէ՞, որ Հայաստանի մայրաքաղաքը վերածեց փոշու բնի: Այնպիսի կեղտանոցի վերածվեց մայրաքաղաքը, որ բնակիչները ամռան տապին անգամ քամի չեն ուզում, քանզի ինչ կա-չկա, գլխներին կլցվի: Դա այն նույն Երվանդ Զախարյանը չէ՞, որ կեղտանոցը շինարարությամբ էր պայմանավորում, կարծես Երեւանից զատ ուրիշ ոչ մի մայրաքաղաքում շինարարություն չի արվում: Նույն Երվանդ Զախարյանը չէ՞, որ միջոցառումների ժամանակ քայլած 1-2 մետրը չհաշված, որպես Երեւանի քաղաքապետ քաղաքում ոտքով երբեք չի շրջել: Իսկ շքեղ մեքենայի լուսամուտից այն կողմ ամեն ինչ շքեղ է… Նույն Երվանդ Զախարյանը չէ՞, որ խուսափում էր իրացվող տարածքների բնակիչներին դեմ առ դեմ հանդիպել, եւ մի անգամ նույնիսկ մինչեւ ուշ, շատ ուշ երեկոյան աշխատասենյակից դուրս չէր գալիս, որովհետեւ բողոքողները շրջափակել էին քաղաքապետարանի շենքը…

Ի՞նչ է, պարտադի՞ր է այսպիսի պաշտոնյաների անընդհատ պաշտոն տալը: Վերստին վերադառնում ենք հարցին՝ ի՞նչ ծառայության դիմաց: Ոչ մի, – կասի վարչապետը, – Երվանդ Զախարյանը կյանքի մեծ փորձ եւ հարուստ աշխատանքային կենսագություն ունի:

Շա՜տ համոզիչ է:

Կարելի է կադրային քաղաքականության մի հարց էլ շտկել ու Երվանդ Զախարյանին նշանակել… վարչապետ: Թող աշխատանքային կենսագրությունը մի տողով էլ ավելանա…

Նարե Մշեցյան

Լուսանցք» թիվ 13 (99), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։