Հայերը, թուրքերն ու ադրբեջանցիները

Այս օրերին ոչ միայն հայ եւ թուրք հանրություններն են քննարկում ՀՀ-Թուրքիա սահմանի բացման հարցը, այլեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդները:

Թուրքիայի անվտանգության խորհուրդը, բացի հայ-թուրքական հարաբերություններից, կքննարկի նաեւ քուրդ գրոհայինների հնարավոր համաներման եւ Աֆղանստանում թուրք զինված ուժեր տեղակայելու մասին հարցը: Ըստ թուրքական զլմ-ների, «Գլխավոր շտաբը եւ կառավարությունը կարծում են, որ Թուրքիան չպետք է բացի Հայաստանի հետ սահմանը առանց ԼՂ հակամարտությունը լուծելու:

Որպես հարաբերությունների բարելավման առաջին քայլ, Անկարան առաջարկել է Հայաստանին վերադարձնել Ղարաբաղի շրջակա հինգ շրջանները, որպեսզի այնտեղ կարողանան վերադառնալ փախստականները: Միաժամանակ, Անկարան Հայաստանին առաջարկել է պահպանել անվտանգության միջանցք Ղարաբաղում: Եթե Հայաստանն այդ առաջարկություններն ընդունի, ապա Թուրքիան առաջին փուլում հայ-թուրքական սահմանը կբացի ամիսը մեկ: Իսկ հետո Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու եւ անվտանգության գոտի ստեղծելու դեպքում, սահմանը կբացվի օրվա մեջ քսանչորս ժամ»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ինչ-որ ձեւով փորձում է ավելի իրատեսորեն բանակցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա այս երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ առանց նախապայմանների չի բացվի սահմանը: Նույնիսկ Հայաստանին զավթիչ երկիր է կոչել: Չնայած այս վերջին արտահայտության համար ՀՀ ԱԳՆ-ն իր բացատրությունն է տվել, թե իբր Թուրքիայի վարչապետը Հայաստանին զավթիչ երկիր չի որակել, այլ սահմանի բացումը կապել է Արցախի խնդրի լուծման հետ:

Անվտանգության խորհրդի նիստից հետո Թուրքիայի նախագահը կայցելի Բաքու:

Մի խոսքով, մինչեւ թուրքերն ու ադրբեջանցիները չպայմանավորվեն, ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը կմնա «փշալարերից կախված»:

Ադրբեջանը չի պատրաստվում հանուն «մեծ եղբոր» կամ «ռազմավարական գործընկերոջ»՝ դառնալ «ֆորպոստ» կամ «կցորդ երկիր», ինչը, մինչ այժմ հանդուրժել է Հայաստանը, գոնե իր վերջին 200-ամյա պատմության ընթացքում: Գոնե հիմա գնահատենք մե՛ր շահերը:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 15 (101), 2009թ


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։