Եկեղեցական նոր կրքեր

Օրեր առաջ Մայր Աթոռի Դիվանը հայտարարություն տարածեց, որ ԱՄՆ-ից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախումբը Հայաստանի ավետարանչական համայնքի հրավերով ապրիլի երկրորդ կեսին Հայաստան է այցելելու, որպեսզի «միության եւ բարյացակամության կամուրջներ կառուցի» ու հարգանք մատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին: Բապտիստների այս եկեղեցին չի ենթարկվում ՀՀ-ում գործող, Ռընե Լեւոնյանի գլխավորած Ավետարանչական եկեղեցուն:

Այս երգչախմբի կայքէջերից մեկում տեղադրված տեղեկատվության համաձայն, Հայաստանը որակվում է որպես հակասեմականության տարրեր կրող երկիր: Իսկ երգչախումբը «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անունն է կրում՝ «Հայաստանյայց առաքելական եկեղեցու ճնշող ազդեցության պատճառով: Պարզվում է՝ երգչախմբի իսկական անունը «Օկլահոմայի երգող Եկեղեցու մարդիկ» է: Համաձայն այս կայքեջի նյութերի, «Հայաստանյայց առաքելական եկեղեցու, ժողովրդի մշակույթի եւ քաղաքականության մեջ գոյություն ունեցող սերտ կապերը սպառնալիք են նոր Մեծ Առաքելության եկեղեցիների աճի համար»…

Այս խնդրին անդրադարձել է նաեւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական ժողովը, որը մասնավորապես արձանագրել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում եւ իր երախտագիտությունն է հայտնում բոլոր ժողովուրդներին ու պետություններին՝ մեր ժողովրդի մեծագույն ողբերգության՝ Հայոց Ցեղասպանության առիթով ցուցաբերվող սրտակցության համար: Միաժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է սույն միջոցառմանը ներգրավված բոլոր կազմակերպություններին, ի մասնավորի հրավիրող հայ ավետարանչական համայնքին, Ցեղասպանության զոհերի նվիրական հիշատակի շահարկմամբ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անվանարկելու փորձերի համար»:

Ահա այսպես, եկեղեցական կամ հավատամքային պայքարի ալիքը տեղափոխվում է ամենատարբեր ոլորտներ: Կարծես թե մեզ քիչ էին էկումենիկ ուղեգծի պարտադրյալ խառնակչությունները, հիմա էլ հայկական քրիստոնեական տարբեր համայնքների փոխադարձ պայքարի ականատեսն ենք լինելու: Եթե աղանդներն էլ հանկարծ սկսեն զբաղվել ազգային գործերով, ապա մեր երկիրը վերջնականապես կկորցնի ձեռքբերած իր՝ քիչ թե շատ ազգային դեմքը:

Կարծում ենք՝ այս հարցում մտածելու բան ունեն նաեւ ՀՀ իշխանությունները:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 15 (101), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։