Առհասարակ մենք դասեր քաղու՞մ ենք

Օրերս Երեւանում կայացավ 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների 100-րդ տարելիցին նվիրված 2-օրյա միջազգային գիտաժողով: Մասնակցեցին ՀՀ նախարարներ, գիտնականներ Հայաստանից ու արտերկրից:

Գիտաժողովում ելույթ ունեցավ նաեւ պատմաբան Համիտ Բոզարսլանը, ով նշեց, որ եթե 1909թ. կոտորածներով ոչնչացվեց հայերի ունեցվածքը, ապա 1915թ. ցեղասպանությամբ բռնազավթվեց եւ յուրացվեց հայերին պատկանող ամեն բան:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ընթանում էր թուրքացում, նույնիսկ սահմանվում էր, թե որ ազգերը պետք է թուրքանային, իսկ որոնք՝ ոչ: Եվ այս ազգերն էլ համարվում էին ներքին թշնամիներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, պրոֆեսոր Արտեմ Օհանջանյանը եւ այլք ներկայացրեցին Ադանայի ջարդերը, դրանից առաջ եղած նախադրյալները, ինչպեսեւ՝ կոտորածների հետագա հետեւանքները: Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Ադանայի վիլայեթի կոտորածներն արդեն իսկ պետք է դիտարկել որպես ցեղասպան քաղաքականության դրսեւորում: Ըստ նրա՝ կոտորածների առաջին փուլում մեծ զոհեր չեղան, որովհետեւ կազմակերպված ինքնապաշտպանություն կար, սակայն, երկրորդ փուլում, երբ հայերը հավատացին երիտթուրքերին եւ հանձնեցին իրենց ունեցած զենքերը, զոհերն անհամեմատ մեծ էին, եւ այլեւս չկար կազմակերպվածություն:

Ադանայի ջարդերը (կոտորվեցին 30-40 հզ. հայեր) 1915-1923 թթ. Հայոց մեծ ցեղասպանության նախերգանքը դարձան: Այդ կոտորածներից, ցավոք, հայերը դասեր չառան: Ավելին՝ հայկական քաղաքական ուժերը, հոգեւորականների ու մտավորականների մի զգալի մասը երիտթուրքերի հետ դաշնակցած, նաեւ՝ հավատալով ու նվիրվելով մասոնական գաղափարներին, նպաստեցին (օգտագործվեցին) հայ ֆիդայության զինաթափմանն ու հայության ինքնապաշտպանական բնազդի ու կորողությունների թուլացմանը:

1908թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած երիտթուրքական հեղաշրջումից հետո, որի պարագլուխները Սալոնիկից եկած հրեա (կամ կիսահրեա) մասոններն էին, իշխանության եկան «եղբայրության, հավասարության ու ազատության» մասոնական կարգախոսներով, բայց հետո, հենց առաջինը պատժեցին «եղբայր» հայերին, ովքեր մեծապես նպաստել էին սուլթանական իշխանության տապալմանը…

Երկու փուլով ընթացած Ադանայի կոտորածներին մասնակցեց նաեւ թուրքական կանոնավոր բանակը՝ «հեղափոխության զինվորները», որոնց սնել-հագցնել-զինելու գործում մեծ ներդրումներ էին արել նաեւ հայերը:

Նույնիսկ այս ահավոր ջարդերը չցնցեցին հայ քաղաքական ու մտավորական ուղեղները, որոնց կարծիքով Ադանայի ջարդերը պատահականություն էին եւ սուլթանական Թուրքիայի մնացուկների հետեւանք…

Իսկ դեռեւս 1876թ. Օսմանյան կայսրությունում արդեն մշակվել էր ցեղասպանություն իրագործելու առաջին ծրագիրը, որի հետագա եւ պարբերական անտեսումն էլ հանգեցրեց Հայոց մեծ եղեռնի իրականացմանը:

Երեւանում եւ աշխարհի տարբեր երկրներում (որտեղ հայեր կան) ապրիլի 24-ին տեղի կունենան սգո երթեր, կկազմակերպվեն գիտաժողովներ, հավաքներ ու այլ միջոցառումներ:

Սակայն, մի անչափ կարեւոր բան միշտ կանտեսվի: Այն՝ ինչ արվում է այդ օրը, մեծամասամբ կարվի առանց հոգու ներդրման, դե՜ պետք է անել, ուրեմն՝ կարվի, այսպես են գործում շատերը: Այսինքն՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (կամ այլ տեղեր, նաեւ Սփյուռքում) այցելող խմբերը (հատկապես՝ երիտասարդների) արեւածաղիկ չրթելով ու ծիծաղները բերաններին կանցնեն միլիոնավոր զոհերի հուշահամալիրի մոտով, իսկ միմյանց հրելով ու կատակելով կմոտենան այլ խմբեր…

Իսկ առանց հոգու ներդրման նահատակ հոգիների հիշատակը չես հավերժի: Եթե նույնիսկ մենք չտեսնելու տանք այս ամենը, օտարի (հատկապես՝ թշնամու) ամենատես աչքից դա չի վրիպի:

Եվ մի բան էլ, ապրիլի 24-ը պիտի համարել ոչ միայն նահատակների (կամ անմեղ զոհերի) հիշատակի օր, այլեւ՝ վրեժի եւ հայրենատիրության օր:

Այս զգացումով տոգորված հայերը միայն զգաստ կքայլեն ցեղասպանվածների հուշահամալիրի առջեւով եւ իրապես նպատակ կդնեն հասնելու

ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը, հայրենիքի բռնազավթված տարածքների վերատիրմանն ու ցեղասպանվածների ու ջարդերից մազապուրծ փախածների ժառանգների՝ իրենց հայրենիքում համախմբմանը:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ապրիլի 24-ի օրը հարկ է որ չդառնա սուգ ու շիվանի օր: Այդ օրը հնչող խոսքերը ոչ միայն պիտի մեռյալների ու ողջերի հոգիները ցնցեն, այլեւ՝ երդման տարրեր պարունակեն: Պիտի ապրողներին հայրենասիրության, ավելին՝ հայրենապաշտության ու հայրենատիրության մղեն:

Սակայն, մենք պիտի վերջապես հասկանանք, որ այդ օրը մեր պահվածքով այլազգիներին ենք օրինակ ծառայում՝ ինչպես պահեն իրենց մեր ներկայությամբ ապրիլի 24-ին: Օտար երկրներում հայերը պայքարում են, որ այդ օրն աշխատանքի դուրս չգան, եւ հետեւում են, որ համենայնդեպս շա՜տ ուրախ երաժշտություն չլսվի իրենց տներից, եւ հարեւան օտարները ճիշտ հասկանան հայի վիշտը…

Իսկ ահա Հայաստանում այս վերաբերմունքը կամաց-կամաց չքանում է: Առաջներում, ապրիլի 24-ին ոչ միայն հարսանիք, ծնունդ կամ այլ ուրախություն չէին նշում մեզանում, այլեւ՝ ամոթ էր համարվում այդ օրը հաց ուտելն անգամ ուտել-խմելու վերածելը: Սակայն, հիմա այլ բան է: Հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում, որտեղ ամենատարբեր համերգներ ու միջացառումներ են կազմակերպվում նախաապրիլքսանչորսյան կամ հետապրիլքսանչորսյան օրերին: Ոմանք էլ՝ հենց ապրիլի 24-ին:

Ընդամենը մեկ օրինակ բերենք, «Zombie» ազդագիրը ողողել է Երեւանը եւ ապրիլի 24-ից ժամեր առաջ կարծես մի չարագուշակ լուր լինի գլխներիս պտտվող: Այս 1000 դրամանոց մուտքավճարով ջազ-ռոք համերգը պիտի հենց ա՞յս օրերին զոմբիացներ հայ երիտասարդությանը…

Իսկ գուցե ավելի սարսափազդու ազդագրեր էլ կան, որ չե՞նք նկատել, որոնք ապրիլի 24-ից առաջ որոշել են ոչ միայն զոմբիացնել, այլեւ լկտիացնել կամ էլի նման բաների ենթարկել մեր «գերժամանակակից» երիտհատվածին… Շա՜տ հնարավոր է:

Պարզապես մի քիչ ներքին հարգանք եւ ազգային արժանապատվություն պետք է դրսեւորել եւ գոնե 2-3 օր հարգալից վերաբերվել միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին: Երբ երկրում մի դժբախտ դեպք է կատարվում, պետական դրոշներն իջեցվում են, ու երկրում 2-3 օր սուգ է հայտարարվում: Հիմա՝ մենք հենց սկզբից ասացինք, որ կարիք չկա սուգ ու շիվանի, սակայն տարրական հարգանքի անհրաժեշտություն հաստատ կա եւ ոչ միայն նրա համար, որ օտարը մեզ հասկանա, այլեւ՝ այն բանի համար, որ ինքներս մեզ հարգելով՝ այլո՛ց ստիպենք հարգել մեզ…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 15 (101), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։