ՀՀ-ն կմասնակցի նոր ԱԷԿ-ի կառավարմանը

Ունենալով 25% + 1 բաժնետոմս

Աշխարհում ատոմային կայանների հանդեպ պահանջարկը կտրուկ մեծացել է: Սա նշանակում է, որ ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Երեւան ՋԷԿ այցելության ընթացքում ասել է, թե աշխարհում շուրջ 50 նոր միջուկային կայանների պատվեր կա, ինչը բերում է սարքավորումների թանկացման, համապատասխան մասնագետների պահանջարկի ավելացման: Սա, բնականաբար, ազդում է գնագոյացման մեխանիզմների վրա: Բայց այս ամենը մեզ կասեցնել չի կարող, եւ ՀՀ-ում նոր ԱԷԿ ունենալը անհրաժեշտություն է:

Ըստ այդմ, Հայաստանում կկառուցվի այնպիսի կայան, որը կունենա մինչեւ 1200 ՄՎտ հզորություն, անվտանգության պասիվ համակարգ, միջուկային վառելիքի վերաբեռնման առնվազն 18 ամսյա ժամկետ: Կայանը տնտեսական պարամետրերով պետք է լինի արդյունավետ: Համեմատության համար նշենք, որ ներկայիս ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի հզորությունը 400 ՄՎտ է, անվտանգության համակարգերն ակտիվ են, միջուկային վառելիքի վերաբեռնումն էլ տեղի է ունենում 12 ամիսը մեկ անգամ:

Հիշեցնենք, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների մատուցման իրավունքի ձեռք բերման համար պետական գնումների գործակալությունը մրցույթ էր հայտարարել, ու հաղթող է ճանաչվել «Worley Parsons» միջազգային կոնսորցիումը:

ՀՀ կառավարությունն ու այդ կազմակերպությունն արդեն կնքել են 459.7 մլն դոլարի պայմանագիր: Դրանում ներառված են նախագծային, վերահսկողական, խորհրդատվական ծառայություններ եւ այլն: «Worley Parsons»-ը Հայաստանում կստեղծի ընկերություն, որի բաժնետոմսերի 25 տոկոսը եւ գումարած մեկ բաժնետոմսը կտրվի ՀՀ կառավարությանը:

Սա ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը կկարողանա մասնակցել նոր ատոմակայանի կառավարման գործընթացին:

Արմեն Մովսիսյանը Երեւանի ՋԷԿ այցի ընթացքում անդրադարձավ մեկ այլ խնդրի էլ՝ Թուրքիա էլէներգիա արտահանմանը:

«Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում: Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի առուվաճառքի գործընթացի կազմակերպումն այնքան էլ հեշտ չէ: Թեեւ այդ աշխատանքների համար մոտավոր ժամկետներ նախանշված են, սակայն, ամեն ինչ կախված է այն բանից, թե նախապատրաստական աշխատանքները երբ կավարտվեն: Մենք բավականին լավ փորձ ունենք, այս ուղղությամբ աշխատել ենք Վրաստանի եւ Իրանի հետ: Սակայն Թուրքիայի համապատասխան համակարգի հետ աշխատելու փորձ չունենք: Դա տեխնիկական պարամետրերի համադրում է պահանջում, ինչը պետք է թույլ տան եւ մեր եւ իրենց հնարավորությունները: Հայաստանի պայմանագիրը թուրքական առեւտրային ընկերության հետ է, եւ որեւէ քաղաքական նախապայման այս գործընթացում չկա»:

Վստահ եմ՝ նախարարն էլ իր ասածին չի հավատում, պարզապես ի պաշտոնե այլ բան չի կարող ասել: Թուրքիան հենց քաղաքական նկատառումներով է, որ մեզանից էլէներգիա չի գնում, թե չէ էլէներգիայի պակաս ունի եւ սատկում է այն ձեռքբերելու համար: Ավելին՝ քաղաքականից զատ տնտեսական նկատառումներ էլ կան: Ինչքան իրեն թանկացնի, հետո այնքան էժան մեզանից կգնի էլէներգիան: Մերոնք էլ, հաստատ, կվազեն ու կպառկեն թուրքի տակ՝ «քաղաքական նկատառումներով»…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք», թիվ 20, 21 (106, 107), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։