Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան
պարոն Նիկոլայ Պավլովին
Հարգարժան Ն. Պավլով
Վերջերս մեր երկրի Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Դուք նշել եք, որ «գոհ եք մարզի ներկա վիճակից»: Դրանից հետո էլ նկատել եք, որ «լավ կլիներ, որպեսզի յուրաքանչյուր մարզում լիներ մեկական ռուսական դպրոց», ապա խոստացել եք աջակցել մարզի հանրակրթական դպրոցներին ռուսերենի դասագրքերով ապահովմանը:
Տպավորություն ստեղծվեց, թե գավառները դիտելու է դուրս եկել վաղուց դղյակից չբացակայած մեծափոր բոյարը, որը սեփական տիրույթներում է հայտնվել կամքին հակառակ` ճորտերի թախանձագին խնդրանքն անսալով:
Նախ` տեղեկացնենք, որ Հայաստանի կրթական համակարգն աշխատում է մեր երկրի օրենքներով: Դուք երևի տեղյակ չեք, որ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, բնականաբար, կրթությանը՝ ևս: Իհարկե, օտարալեզու դպրոցների մի մասը գոյատևում է, սակայն դա խորհրդային` գաղութային անցյալի մնացուկ է և մոտ ապագայում վերանալու է: