Հայրենատիրության հասնում են ամենօրյա՜ գործերով
– Ադրբեջանն ամեն քայլի դիմում է, որ Արցախի խնդիրը տեղափոխի նոր ձեւաչափ…
Ըստ «The Fresno Bee» պարբերականի, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը «ընդհանուր լեզու չի գտնում Ադրբեջանի հետ»: Ֆրեզնոյի կողմից ԼՂ ճանաչումը հանգեցրել է միջազգային առճակատման, իսկ Ադրբեջանի ժողովուրդը խնդրում է Ֆրեզնոյի ղեկավարներին՝ չեղյալ հայտարարել ապրիլյան՝ ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւը: Բայց հայաշատ քաղաքի ղեկավարները հրաժարվել են իրենց դիրքորոշումը փոխել: «Մենք կանգնած ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում մեր հայ ընկերների կողքին: Մենք չենք կարող տեղի տալ Ադրբեջանի կողմից լավ ֆինանսավորվող լոբբինգի ջանքերին»,- նշել է Ֆրեզնոյի շրջանի ղեկավար խորհրդի անդամ Անդրեաս Բորջեասը:
Ապրիլի 23-ին ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ֆրեզնոյի շրջանը դարձավ Կալիֆորնիա նահանգի առաջին շրջանը, որ ճանաչեց ԼՂՀ-ի (Արցախ) անկախությունը: Այսպիսով՝ ճանաչվում է ԼՂՀ-ի անկախությունը՝ այն ներկայացվելով որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընկած պատմական հայկական շրջան:
Նման հայանպաստ որոշումները դառնում են հաճախակի, քանի որ մինչ այս, ամերիկյան եւ ավստրալական մի շարք նահանգներ ու շրջաններ, ինչպեսեւ եվրոպական երկրների որոշ ինքնավար տարածքներ ճանաչել են նաեւ 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այս ամենը չէր կարող վրիպել ադրբեջանական ու թուրքական իշխանությունների աչքից, սակայն նրանց արձագանքները չեն ազդում կայացրած որոշումների բեկանման վրա:
Իսկ պաշտոնական Բաքուն ավելի է ուժգնացնում պատերազմը վերսկսելու հայտարարությունները՝ փորձելով ահաբեկումներով չեզոքացնել Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչմանն ու Հայոց ցեղասպանության դատապարտմանն ուղղված ծավալումները: Ադրբեջանցիները պարբերաբար սադրանքներով խախտում են ոչ միայն արցախա-ադրբեջանական սահմանային հատվածները, այլեւ հայ-ադրբեջանական պետական սահմանները: Մայիսի 19-ին Ոսկեպարի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել մեր պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռի վրա, երբ ուղղաթիռը թռչում էր ցածր բարձրությամբ: ՊՆ Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամաս էր ժամանում: Ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկային, բայց սադրանքը մտնում է առավել անպատասխանատու եւ վտանգավոր սահմանագիծ: Ինչ մնում է Արցախի հետ սահմանային հատվածներին, ապա հակառակորդն այստեղ ամեն օր է կրակ բացում:



