Daily Archives: January 9, 2016

Հունվարի 13-ը` Հայկ Ասատրյանի Անմահության օրն է…

1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»:

Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյական կանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից` մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: 
Այդպէս չէ՞ր երբեմն հայը: 
Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենք տարօնականութիւն: 
Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնի կարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբեր առաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»: 
«Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք:

Շրջապատուած ոչարիական եւ հակաքրիստոնէական թշնամիներով` հայ ազգին վիճակուեց մենակութեան ողբերգութիւնը, որից, սակայն, նա կարողացաւ դիւցազնական ստեղծել: Յաւէտ վտանգուած` այս ժողովուրդը ցուցահանեց մեծագործումի ոգի, իր ճակատագրի, նպատակի եւ պատմութեան իմաստը տեսնելով Ե. դարի հռչակաւոր պատմագիր Մովսէս Խորենացու հետեւեալ խօսքում – «Թէպէտ եւ եմք ածու փոքր եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ սակայն բազում գործք արիութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս»…
Հայկ Ասատրյան

Հայկ Ասատրյան (կենսագրական ակնարկ)

«Իբրեւ գիտության և տեսական խղճմտանքի մարդ՝ (դոկտ. Հայկ Ասատրյանը) իր խոսքը ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար ճշմարտությունը՝ իր անիրավված ժողովրդին» (Գարեգին Նժդեհ):

Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ, իր հզոր իմացականությամբ և վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը, «Նժդեհի գլխավոր՝ գուցե եւ միակ խորհրդատուն», որին Կարո Գեւորգյանը բնորոշում է՝ «գիտական մտապաշարով հարուստ եւ իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ…»:

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր), եւ քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:

Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. աշակերտական միության շարքերը: Այնուհետև, ուսումը շարունակում է Երևանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին, Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին, նրա խմբագրությամբ, Երեւանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը:


Continue reading

Տարոնականություն

«Մենք տեսանք գաղութի բարոյական զարհուրանքը, հայրենազուրկ մարդու հոգու չարչարանքով դիմեցինք մեր հայերու աստվածների խորհուրդին եւ գտանք տարոնականությունը»:

ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է եւ ո՛չ պատմական ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի՝ (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը եւ Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) եւ ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, եւ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան ու ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն: «Որոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՛ն տարբերություն կա, որքան՝ արյունի եւ արյունի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական հատկանիշները, այլեւ՝ նրանց հոգեգծությունը»,- պարզաբանում է Հայկ Ասատրյանը: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները) եւ արյան (որը պայմանավորված է ցեղի մարմնական գծերը) փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:

Որպես «Աստծո կամքի արտահայտություն», ցե՛ղն է, որ ապահովում է բնական կապը մարդու եւ աստվածայինի՝ անցավորի եւ հավիտենականության միջև: Այլ խոսքով, անհատն անցավոր է, իսկ տեսակը՝ ենթակա մշտնջենացման, եւ մարդը հաղորդակցվում է հավիտենականի հետ՝ Աստծո կամոք արարված իր տեսակը (ցեղը) հավերժացնելու ճանապարհով:

Ըստ Տարոնականության, տեսակը ո՛չ թե Աստծուց կանխորոշված է հավերժելու, այլ ենթակա է ինչպես հավիտենացման, այնպես էլ վերացման՝ կախված գոյության կռվում նրա կենսունակությունից եւ Աստծո հետ կենդանի կապից: Այստեղ տեղին է բերել Նժդեհի արտահայտած անհանգստությունը ճակատագրապաշտական ծուլության վերաբերյալ, որով համակվածները կարծում են, թե Հայ տեսակը երբեւէ վերանալ չի կարող. «Ես հարցնում եմ այնպես, ինչպես ո՛չ ոք դեռ չի հարցրել. ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ… Գիտե՞ մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալե՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի չշարժվի»:

Այսպիսով, Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուդը: Աստվածահաղորդություն – դա ըզգացումն է մեր մեջ գործող բացարձակ Ուժի՝ պատմակերտ Ոգու, առանց որի ճանաչման կարելի չէ հասկանալ պատմությունը, քանզի պատմությունը սոսկ դեպքերի արձանագրություն չէ, այլ՝ Ոգու հայտնություն:

«Ազգային ոգի – ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:

Continue reading