Daily Archives: February 12, 2016

Շաբաթվա մարզական հեւքից – մարզաշխարհի խաչմերուկներում…

Ընդդեմ՝ Զիկա վիրուսի եւ Ռիոյի օլիմպիադայի

ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն հաղորդել է, որ ամերիկացի մարզիկները հնարավոր է բաց թողնեն Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերը, եթե Զիկա վիրուսի վտանգը վերացված չլինի: Մարզական բոլոր ֆեդերացիաներն արդեն համապատասխան հանձնարարականները ստացել են: Ավելի վաղ՝ «Ռիո-2016»-ի կազմկոմիտեն նշել էր, որ հետեւում է Բրազիլիայում վիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին: Կազմկոմիտեի տնօրեն Մարիո Անդրադան հայտարարել է, որ իրենք կհետեւեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր ցուցումներին՝ կապված համաճարակի հետ:

Այդուհանդերձ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ Զիկան մոլորակի լավագույն մարզիկներին չի խանգարի մասնակցել 2016թ. Օլիմպիական խաղերին: Նրա խոսքերով՝ խնդրի լուծման համար դեռ ժամանակ կա: Հիշեցնենք, որ հիվանդության բռնկման դեպքեր են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում վիրուսը շատ ավելի արագ է տարածվում: Այս տարի հիվանդության դեպքեր են արձանագրվել 33 երկրում: Բրազիլիայում վիրուսի տարածողը «Aedes aegypti» մոծակն է: Իշխանությունները հատուկ արշավ են իրականացնում, որպեսզի համոզեն բնակչությանը՝ ամեն օր ստուգվելու ու մոծակների բեղմնավորման հնարավոր վայրերը ոչնչացնելու համար:

Կմասնակցենք 2 մարզիկով  

Նորվեգական Լիլեհամերում կայանալիք պատանեկան 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան ռեկորդային թվով երկրներ: 71 երկրներ են ցանկություն հայտնել մասնակցելու այդ ստուգատեսին, որոնցից 7-ն առաջին անգամ են հայտ ներկայացրել: Դրանք են Կիպրոսը, ՀԱՀ-ը, Արեւելյան Թիմորը, Նեպալը, Քենիան, Լիբիան եւ Ջամայկան: Ըստ նախնական տվյալների, բոլորից շատ մասնակիցներ կունենան Նորվեգիան՝ 73, Ռուսաստանը՝ 67, ԱՄՆ-ն՝ 58, Կանադան՝ 50: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ, մեր երկիրն այդ խաղերին կմասնակցի 2 մարզիկով՝ Անաստասիա Գալուստյան, Միքայել Միքայելյան:

Բասկետբոլի մարզչական սեմինար՝ Երեւանում

Հայաստանի ԱՕԿ-ը ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի մարզաձեւի մարզչական սեմինար: Այն կվարի սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրամպը:

59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Սլովենիայի տարբեր տարիքային հավաքականներում: Նրա գլխավորած հավաքականները բազմիցս հանդես են եկել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: Դասընթացին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող մոտ 30 մարզիչ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը: Այն կկայանա փետրվարի 15-20-ը:

Նաեւ շախմատի Եվրոպայի առաջնություն

2016թ. շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը կկայանա Երեւանում: Առաջնությունը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հունիսի 4-14-ը, կանցկացվի 2 տարիքային խմբերում՝ 50-64 տարեկանների եւ 65-ից բարձր: Հաղթողները կորոշվեն շվեյցարական մրցակարգով, 9 փուլում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 10 հազար եվրո: Տղամարդկանց մրցումներում կպարգեւատրվեն 1-7-րդ տեղերը, կանանց՝ 1-3-րդը:  Continue reading

Հայոց Տրնդեզ՝ տոնն է Տիեզերքի Արարչի – Փա՛ռք Քեզ Տեր Մեր Ամենաստեղծ եւ Ամենայնի…

Խորհուրդ Երդումի

Հա՜յր իմ ԱրԱրիչ,

         Մա՜յր իմ Բնություն,

                   Տու՜ն իմ Տիեզերք.

Սիրու՛մ եմ ես Ձեզ,

             Գալի՛ս եմ ես Ձեզ,

                       Կհասնե՛մ ես Ձեզ

ՀԱՄ լրատվական կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի՝ Էլար-Դարանիի տարածքում, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կկատարեն Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն:

Ծիսական կարգն ու տոնական մասը կանցկացնեն ՀԱՄ Հոգեւոր դասի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Արարողությանը կմասնակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ համակարգող Արմեն Ավետիսյանը:

Կրակի վառման ծիսակարգի հետ կհնչեն գինեձոներ ու փառաբանումներ, եւ հայ-արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շուրջպար կբռնեն օծյալ կրակի շուրջ, որը կուղեկցվի ասմունքով, երգ ու պարով:

Արիադավան հայերը կերկրպագեն Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հանուն հայի ու Հայաստանի վերածաղկման ու վերահզորացման, վասն հայրենիքի վերամիավորման ու հայության՝ դեպի աստվածատուր բնօրրանը վերադարձի

Կոգեկոչվեն նաեւ նախնյաց հոգիները…

Տրնդեզը՝ Տիառն ընդ առաջի տոնն է, որ նշում են արի հայերը՝ Գարնան՝ Բնության Վերազարթոնքի տոնից՝ Բնական Ամանորից առաջ Տիեզերքի Արարչին ընդառաջ գնալու, Ամենայն Ստեղծիին փառք տալու համար, որ հավերժական կյանք է նվիրել բոլոր արարածներին՝ թե՛ երկրային ու թե՛ երկնային հայրենիքներում ապրելու եւ արարելու համար…

Փա՜ռք Տրնդեզին, փա՜ռք Արարչին, Փա՜ռք Հայ Տեսակին՝ Երկնային եւ Երկրային…

Ձոն Արարչին

ՏԵՐ

Ամենաստեղծ եւ Ամենազոր,-

Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,

Երազների կուռք-երազ արթմնի…

Նու՛րբ եթերական, բայցեւ իրակա՜ն,

Ահե՜ղ, զորավո՜ր Հա՜յր մեր փառավո՛ր,

Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,

Ների՜ր մեզ Դու Տեր, Արարի՜չ Բարի,

Իմաստ տու՜ր նորից ու Քե՜զ ուղղորդի,-

– Կանչը մեր հոգու,

– Զարկերը՝ սրտի,

– Միտքը՝ ուղեղի,

– Փա՛ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…

Տե՜ր Ամենայնի:

«Լուսանցք» շաբաթաթերթ