Խոսելով ջավախահայության խնդիրների մասին՝ նշել է. «Վրացական իշխանություններն ամեն ինչ անում են ջավախահայության վիճակը բարելավելու համար: Մասնավորապես, եթե Ախալքալաքի բյուջեն 5 տարի առաջ կազմում էր մոտ 700 000 լարի, այժմ 8 մլն է: Գործում է 64 հայկական դպրոց, որոնք ֆինանսավորվում են Վրաստանի բյուջեից: Խնդիրը վարչական ապարատի մեջ է: Ջավախահայերը ավելի շատ ինքնավարություն են ուզում, եւ Վրաստանը կամաց-կամաց գնում է դրան»:
Ինչու՞ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին չեն թողել մտնել Վրաստան: Հարցին Վրաստանի նախագահի խորհրդականը պատասխանել է. «Ռուսական ռիտորիկայի համար»:
Ու անմիջապես խորհուրդ է տվել համեմատել Վրաստանի դեմ հանդես եկող ռուս պատգամավորների եւ Շիրակ Թորոսյանի ելույթները:
Բայց Վան Բայբուրթի երգում մի տող կար, որ մեզ էլ տարակուսանքի մեջ գցեց. եթե Շիրակ Թորոսյանն այդքան հայրենասեր է, ապա ինչու՞ է հաստատվել Երեւանում ու չի վերադառնում Ջավախք, ինչպես արել են հազարավոր ջավախահայեր՝ Հայաստանում ուսումը վերջացնելուց հետո:
Միխայիլ Սահակաշվիլու անձնական երգիչը – 2
«Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնի կազմակերպած Երեւան-Թբիլիսի հեռուստակամուրջին մասնակցում էին հայկական կողմից՝ հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը եւ լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, վրացական կողմից՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրթը եւ Գեորգի Խուդիշվելին:
Սահակաշվիլու այցը Հայաստան կնպաստի խաղաղության ամրապնդմանը տարածաշրջանում. ավետեց Վան Բայբուրթը:
Խոսելով Վերին Լարսի բացման մասին՝ հայտնեց. «Տեսնելով, թե ինչ են անում ռուսները այնտեղ, կարելի է երես թեքել նրանցից: Պետք է նախ հարց տալ, թե ինչու փակվեց Վերին Լարսը: Ես եղել եմ այնտեղ եւ տեսել եմ, որ կարելի է այնտեղ մեծ շինարարություն իրականացնել, իսկ ռուսները 3 տարում 3 հատ շենք չեն կարողանում վերանորոգել… Ռուսները, փակ պահելով Վերին Լարսը եւ պատժելով Վրաստանին, պատժում են նաեւ Հայաստանին: Հասկանում ենք, որ դժվար է օբյեկտիվ լինել, բարեկամին միշտ էլ ցանկանում ես ներել, բայց չի կարելի աչք փակել այդ ամենի վրա եւ այդքան ներողանիտ լինել: Ամեն դեպքում թող ոչ ոք չփորձի թշնամանք հարուցել հայերի եւ վրացիների միջեւ, միեւնույն է, չի ստացվելու»:
Գեորգի Խուդեշվիլին լրացրեց Բայբուրթին. «Վերին Լարսի բացումը հավասարապես ձեռնտու է եւ Հայաստանին, եւ Վրաստանին: Ընդհանրապես լավ է, որ բոլոր սահմանները բաց լինեն, դա կնպաստի տնտեսությունների զարգացմանը, սակայն ռուս-վրացական հարաբերությունները դարձել են ինչպես հայ-թուրքականը»:
Այսպիսով, երկու վրացահպատակներն էլ խորհուրդ են տալիս օբյեկտիվ լինել եւ աչք չփակել Ռուսաստանի արարքների նկատմամբ: Գոնե «Լուսանցք»-ը երբեւէ աչք չի փակել: Բայց եւ աչք չենք կարող փակել նաեւ Վրաստանի արարքների հանդեպ. նա միշտ փակել է սահմանները ու սեղմել Հայաստանի վզին փաթաթված պարանը: Եթե չի էլ փակել, ապա թանկացրել է տարանցման սակագները: Վրաստանը միշտ է ապրել Հայաստանի հաշվին: Եվ հայ-վրացական հարաբերությւնները երբեմն հայ-թուրքականի են նմանվել՝ բայց ստվերային ձեւով: Այնպես որ, հաստատ աչք չենք փակի…
Անի Մարության
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



