«1492 թվական: Հաղթահարելով հազարավոր մղոն ջրային տարածություններ, Կոլումբոսը շրջանցելով Երկրագունդը (ընդգծումը՝ Ա.Հ.-ի) փորձում էր հասնել Հնդկաստան, սակայն, բացահայտեց նոր մայրցամաք: Այդժամ նա չէր գիտակցում իր բացահայտմնան բացառիկությունը: Փորձեք անել ձեր փոքրիկ բացահայտումը: Մենք հաղորդակից կլինենք»:
Սույն գովազդային տեսահոլովակը մենք դիտում ենք ամեն օր, տարբեր հեռուստաալիքներով եւ ոչ մեկի մտքով չի անցնում ուղղել տալ Երկրագունդը շրջանցելու «հանճարեղ» մղումը, հատկապես, երբ Կոլումբոսը երբեք չի շրջանցել այն… Նույնիսկ տիեզերանավի մասին պատկերացում չի ունեցել:
Ինչեւէ: Գովազդի վերջում ասվում է՝ «Փորձեք անել ձեր փոքրիկ բացահայտումը: Մենք հաղորդակից կլինենք»:
Անենք մի փոքրիկ բացահայտում:
Պարզվում է՝ Կոլումբոսը եղել է Երկրագնդի թիվ 1 տիեզերագնացը:
Նա 1492 թվականին հաղթահարելով հազարավոր մղոն ջրային տարածություններ… հայտնվել է բաց տիեզերքում (երեւի մի նոր ջրհեղեղ է եղել ու նավը վեր է բարձրացրել), եւ շրջանցելով Երկրագունդը, հանրահայտ ծովագնացը հանգրվանել է Մարս մոլորակում… «Այդ ժամ նա չէր գիտակցում իր բացահայտման բացառիկությունը», այն, որ Հնդկաստանը գտնվում է Մարսում եւ այդ մասին գիտի միայն ինքը:
Եթե կգտնվեն պնդողներ, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան (այն էլ Երկիր մոլորակում), այն շփոթելով Հնդկաստանի հետ, ապա պիտի հիմնավորեն Երկրագունդը շրջանցելու «հանճարեղ» միտքը, որը վերոնշյալ գովազդային տեսահոլովակի մեխն է……
Կարծում ենք՝ մեր «փոքրիկ բացահայտմանը» իսկապես եւ առանց հումորի «հաղորդակից կլինեն» գովազդային տեսահոլովակի հեղինակները եւ «շրջանցելով Երկրագունդը» կփոխարինեն՝ շրջելով Երկրագունդը արտահայտությամբ:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



