Ռուսական մամուլը անմիջապես արձագանքեց, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հաջողվել է համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հրաժարվել արեւմտյան բազմամիլիոնանոց ներդրումային խոստումներից:
Իսկ ինչպե՞ս արձագանքեց ադրբեջանական մամուլը:
Այստեղ հանդես եկան քաղաքագետներ, վերլուծաբաններ, փորձագետներ: Մի խոսքով, ամբողջ քարոզչամեքենան ամբողջ գազային գործընթացը կապեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Այսինքն՝ Ռուսաստանը կօժանդակի Ադրբեջանին Արցախի հակամարտության կարգավորման հարցում, ինչը ենթադրում է ճնշումներ Հայաստանի վրա:
Այլ կերպ՝ գազ՝ Արցախի դիմաց:
Բաքուն այս ոճով շարունակեց քարոզչությունը անգամ այն բանից հետո,
երբ Դմիտրի Մեդվեդեւը Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամլո ասուլիսում նշեց, որ իր կարծիքով, ամենակարեւորն անգամ այն չէ, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները գոյություն ունեն, դրանք ոչ ոք չի հերքում, այլ այն, որ կողմերը պատրաստ են բոլոր հարցերը քննարկել հենց այդ ոգով եւ հակամարտությունը կարգավորել այդ հիմնարար սկզբունքների հիման վրա…
Այնուամենայնիվ, հայկական կողմին չի խանգարի զգույշ լինելը, մանավանդ, որ տնտեսական այդ կարգի հարցերը միշտ քաղաքական ենթատեքստ են ունենում: Իսկ եթե հանկարծ Ռուսաստանի շահերից ինչ-որ բան բխի ու հարկ լինի ընդդեմ Արցախի գործել, չեմ կարծում, թե ՌԴ-ն սեփական երկրի շահերն անտեսած՝ ընդառաջ կգնա Հայաստանին:
Մեզ մնում է հիշեցնել, որ Ռուսաստանն Ադրբեջանից ռեկորդային գնով գազ կգնի՝ հազար խորանարդ մետրի դիմաց վճարելով 350 դոլար:
Մինչ այս, «Գազպրոմ»-ը համադրելի գներ առաջարկել էր Ուզբեկստանին ու Թուրքմենիային:
Ադրբեջանական գազը կսպառվի ներքին շուկայում՝ Ռուսաստանի հարավային շրջաններում, ինչը հնարավորություն կտա արտահանման նպատակով հավելել ռուսական գազի ծավալները: «Վրեմյա նովոստեյ» թերթը հաշվարկ է ներկայացրել, համապատասխան որի, եթե մինչեւ սեպտեմբերի վերջ նավթի գինը նկատելիորեն չտատանվի, ապա 2010թ. 1-ին կիսամյակում «Գազպրոմը» հազար խորանարդ մետրի դիմաց 220-230 դոլարից շատ չի վճարի՝ Բաքվից գազ գնելու համար, հակառակ դեպքում կտուժի գործարքից:
Ավելացնենք, որ Ադրբեջանում գազի պաշարները կազմում են շուրջ 1.5 տրիլիոն խորանարդ մետր: 2007թ. երկիրն արդյունահանում էր տարեկան 28 միլիարդ խմ գազ, մինչդեռ «Գազպրոմ»-ն այժմ ամեն օր արդյունահանում է ավելի քան 900 միլիոն խմ գազ: Ենթադրվում էր, որ ադրբեջանական գազը թույլ կտա «լցնել» Նաբուկո-ն, այն գազամուղը, որի շինարարությունը դեռ չի էլ սկսվել:
Նաբուկո գազատարը ենթադրում է (կամ արդեն՝ էր) գազատարի շինարարություն՝ կասպյան շրջանից Թուրքիայով Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը:
Բայց եւ այնպես, «Գազպրոմ»-ը «Նաբուկո»-ին այլընտրանքային նախագիծ ունի՝ «Հարավային հոսք»-ը: Եվ Ռուսաստանը միշտ պահում է այս «մրցակցին», չնայած «Նաբուկո» նախագիծը իրագործման հիմնական դժվարություններ ունի. դեռեւս չեն գտնվել այն պետությունները, որոնք կապահովեն գազատարի «բեռնումը»:
Վահագն Նանյան
Արտակ Հայոցյան
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



