Թե ինչ է պատահում այն բանից հետո, երբ ԱԺ-ում կնանիք են հավաքվում

Հատկանշական է, որ այս բոլոր առաջարկությունների տակ իսկապես դրված է ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլթաքին Հաջիբայլիի ստորագրությունը: Նկատենք, որ այդ փաստաթղթերում այնպիսի թուրք պատվիրակների անուններ են, ովքեր հիմնականում հայտնի են իրենց հակահայկական դիրքորոշմամբ: Ներկայացրած փոփոխություններով Փոստանջյանն առաջարկում է նախագծի այն դրույթից հետո, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ոչ բոլորն են ազատ արձակվել համաներման հետեւանքով, ավելացնել, թե Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ օգտագործել առկա բոլոր իրավական գործիքները մնացած մարդկանց եւս ազատ արձակելու համար: Ի դեպ, երբ դաշնակցական Արմեն Ռուստամյանը անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակներին ստորագրել տալու փաստին, ասաց. «Չեմ ընդունում, թե թերթերում ինչ կերպ են արձագանքում: Մեզ չի սազում, բայց մյուս կողմից էլ ճիշտ կլիներ, որ նա խոստովաներ, որ դա իր անփորձությունից էր»:

Նա հատկապես զարմացած է Փոստանջյանի վերջին հայտարարություններից, թե նա ոչ միայն չի զղջում, այլեւ հպարտանում է եւ սպառնում է էլի կրկնել:

Լրագրողներից մեկը հարցրել էր, թե եթե Արմեն Ռուստամյանն էլ է համարում, որ համաներումը պետք է բոլորի վրա տարածվեր, ապա ինչու ինքը չէր ստորագրել դրա տակ, ու բանը հասել էր ադրբեջանցիներին, Արմեն Ռուստամյանը պատասխանել էր. «Նա ինձ էլ էր դիմել: Չեմ ստորագրել, գոնե այն պատճառով, որ ես ինձ չեմ պատկերացնում մի թիմում, որի մեջ տիկին Հաջիբեյլին է: Ով ով, ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ամենակատաղի մարտնչողն է եղել Հայաստանի դեմ: Ես կարող էի ակամայից, տիկին Զարուհու թեթեւ ձեռքով, հայտնվել ինձ համար անընդունելի մի թիմի մեջ: Պատկերացնո՞ւմ եք, ես ստորագրեի, հետո տաներ տար տիկին Հաջիբեյլիին»: Սա երեւի այն եզակի դեպքերից է, երբ կարող ենք համաձայնել դաշնակցականների հետ, այսինքն՝ թշնամու հետ չի կարելի լինել մի թիմում:

Զարուհի Փոստանջյանը Երեւան վերադառնալուն պես ասուլիս հրավիրեց: «Այո, ես թույլ եմ տվել, որ նրանք ստորագրեն իմ առաջարկության տակ: Այո, ես թույլ եմ տվել, որպեսզի ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցների ազատ արձակելու առաջարկի տակ»: Հստակեցնենք, սակայն, որ նա թույլ չի տվել, լրատվության մեր աղբյուրի համաձայն, նա խնդրել է… Սրանք տարբեր բաներ են: Բոլորովին տարբեր: Սա՝ մեկ եւ երկրորդ՝ Փոստանջյանի հեղինակած առաջարկությունում հիշատակում չկա Արցախյան պատերազմի ու դրա մասնակիցների մասին, այլ ընդամենը պահանջվել է ազատ արձակել մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով ձերբակալված բոլոր անձանց, ովքեր համաներման կիրառման արդյունքում ազատ չեն արձակվել: Եվ երրորդ՝ մենք երբեւէ թուրքին հիմարացնել չենք կարողացել, եւ ինչ-ինչ, թուրքը միշտ նայում է, թե ինչի տակ է ստորագրում: Ստացվում է՝ Արցախյան պատերազմի թեմայի արծարծումը Փոստանջյանի կողմից, մեղմ ասած, էժանագին շահարկում է: Իսկ Զարուհի Փոստանջյանը այդ թեման իբրեւ փրկության օղակ ընտրեց: Լավ կլիներ, որ այս տիկինը ներողություն խնդրեր եւ գոնե ասեր, որ այդ քայլն արել է, որովհետեւ անփորձ է եղել կամ՝ մեկ այլ պատճառաբանություն բերեր: Բայց նա մի բան էլ մատ է թափ տալիս: Իսկ մատ են թափ տալիս, որովհետեւ (հիմա գանք մեր գնահատականին) մեր երկրում մեկի քայլը որակում են ազգային դավաճանություն ու հետո նրան բարձր պաշտոն տալիս, ինչպես եղավ Արթուր Բաղդասարյանի պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանը նրան որակեց իբրեւ դավաճան, ու… իսկ հիմա որտե՞ղ

է Արթուր Բաղդասարյանը: Անվտանգության խորհրդում: Չգիտեմ, երեւի այսպես է ընդունված քրիստոնեական երկրներում… Իսկ Զարուհի Փոստանջյանին խորհուրդ կտանք մատը անհարկի չգործադրել, որովհետեւ դրա համապատասխան տեղը ցույց տվողներ միշտ կգտնվեն: Իսկ Փոստանջյանի արածը ընդամենը հետեւանք է այն բանի, որ ԱԺ ենք մտցնում արկածախնդիր կնանիքի, որոնց գերխնդիրը երեւալն է ու կարեւոր չէ՝ ինչի համար: Այնուամենայնիվ, ու՞մ գործիքը դարձավ Զարուհի Փոստանջյանը…
Հ.Գ. – Հունիսի 1-ին հայտարարություն տարածեցին Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից քաղբանտարկյալ ազատամարտիկները: Հայտարարության տակ ստորագրել են Սասուն Միքայելյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մկրտիչ Սափեյանը, Ժորա Սափեյանը, Հարություն Ուռուտյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սմբատ Այվազյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Վարդան Մալխասյանը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձեւը:

Մինչ այդ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ բանաձեւի մեջ: Շտկումների նպատակն է եղել վերջնակակապես կոծկել 2008թ. մարտի մեկին իշխանությունների, նրա նախկին եւ ներկա ղեկավարներ, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի և ներկայումս այդ պաշտոնը բռնազավթած Սերժիկ Սարգսյանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը: Դավիթ Հարությունյանի եւ նրա համախոհների այդ քայլերը վիժեցրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հանդես է եկել սեփական առաջարկներով, որոնք վերաբերվել են Մարտի 1-ի եւ դրա հետեւանքով կալանավորված անձանց ազատ արձակմանը, Փաստահավաք խմբի աշխատանքների վերսկսմանը եւ մեղավորների բացահայտմանը… Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մասնակցում է Ազատագրական պատերազմի: Ազգովին հաղթեցինք արտաքին թշնամուն, հաղթելու ենք նաեւ ներքինին»:

Մեր կողմից անկեղծորեն մի հարց հավելենք՝ այդ ինչպե՞ս է, որ Զարուհի Փոստանջյանի գործունեությունը հավանում են եւ ադրբեջանցիներն ու թուրքերը եւ մեր ազատամարտիկները, մեր ազատամարտիկներն է՞լ են ակամա միանում այն փաստաթղթին, որի տակ ստորագրել են թուրքն ու ադրբեջանցին, եւ արդյո՞ք ներքին թշնամու դեմ ներսում չեն պայքարում, թե՞ մեր ազատամարտիկների հույսը արտերկրի մեր (նաեւ՝ իրենց իսկ) թշնամիներն են…

Հայկ Թորգոմյան

Նարե Մշեցյան

 

«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.