Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:
Խմբագրությունը շարունակում է նամակներ ստանալ արտերկրից: Ներկայացնում ենք Լոս Անջելեսից մեզ գրված մի նամակից հատված (ստորագրված է Գ. Տ.-Ս.): «Ես հին երեւանցի եմ, ԱՄՆ եմ տեղափոխվել 1966թ.: Եվ այս ամբողջ տարիների ընթացքում կարոտից մեռել, բայց հայրենիք վերադառնալ չեմ ցանկացել: Իմ տարիքում ամեն ինչ զրոյից սկսելը դյուրին գործ չէ, բացի այդ՝ Հայաստանը դեռ չի ձերբազատվել սովետական մնացուկներից: Իսկ չեմ ցանկացել, որովհետեւ չեմ հավատացել որեւէ մեկի, ում ուսին կարող եմ ապավինել մինչեւ ոտքի կանգնելս, որպեսզի կարողանամ հանուն հայրենիքի գործել: Ասեմ, որ «որեւէ մեկի» ասելով նկատի ունեմ Հայ մարդու: Երբ Արմեն Ավետիսյանը եկավ ԱՄՆ, ես ներկա էի նրա դասախոսություններին: Հիանալի ճարտասան է, բայց ոչ այն իմաստով, որ լավ է տիրապետում հռետորական արվեստին, այլ այն պարզ պատճառով, որ հստակ գիտի, թե ինչ է ուզում եւ ուր է գնում: Մեծ եղավ զարմանքս, երբ դասախոսությունից հետո նա դրամահավաք չկազմակերպեց (այստեղ Երեւանից միշտ են դրամահավաքի գալիս տարատեսակ մասնագետներ): Ես Արմեն Ավետիսյանի հետեւից քաղաքից քաղաք ու դահլիճից դահլիճ էին գնում: Առաջին անգամ Երեւանից ժամանածից հիասթափություն չապրեցի: Հարգելի պարոն Ավետիսյան, Ձեզ քաջառողջություն եմ մաղթում: Միայն: Մնացյալը Դուք ինքներդ կանեք: Ու ժամանակին կանեք: Միշտ ունեցեք այն ուժը, որ դահլիճից փոխանցեցիք հարյուրավոր հայերի: Միշտ ունեցեք այն ուժը, որ չենք ունեցել մենք, չենք ունեցել ու վախեցել ենք, վախեցել ու փախել ենք: Չեք պատկերացնում՝ ինչ դժվար է այդպես ապրելը: Ու փառք Ձեր Աստվածներին (ներեցեք՝ ես հավատավոր քրիստոնյա եմ), որ չեք պատկերացնում…»:
Նամակներից ծաղկաքաղը՝
Անի Մարությանի
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



