Դարերի ընթացքում սերնդե սերունդ մեզ են հասել բազմաթիվ օրենքների ժողովածուներ, դատաստանագրքեր, մատենագրական եւ վիմագրական վկայություններ, հնագիտական եւ ազգագրական նյութեր, ինչպես նաեւ «իրավաբանական պատումներ»՝ բանահյուսության՝ առասպելների (արժեքավոր է հատկապես «Սասնա Ծռերը»), հեքիաթների, հայրենների, ժողովրդական խաղիկների, առած-ասացվածքների, առակների, աշուղա-գուսանական երգերի միջոցով, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են, կազմվել (հաճախ անթույլատրելիորեն հիմնվելով նաեւ այլ աղբյուրների կամ հարմարեցվել են տիրող բռնակալներին ու զավթիչներին) եւ շարունակաբար լրացվել ու ձեւավորել են Հայ դատաիրավական միտքը:
Հայ իրավունքի որոշ մեկնաբաններ նշում են, որ Հայկական իրավունքն անցել է երկու հիմնական փուլ՝ Հայրիշխանության եւ Մայրիշխանության: Սակայն դա այդպես չէ: Հայերի ծագումն ու զարգացումը, նույնիսկ երկրի անվանումը (Հարք, Հայրերի Երկիր) հերքում են դա՝ չբացառելով իհարկե, մասնակի դրսեւորումները, որոնք ձեռքբերովի են ու բնականորեն մերժելի: Բոլոր դեպքերում էլ հստակ եւ անառարկելիորեն իրականացվել են ինչպես իրավունքները, այնպես էլ պարտականությունները, եւ կատարվել է հսկայական անցում՝ ընդհուպ անեծքից (որում ընդգրկված էին նաեւ քրեա-իրավական հասկացություններ), մինչեւ կանոնակարգված օրենքների ու իրավաբանական սահմանումների կիրառումը…
Բոլոր ժամանակներում առանձնապես կարեւորվել է ընտանեկան, ամուսնա-ընտանեկան իրավունքը, որի սահմանած ձեւը միակնությունն է եղել (իհարկե, այստեղ էլ մասնակիորեն կիրառվել է նաեւ բազմակնությունը, որը Հայրենիքից դուրս գտնվելու ու նաեւ՝ օտար ազդեցության հետեւանք է): Այդ իրավունքի կիրառումը սերնդատվության շարունակելիության նախապայմանն է եղել: Ամուսնա-ընտանեկան իրավունքը սահմանել է ընտանիք, ընտանիքի կազմ, ընտանիքի գործելակարգ հասկացությունները, մեկնաբանել եւ կարգավորել է ամուսինների անձնական եւ գույքային, ինչպես նաեւ՝ ծնողների եւ զավակների փոխհարաբերությունները, ամուսնության դադարեցումը, նշանադրության եւ պսակադրության (աղջկատես, աղջիկ ուզել՝ խնամախոսություն եւ այլն) կարգը, ամուսնական չափահասության, արյունակցական եւ խնամիական չհասության սահմանումները: Ընտանիքի ստեղծումը եւ պահպանումը պետական եւ ազգային ամենօրյա խնդիր է, եւ օրենքները պետք է մշտապես աջակցեն (ինչպես իրավական, այնպես էլ սոցիալական առումով) եւ օժանդակեն ընտանիքի ամուր, համերաշխ եւ բազմանդամ լինելուն (նահապետական ընտանիքների՝ գերդաստանների վերականգնում): Հատուկ ուշադրության է արժանի նաեւ կնոջ իրավունքը, այն պետք է հոգատարություն ցուցաբերի եւ պաշտպանի Հայ կնոջը, մորը: Սա մշտապես ամրագրված է եղել ՀայԱրիական ներցեղային օրենքներում, իսկ հետագայում կնոջ ստրկական վիճակը (ինչպես նաեւ կռապաշտության եւ այլ մոլությունների առաջացումը) այդ օրենքներից հիմնավորապես շեղվելու հետեւանք էր: Ընտանիքի մեծ մոր ունեցած իրավունքները «զիջել են» միայն մեծ հոր ունեցած իրավունքներին եւ հստակորեն բաժանված են եղել հայրական ու մայրական «իրավական տիրույթները», որոնք հնարավորություն են ընձեռել ընտանիքի ներդաշնակ եւ օրինաչափ զարգացման համար: Հայ իրավունքի շատ ուսումնասիրողներ, այդ թվում՝ նաեւ օտարերկրյա, զարմացել են Հայ կնոջ ունեցած ազատություններից եւ իրավունքներից, որոնք անառարկելիորեն տարբերվում են, այսպես կոչված, «ասիական» (նաեւ վերջերս ընդունված՝ արեւմտյան) իրավական սահմանումներից…
Վերջին հարյուրամյակներում, հատկապես երբ չունեինք պետականություն, ինչպես նաեւ՝ պետականություն ունեցած ժամանակ, Հայկական իրավունքը ներխուժման է ենթարկվել (Մովսիսական օրենքներ, ասուրա-հռոմեական, հունա-բյուզանդական իրավունքներ եւ այլ քաղվածական ձեռնարկներ, օրենսդրական մատյաններ…), ինչը խորապես ազդել եւ ձեւափոխել է մեր ավանդական, ազգային-հոգեւոր կերտվածքին բնորոշ «դատաիրավական դաշտը»: Այնուամենայնիվ, ստեղծված օրենսգրքերը («Կանոնագիրք Հայոց» եւ մի քանի դատաստանագրքեր) ներառել են որոշակի ավանդական իրավաբանական սահմանումներ, որոնք կիրառվել են նաեւ սփյուռքի բազմաթիվ համայնքների կողմից եւ նպաստել համայնքներում սեփական ազգային օրենսգրքերի (Հնդկաստանի, Լվովի, Աստրախանի…) ստեղծմանը: Իրավունքի պատմության հայ եւ օտարերկրացի բազմաթիվ մասնագետներ լրջորեն ուսումնասիրել են մեր հին (նաեւ՝ գաղթօջախների) օրենքներ
ը եւ հավաստել դրանց ինքնատիպությունը (օտարերկրյա ուսումնասիրություններից՝ «Հայ իրավունքի պատմության ուրվագծերը», «Հայերի իրավունքը», «Հայ իրավունքի օրենքները», «Հայկական օրենքները»… աշխատությունները) եւ արժեքավոր լինելը:
Սակայն, վերջին դարերի օրենսգրքերը ակնհայտորեն կրել են եկեղեցու ազդեցությունը՝ փորձելով ծառայել կղերականությանը, հոգեւորական դասի շահերի ամրապնդմանը: Ազգային եկեղեցական, արտաքին տեղական եւ տիեզերական հոգեւոր ժողովներն իրենց հերթին սահմանում էին կանոններ, ստեղծում սահմանումների կարգեր՝ ունեցած իրավասություններն ու քաղաքական ազդեցության կռվաններն ամրացնելու, տիրող կարգի շահերն ապահովելու նպատակով, եւ շատ բաներ ուղղակի փոխառվում էին հեթանոսությունից (թեեւ անողոքաբար ավերվեցին նախաքրիստոնեական կառույցներ եւ ոչնչացվեցին ահռելի պատմական ու գիտական արժեքներ): Այնուամենայնիվ, չունենալով պետականություն, Հայ ազգը Հայրենիքում եւ նրանից դուրս գործածելով այդ ոչ ամբողջական դատաստանագրքերը, այնտեղ սահմանված իրավաբանական հասկացությունները, (պետական եւ վարչական, քաղաքացիական, ամուսնա-ընտանեական, հողի, ջրային, սեփականատիրական, պարտավորական (առքուվաճառք, փոխառություն-փոխատվություն, վարձակալություն, պահատվություն եւ այլն), ժառանգական, քրեական (հանցագործության տեսակներ, պատժի տեսակներ եւ այլն), դատական եւ դատավարական, զինվորական (սպարապետություն, թագակապ ասպետություն, մարդպետություն եւ այլն)… իրավունքները), պահպանեց եւ զարգացրեց Հայ իրավաքաղաքական միտքը (հասարակական-քաղաքական հայացքները), ազգային ավանդույթներն ու սովորույթները՝ հաճախ օրենքներին զուգակցելով նաեւ Գենի անջնջելի հիշողությունը…
Վերջին տասնամյակներում ընդհանրապես զրկված լինելով Ազգային ամբողջական օրենսգրքից՝ ՀՀ-ում, փաստորեն, նոր «դատաիրավական դաշտի» ձեւավորում է ընթանում, եւ անհրաժեշտ է, որ այն միանգամից հիմնվի բացարձակապես ազգային ավանդույթներին ու սովորույթներին, բարոյահոգեբանական եւ ազգային-հոգեւոր կերտվածքին, ավանդական օրենսգրքերին եւ գենետիկ հիշողությանը, որը նաեւ կարտացոլվի քրեական, վարչական, քաղաքացիական… օրենքներում եւ Հայոց Սահմանադրությունում:
Հայկական իրավունքը պետք է վերադառնա իր՝ ուժ եւ արդարություն տվող Ակունքներին եւ նպաստի Հայ ազգի ու Հայաստանի իրավական պաշտպանվածության ամրապնդմանը, հետագա հզորացմանը…
Շարունակելի
Պատրաստեց Արամ Ավետյանը
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



