ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահեց իր խոսք-խոստումը եւ երիտասարդ թոշակառու չդարձավ. նա այժմ պաշտոն ունի, այն էլ ի՜նչ պաշտոն. դարձել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում գործող «Սիստեմա» ֆինանսական խոշոր ընկերության տնօրենների խորհրդի տնօրեններից մեկը: «Սիստեմա»-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել հունիսի 27-ին, որտեղ էլ կայացել է ընկերության նոր տնօրենների խորհրդի ընտրությունը. այստեղ 10 տնօրեններին ավելացել են եւս 3-ը: Ռոբերտ Քոչարյանից բացի, տնօրենների խորհրդում ընտրվել են Shyam Telelink-ի հիմնադիր եւ ղեկավար Ռաջիվ Մեհրոտրան ու «Սիստեմա»-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը:
Մի փոքր՝ «Սիստեմա»-ի մասին. ֆինանսական այս ընկերության հիմնական ակտիվներն են՝ ՄՏՍ-ի 52,8 տոկոսը, «Սքայ-Լինկ»-ի 50 տոկոսից ավելին, «Կոմստար»-ի 53 տոկոսը, «ՄԳՏՍ»-ի 33 տոկոսը, «Ինվեստ կապ»-ի 25-ի տոկոսից ավելին, «Սիտրոնիկս»-ի 71 տոկոսը, «Ինտուրիստ»-ի 66 տոկոսը, Հայաստանում՝ WiMax-օպերատորը, «Cornet AM»-ը, բջջային օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ը (ապրանքանիշը՝ Vivacell-MTS), «Մարս» գործարանը, երեք գիտահետազոտական ինստիտուտներ եւ այլն:
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ, երբ այս պաշտոնում նոր էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ա1+»-ին ասել էր, թե «Սիստեմա»-ն պետք է հստակ հայտարարություն անի. արդյոք Քոչարյանն ունի՞ ակտիվներ «Սիստեմա»-ում, թե՞ ոչ: Քոչարյանը նույնպես պետք է անի հայտարարություն: Եթե Քոչարյանը դրա բաժնետեր է, ապա նա 1 տարի առաջ է նախագահի նստավայրից դուրս եկել. նախագահի աշխատավարձով ո՞նց էր բաժնետեր դառնում: Դա նշանակում է, որ «Վիվասել»-ի վաճառքը «ՄՏՍ»-ին, կամ «Արմենտել»-ի վաճառքը «Բի լայն»-ին եւ «Արմենտել»-ի վաճառքը ՕՏԵ-ին արվել է ոչ մաքուր, ոչ թափանցիկ ձեւերով, – նկատել էր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերի վերլուծությունը թողնենք մեկ այլ ժամանակի՝ նախկին վարչապետին ընդամենը մեկ բան հիշեցնելով: Բազմիցս եմ Հրանտ Բագրատյանին դիմել հետեւյալ հարցով՝ ինչքա՞ն է վարձատրվել ֆրանսիացիների կողմից վերջիններիս Երեւանի կոնյակի գործարանի վաճառքի հիմքերը գցելու համար: Այլ կերպ՝ ինչքա՞ն միջնորդավճար է ստացել այդ գործարքի համար: Պատասխան ոչ մի անգամ չի եղել՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի: Միջնորդավճարի չափն էլ թողնենք մեկ ուրիշ անգամվան: Առայժմ միայն ասենք, որ երբ արդեն վարչապետ չէր եւ գործարանում առեւտրային տնօրենի պես մի բան էր աշխատում, աշխատավարձի չափը սկզբնական շրջանում 13 հազար դոլար էր: Հայտարարություն անողի՜ս տեսեք…
Դառնանք Քոչարյանին: Նա այլեւս տնօրեններից մեկն է հսկայական ֆինանսատնտեսական մի հաստատության, որը հետխորհրդային տարածքում ավելի քան 100 մլն սպառողների է սպասարկում, այն էլ՝ տարբեր ոլորտներում՝ կապի, վառելիքաէներգետիկ համակարգի, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի, առեւտրի, զբոսաշրջության եւ այլն:
Այս ամենը նշանակում է հետեւյալը. հաշվի առնելով այն, որ Հայաստանում նշված ոլորտներից առյուծի բաժինը ռուսական թաթի տակ է (միայն վառելիքաէներգետիկ համալիրը բավարար է, որովհետեւ սա տնտեսության սիրտն է), կարող ենք ասել, որ այսուհետ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա քաղաքական հարցեր լուծել: Բացահայտ կամ ստվերային ձեւերով՝ այլ հարց է: Այլ հարց է նաեւ այն, թե դրանց համաձայն կլինի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Մեկ այլ խնդիր է Քոչարյանի լուծելիք քաղաքական հարցերի արդյունավետության գործոնը. ավելի շատ անձնական նկատառումներո՞վ, թե՞ հօգուտ երկրի:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



