Մենք ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Արորդիների Ուխտ»-ի (նշված է որպես հեթանոսական կազմակերպություն) հետեւորդներ ենք, մեր բոլոր ծեսերն ու տոները նշում ենք Գառնի հեթանոսական տաճարում կամ այլ հնավայրերում (Կարմիր բլուր, Էրեբունի, Զվարթնոց, Մեծամոր, Քարահունջ եւ այլն): Ուստի, մեր երեխաները կնքված լինելով Գառնո արիական-հեթանոսական տաճարում որպես արորդիներ, լուրջ հակասության մեջ են հայտնվում, երբ դպրոցում նրանց պարտադրվում է «Հայ եկեղեցու պատմություն» կոչված առարկան, որի ժամանակ առավելապես հուդա-քրիստոնեական կրոնի պատմություն եւ օտար մի ազգի գերակայության սին տեսությունն է դասավանդվում, քան՝ եկեղեցու պատմություն: Նույնիսկ քրիստոնեական աղիողորմ աղոթքներ են պարտադրում սովորել հայ-արիացի հպարտ ու զինապարտ երեխաներին: Եթե դասավանդվեր բոլոր կրոնների ընդհանուր պատմություն, ապա գոնե հասկանալի կլիներ, որ ճանաչողական խնդիր է լուծվում, եւ մեր երեխաները ծանոթանում են համաշխարհային հոգեւոր ոլորտին:
Բայց այդպես չէ: Ուստի` եթե սա դիտարկվում է հայ եկեղեցու պատմություն, ապա ինչու՞ է այն առանձնացվել հայոց պատմությունից… գուցե սա իրո՞ք օտար պատմություն է եւ առանձնացվել է միտումնավոր: Եթե՝ ոչ, ապա մենք պահանջում ենք, որ զուգահեռ դասավանդվի նաեւ «Հայ տաճարի պատմություն», կամ էլ՝ մեր երեխաներին պիտի դասավանդվի «Արորդիների Ուխտ»-ի «Ուխտագիրք»-ը, որն արորդիների Աստվածաշունչն է եւ դա ամրագրված է «Արորդիների Ուխտ»-ի պետականորեն գրանցված կանոնադրության մեջ:
Մենք մի շարք դեպքերում արգելել ենք մեր երեխաներին սովորել հուդա-քրիստոնեական հերթական «խաչակրաց» գրավոր-հոգեւոր պարտադրանքը: Սակայն, եթե հարցը վերջնական լուծում չստանա, ապա ստիպված ենք լինելու որպես բողոքի նշան հրապարակայնորեն այրել այդ դասագրքերը եւ զանգվածաբար հրաժարվել դպրոցում այդ առարկան սովորել:
Հեթանոսական հավատքի հետեւորդներ
08.07.2009թ.
«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.



