Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ: Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:
Գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառ

Մեր բազմափորձ եւ իմաստուն նախնիները, ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու իրականությունը, կատարելապես տիրապետելով տարածության եւ ժամանակի մեջ մտովի տեղաշարժվելու սկզբունքներին, ծանոթ են եղել բոլոր գիտություններին եւ այն առավելագույնս օգտագործելով, պարբերաբար ստեղծել են զարգացած քաղաքակրթություններ, որոնց հետքերը հայտնաբերվում են գիտական շարունակական պեղումների ժամանակ…

Գիտական այդ հզոր ունակությունները նպաստել են Հայկական (նաեւ՝ ՀայԱրիական) անկրկնելի եւ առանձնահատուկ մշակութային արժեքների ստեղծմանը, որոնք այսօր էլ պարուրված են գերբնական ու անբացատրելի բազմաթիվ պաշարումներով…

Մեր տիզերաճանաչ նախնիների հզոր Գիտական Մտքի (մասնավորապես՝ տիեզերագիտության եւ աստղագիտության, բնագիտության եւ մարդաբանության, ճարտարապետության եւ թվաբանության… որոնք օրինաչափորեն նպաստում էին ճշգրիտ հաշվարկի եւ կողմնորոշման, շինարարության եւ տնտեսվարության… ինչպես նաեւ՝ դաստիարակության եւ ինքնապաշտպանության, կենցաղավարության եւ ամենազանազան փոխհարաբերությունների… կազմակերպմանը) մի չնչին մասին ենք մենք այժմ հասու, պատճառները Արմատներից եւ Ակունքներից կտրվելն ու չսնվելն են, որոնցից բխած անորոշության մեջ մեր գիտակցությունը լույսի փոխարեն մեզ ուղղորդել է դեպի խավարը, որտեղից եւ այժմ խարխափելով փորձում ենք դուրս գալ…

Դրա համար մեծ տեղ պիտի հատկացնել հայագիտությանը: Պետք է դադարեցնել օտարի ձեռքով Հայոց պատմության աղավաղումը, եւ այն պիտի վերաշարադրեն ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ն ընկալող Հայորդիները:

Մեր պապերի ու հայրերի ստեղծածն օգտագործելու, ավելացնելու եւ կատարելագործելու փոխարեն, մենք այն սերնդե սերունդ, հաջորդաբար ավերել ենք, հաճախ՝ հիմնահատակ՝ իբրեւ ստեղծելով ավելի կատարյալը, նորը՝ մերը: Այսպես աստիճանաբար կտրվելով անցյալից՝ մեր Գենի մեջ նիրհել է գիտությունների իմացությունը, որը խոչընդոտել կամ արգելակել է նաեւ ինքնատիպ մշակույթի զարգացումը…

Հեռանալով Հայոց արմատներից եւ ենթարկվելով զավթիչների ավերիչ ոտնձգություններին՝ Հայ ազգը, հատկապես վերջին հարյուրամյակներում, հիմնականում զրկված է եղել իր Հայրենիքում ուսանելու, արարելու հնարավորությունից, եւ մեր հնագույն գիտություններն ու մշակույթը մոռացության են մատնվել ու ավերվել, կամ ծառայել օտարին: Այդ ընթացքում գիտություններն ու մշակույթը զարգացել են այնքան, որքան անհրաժեշտ է եղել տիրող բռնակալներին, որպեսզի դրանք ծառայեցնեն բռնատիրության ամրապնդմանը, գոյատեւմանը…

Հայ ազգի մշակույթը դարերի ընթացքում պարբերաբար ենթարկվել է կեղեքման, զավթիչների կողմից սեփականացվել են մեր ազգային արժեքներն ու հարստությունները: Ազգահալած քաղաքականության հետեւանքով թեեւ սառել է Ազգի Գիտական Միտքը, այնուամենայնիվ, Հայ Ազգը տարբեր երկրներում եւ բոլոր ժամանակաշրջաններում ծնել է աշխարհահռչակ գիտնականներ եւ արվեստի, մշակույթի խոշորագույն գործիչներ՝ անընդհատ ցուցադրելով իր բնատուր եւ բեղմնավոր կարողությունները…

Սակայն, աշխարհասփյուռ Հայության կողմից գիտություններն ու մշակույթը սեփական Ազգին ու Հայրենիքին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ հալածվել է այլազգիների (նաեւ՝ այլասերների) կողմից, ավելին՝ բռնապետությունների եւ հզոր պետությունների ճիրանները պոկել ու սեփականացրել են Հայ ազգի երիտասարդ ու խոստումնալից տաղանդներին (դժբախտաբար նաեւ հանճարներին), նրանց միտքն ու ունակությունները՝ խոչընդոտելով Հայ ազգի առաջընթացը…

Եվ մեր կրթական քաղաքականության նպատակը տվյալ պետությանը պիտանի քաղաքացիների ձեւավորումն է: Ներկայումս կրթության ոլորտում ճնշումներն անցել են բոլոր սահմանները: Քարոզում են, կազմակերպում օտարալեզու, երկլեզու, բազմալեզու կրթություն՝ որպես լեզուներ սովորելու եղանակ՝ միտումնավոր նույնացնելով տարբեր նպատակներ ունեցող, տարբեր խնդիրներ լուծող հասկացությունները:

Օտարալեզու, երկլեզու, բազմալեզու կրթությունը, օտարալեզու կամ երկլեզու դպրոցները, օտար լեզուներ ուսուցանող մանկապարտեզներն իրենց գործունեությամբ աղավաղում են անհատի լեզվամտածողությունը, ազգային նկարագիրը, իսկ հոգեբանական, տարիքային չափանիշները պահպանելով, մայրենիի հիմքով օտար լեզուների ուսուցումը զարգացնում է անհատի մտածելակերպը, ապահովում աշխարհաճանաչողության ավելի բարձր մակարդակ: Օտարալեզու դպրոցների խնդրի կարգավորումը պիտի իրականացնի կրթության եւ գիտության նախարարությունը, որն այսօր դա չի նախատեսում եւ համառորեն շարունակում է հայ երեխաների օտարացումը (ռուսացումը, ամերիկանացումը եւ այլն): Հայերենի բարձրագույն խորհուրդը կրթության եւ գիտության նախարարության հետ պետք է դիմագրավեն երկլեզու դպրոցների ծավալմանը եւ բացառեն ուսուցման այդ եղանակը:

Լեզվակրթական քաղաքականության խեղաթյուրման լծակ է նույնիսկ ազգային փոքրամասնությունների կրթության խնդիրը: Օրենսդրորեն նրանց կրթության հարցը չպետք է կարգավորվի հայերենի թուլացման հաշվին: Օտարախոս հայերը կամ այլազգիները, կազմելով տարբեր «համայնքներ», միանում, Հայաստան պետությունից այլալեզու կրթություն են պահանջում, որն անթույլատրելի է եւ պետք է դիտվի իբրեւ հակահայկական դրսեւորում: Ընդամենը 3% այլազգի բնակչությամբ մեր երկիրը օտարակիրթ քաղաքացիների, ազգային փոքրամասնությունների հետ տարվող սխալ քաղաքականության եւ օրենքի խախտումների թողտվության հետեւանքով զանգվածային օտարախոսության, օտարակրթության խիստ վտանգավոր խնդիր ունի, որն աստիճանաբար բարդանում է կրթահամակարգը քայքայող մի նոր եղանակով՝ դասագրքային՝ դասագրքերի լեզվական եւ բովանդակային խաթարումների միջոցով մտածողության խառնաշփոթի ստեղծմամբ: Լեզվատրամաբանական, բովանդակային փորձաքննություն չանցնող դասագրքերը մեր երեխաների, մեր ապագայի համար սարքված ծուղակի մի դրվագն են միայն:

Այս աղետը կանխելու, վերաազգայնացման նպատակով անհրաժեշտ է խեղաթյուրումների վերացում՝ լեզվական, կրթական քաղաքականության հայրենապահպան, հայապահպան գործընթաց, որի համար հարկ է՝

ա) լեզվաքաղաքական, կրթական, հայրենագիտական կառույցներն աշխատեցնել ազգային անվտանգության պետական պատվերով,

բ) կադրային քաղաքականության պարտադիր տարր դարձնել պետության լեզվի լիարժեք իմացությունը,

գ) հանրակրթությունը մաքրել ապազգայնացնող գործոններից, այն է՝ բացառել օտարալեզու, երկլեզու, բազմալեզու կրթությունը,

դ) առկա զանգվածային օտարախոսության հետեւանքները վերացնելու նպատակով կազմակերպել պետական լեզվի ուսուցման եւ իմացության ստուգման, հավաստագրման կենտրոն,

ե) մշակել կրթահամակարգում օտար լեզուների ուսուցման բարելավված, արդյունավետ ծրագիր՝ բացառելով որեւէ օտար լեզվի զանգվածային գերակայությունը, օտար լեզուների ուսուցման շեմ սահմանել միջին դպրոցի առաջին տարին՝ 5-րդ դասարանը,

զ) սահմանել ազգային փոքրամասնությունների համայնքների կազմավորման, գրանցման եւ գործունեության կարգ՝ ազգային պատկանելության սկզբունքով, պետական լեզվի պարտադիր իմացության պահանջով:

Լուրջ եւ մտահոգիչ է նաեւ ԶԼՄ-ների միջոցով հայերենի աղավաղումը, մամուլի էջերում ու եթերից դուրս է մղվում Հայերեն խոսքն ու մտածողությունը: Այս խնդիրը շուտափույթ կարգավորման կարիք ունի:

Բռնապետությունները, խավարամիտ ազգերը միշտ էլ սարսափել են առաջադեմ մշակույթից եւ ազգերի մտավոր, կրթական զարգացումից, քանզի լույսի ճառագումը խավարի մահն է: Բուժամիջոցը մեկն է՝ պետության ազգայնականացում՝ հայկականացում:

Հայ ազգի գիտական եւ կրթական միտքն ու հինավուրց մշակույթը կրկին կարող են զարգանալ միայն ազատ, անկախ, ամուր ազգային պետականության հաստատման եւ Հայ ազգի համախմբման պայմաններում:

Քանզի միայն այդպես է հնարավոր արթնացնել հավաքական պատմական հիշողությունը՝ առաջացնելով Գիտական Մտքի եւ Հոգեւոր Զարթոնքի մեծ պայթյուն, եւ այդուհետ սեփական գիտական, կրթական ու մշակութային արժեքները ծառայեցնել Հայ Ազգի եւ Հայաստանի շահերին, բարգավաճմանն ու հարատեւմանը…

Շարունակելի

Պատրաստեց Արամ Ավետյանը
«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.