Ինչքա՞ն կկարողանա շալակել Հայաստանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճգնաժամի այս ամբողջ ընթացքում առաջին անգամ խոստովանեց, որ Հայաստանը կտրուկ տնտեսական անկում է ապրում եւ այս տարի համապատասխան՝ այդ անկման ցուցանիշը կարող է 20 տոկոսի հասնել: Այս մասին նա հայտարարեց Երեւանում մեկնարկած «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային համաժողովում: Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով ճգնաժամի հետեւանքով Հայաստանում տնտեսական անկման տարբերակներին, նշեց, որ երեք սցենարներ կան, ըստ որոնց՝ այս տարի անկումը կլինի 9.5, 16 կամ 20 տոկոս:

Գործադիր իշխանության ղեկավարն այդ օրերին մի քանի խոստովանություններ էլ արեց, որոնք մինչ այս խնամքով թաքցնում էր: Թաքցնում էր այն, ինչ վաղուց բոլորին էր հայտնի:

1. Մինչ ճգնաժամը մեր երկրի տնտեսությունում մեծ էր մասնավոր տրանսֆերտների տեսակարար կշիռը եւ հասնում էր շուրջ 1.5 մլրդ դոլարի: Բնականաբար, այդպիսի մեծածավալ ներհոսքը չէր կարող չազդել մեր երկրի տնտեսության կառուցվածքի վրա: Հետեւաբար, նաեւ ճգնաժամը չէր կարող չազդել մեր երկրի վրա:
2. Մինչ ճգնաժամը զգալիորեն մեծ էին հանքահումքային ապրանքների արտահանման ծավալները (թեեւ ՀՆԱ-ում այս ոլորտի տեսակարար կշիռը 3 տոկոս է ընդամենը), եւ դրանց  կտրուկ նվազումը միանգամից թողեց իր բացասական ազդեցությունը վճարային հաշվեկշռի վրա:
3. Մինչ ճգնաժամը մեր երկրի ՀՆԱ-ում մեծ էր շինարարության ոլորտի տեսակարար կշիռը, հասկանալի է, որ ճգնաժամի հետեւանքով փոխվեց նաեւ տնտեսության կառուցվածքը: Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալների ամփոփումը վկայում է, որ Հայաստանը 16 տոկոս տնտեսական անկում է արձանագրել. «Առաջիկա ամիսներին, ըստ մեր կանխատեսումների, այդ ցուցանիշը ավելի կվատթարանա: Ըստ այդմ, ՀՆԱ ցուցանիշները նույնպես վատանալու են: Եվ դրանց բարելավումը մենք ակնկալում ենք միայն տարվա վերջում», – ասաց Տիգրան Սարգսյանը:
Նկատնեք՝ այս իրավիճակը բացասաբար է ազդում հարկահավաքմանը: Սա նշանակում է՝ եթե չհավաքվեն հարկերը, ապա չեն վճարվի աշխատավարձերը, կենսաթոշակները, զանազան նպաստները եւ այլն: Ի՞նչ է անելու պետությունը այս պայմաններում:
Գործադիր իշխանության ղեկավարը խոստանում է, որ բյուջեի ծախսերի կրճատում չի լինի. «Մենք հակված չենք կիրառելու սեկվեստոր, որովհետեւ դա իր բացասական ազդեցությունն է թողնելու մակրոմիջավայրում: Հաշվի առնելով սա՝ նպատակահարմար է, որպեսզի պետությունը չկրճատի իր ծախսերը»:
Մի կողմից սա շատ լավ է՝ մարդիկ աշխատավարձ, կենսաթոշակ ու նպաստ կստանան: Բայցեւ՝ կա մեծագույն խնդիր: Բանն այն է, որ ծախսերը չկրճատելու ճանապարհը բյուջեի պակասորդը ավելացնելն է, իսկ այդ պակասորդի ֆինանսավորման աղբյուրներն էլ դառնում են միջազգային կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցները: Վարչապետի խոսքերով, իրենք գիտակցաբար են գնացել այդ ճանապարհով՝ համագործակցելով Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի հետ եւ հայթայթելով միջոցներ, որպեսզի կարողանանք դիմագրավել այս ճգնաժամին: Այդպիսով, բյուջետային պակասորդը կարող է 7,5 տոկոսից ավելին լինել, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ-ի համար, որովհետեւ վերջին տարիներին այդ ցուցանիշը չի գերազանցել 3 տոկոսը:
Միով բանիվ, տնտեսական անկման երեք սցենարներ կան՝ այդ անկումը կարող է լինել 9.5 տոկոս, 16 կամ 20 տոկոս: Բյուջեի պակասորդի ֆինանսավորման հիմնական միջոցները ստանում ենք Ասիական զարգացման բանկից՝ 70 մլն դոլար, ՀԲ-ից՝  60 մլն դոլար, շուրջ 24 մլրդ դրամ  էլ կօգտագործենք ՌԴ-ից ստացված 500 մլն դոլար վարկի հաշվին, նույնքան էլ՝ մեր ներքին շուկայից: Ամենամեծ ներդրումը կկատարվի ԱՄՀ-ից ներգրավված վարկի հաշվին՝ 150 մլն դոլար:
Փաստորեն, արտաքին պարտքի չափը միանգամից մեծանում է: Ինչու՞ է պետությունը այդքան մեծ ռիսկի դիմում, ի վիճակի՞ է լինելու սպասարկել արտաքին պարտքը: «Այն քննարկում ենք ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի հետ, որպեսզի ապահովենք մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը, որն այնքան կարեւոր է մեր երկրի համար»,-վարչապետի խոսքերն են (այսինքն՝ միջազգային կառույցներն ասում են՝ վերցրեք ինչքան պետք է, կարող եք մարել: Որ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում, հասկանալի է, բայց այսքա՜ն էլ փափուկ): Մեր արտաքին պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին տարիներին տարեցտարի նվազում էր՝ հասնելով մինչեւ 13.8 տոկոս: Նաեւ, հաշվի առնելով այն, որ մեր արտաքին պարտքը միջազգային կազմակերպություններից ստացված արտոնյալ ու երկարաժամկետ վարկերն էին, սպասարկման տեսակետից էլ լուրջ խնդիրներ չունեինք. սա մասնագետներն են ասում: Իսկ այսօր, ներգրավված միջոցները պարտքի մասնաբաժինը ՀՆԱ-ում կհասցնեն 40 տոկոսի: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը սա ռիսկային չի համարում՝ պատճառաբանելով, թե ռիսկայինը 50-ի շեմն է:
Ինչքանո՞վ ենք ապահովագրված, որ 40-ի վրա 10-ն էլ չենք ավելացնի, չէ՞ որ արդեն մեր կառավարությունը սովոր չէ խնդիրները առանց ներգրավված միջոցների լուծելու:
Ֆինանսների նախարարի պատասխանը հետեւյալն է. «Կարծում եմ՝ մենք այլեւ ֆինանսական ռեսուրսների պահանջ չենք ունենա»:
Սա՞ է ամբողջ ռազմավարությունը…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.