Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ: Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:

Քաղաքական
բնագավառ

ՀՀ-ն հայերի Բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական, մշակութային առումով՝ ոչ նպաստավոր պայմաններում:

Այս իրականությունում Հայ ազգը, որպես Արարչաստեղծ Հայ Ցեղի մի մասնիկ եւ Գենի կրող, փորձում է վերագտնել իր հիմնական՝ Արարչատուր տեղն Արեգակի եւ Արարատի հովանու ներքո: Եվ այդ գործընթացում, միջազգային ու ներազգային խրթին եւ բազմաբնույթ քաղաքականության խաչմերուկում տեղի է ունենում հզոր պետությունների քաղաքական-տնտեսական, կրոնական-գաղափարախոսական, հոգեւոր-մշակութային շահերի բախում, որն ընթանում է երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական վերաձեւման համար…
Այս հանգամանքներում ծագել է անհրաժեշտություն վերհիշելու մեր անցած, ճշտելու ներկա եւ հստակեցնելու ապագա ուղիներն ու նպատակները եւ, ըստ այդմ էլ, կառուցելու եւ վարելու հստակ ու վստահ, միահյուսված արտաքին ու ներքին քաղաքականություն:
Հայաստանի իշխանություններն ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն, երկկողմանի շահավետ քաղաքականություն՝ ստեղծելով անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային, արտաքին ու ներքին քաղաքականությամբ առաջնորդվելու հնարավորություն: Այլապես, դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային ապազգային ինչ-որ խմբավորման կցորդ, շարունակելու ենք լողալ մեր ստեղծած անհաջողությունների ծովում, մինչեւ ուժերի վերջնական սպառումը…
Այսօր (անարդար) ուժն է ծնում իրավունք, եւ հզոր Հայաստանի ու Հայ Ազգի ստեղծումը, այդուհետ արդար ուժի ամրագրումը մեր բոլոր սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է:
Հայոց Ազգային Պետությունը Պատմական Հայաստանի ամբողջ տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական կազմավորումների միակ իրավաժառանգորդն է:
Հայ ազգը բազում հազարամյակներ ընթացող Հայոց պատմության, ավանդական, մշակութային, գիտական, հոգեւոր եւ բոլոր այլ արժեքների ու հարստությունների տերն է եւ իրավաժառանգորդը:
Հայաստանի ազգային կառավարությունը Պատմական Հայաստանի բոլոր իշխանությունների ու Թագավորական հարստությունների իրավաժառանգորդն է:
Հայաստանը աշխարհասփյուռ հայության Հայրենիքն է եւ բոլոր Հայերն ունեն ՀՀ քաղաքացի (բնակիչ) դառնալու իրավունք:
Ազգային պետությունը, հայրենի իշխանությունները պարտավոր են ապաստան տալ յուրաքանչյուր Հայի, պաշտպանել նրա անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը:
Բոլոր Հայերը, Երկրագնդի որ հատվածում էլ գտնվեն, ունեն պարտականություններ Հայ ազգի ու Հայաստանի, իրենց Պատմական Հայրենիքի նկատմամբ, որից հրաժարվելն ազգադավություն է, եւ խուսափողը պետք է զրկվի Հայրենի պետության ու համայն Հայության հովանավորությունից:
Ազգային անկախ պետության ամրապնդումն ու հզորացումը պայմանավորված է Հայ Ազգի միասնության, սեփական ազգային ու բարոյական գաղափարախոսությունները որպես պետական քաղաքականության հիմքի ընդունմամբ եւ օտար գաղափարախոսությունների ու կրոնների (աղանդների՝ հավատքների, պաշտամունքների…) մերժմամբ: Եթե քաղաքական, տնտեսական ոլորտներում պարտությունը հանգեցնում է պետության (Բնօրրանի)՝ մարմնի կործանմանը, ապա մշակութային, կրոնական-գաղափարախոսական ոլորտներում պարտությունը սպանում է Ազգը՝ հոգին…
Հայ Ազգի միասնությունը, նպատակասլացությունը եւ Սրբազան Հայրենիքի գաղափարը սերունդների մեջ պահպանելու համար Հայկական Հարցը (հետագայում՝ Հայ Դատն ամբողջապես), Հայկական Պահանջատիրությունը պետք է շարունակեն մնալ ազգային ու պետական քաղաքականության հիմքում:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի Հայ ազգի ու հայրենիքի շահերը պաշտպանելու, անվտանգությունն ապահովելու եւ ազգային նպատակներին հասնելու հայեցակարգի հիմամբ:
Միջազգային քաղաքականության մեջ՝ հատկապես Հայոց Պահանջատիրության եւ Հայոց Մեծ Ցեղասպանության (1915-1923թթ.) նկատմամբ վերաբերմունքով պետք է ճշտվի Հայաստանին բարեկամ պետությունների, կազմակերպությունների եւ անհատների ցանկը:
Հայաստանում պետք է իշխի Օրենքը՝ Հայոց Սահմանադրությունը, որը կընդունվի ինչպես Հայրենիքում բնակվող, այնպես էլ՝ աշխարհասփյուռ Հայության (ովքեր ընդունում են իրենց պարտականությունները Հայ Ազգի ու Հայաստանի նկատմամբ) կողմից ընտրված Սահմանադիր Ժողովի (գիտաիրավաբանական խորհրդի) որոշմամբ, եւ կհաստատվի Համահայկական Հանրաքվեով: Մեր Սահմանադրությունը պետք է կառուցվի սեփական ազգային, ավանդական ու բարոյական  օրենքների հիմամբ, որը թույլ կտա աշխարհի բոլոր անկյուններում պահպանել Հայի ազգային ու բարոյական նկարագիրը եւ պաշտպանել իրավական, սոցիալական ու մյուս շահերը:
Հայ ազգի եւ Հայաստանի միասնությունն ու հզորությունը կհարատեւի Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպի վերահաստատմամբ, պատմական արժեքների վերագնահատմամբ եւ Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի վերակերտմամբ:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ պետական կառավարման ձեւ (նախագահական, խորհրդարանական եւ այլն) կհաստատվի Հայաստանում (ճիշտը՝ Արարչապետությունն է), անհրաժեշտաբար պետք է վերականգնվի Հայկական Միասնական Թագավորական հարստությունը (եվրոպական ու ասիական շատ պետությունների օրինակով)՝ իր բոլոր ավանդույթներով եւ առանձնահատկություններով: Հայոց Սահմանադրությունը պետք է կարգավորի Հայրենի իշխանությունների եւ Թագավորական հարստության համագործակցությունը՝ ի շահ Հայ Ազգի եւ Հայաստանի:
Թագավորական հարստությունը պետք է լինի Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական), ազգային ու բարոյական ապրելակերպի հովանավորը եւ պահպանողը, պետք է առաջնորդվի զուտ ազգային գաղափարախոսությամբ ու քաղաքականությամբ եւ միաժամանակ լինի Արյան մաքրության ու Գենի առաքելության շարունակության պահպանողը: Թագավորական հարստությունը, հասարակարգերի եւ իշխանությունների փոփոխությունից անկախ, պետք է մնա որպես անաղարտության եւ առաքինության օրրան……
Շարունակելի
Պատրաստեց Արամ Ավետյանը

«Լուսանցք», 27 (113), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.