Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե «Նաբուկո» նախագծի իրացումն արդեն բավարար է Եվրամիությանն անդամագրվելու համար եւ… «Մենք հանդես ենք գալիս նախագծին Իրանի միանալու օգտին, երբ դա թույլ կտան պայմանները, ինչպես նաեւ ակնկալում ենք դրան Ռուսաստանի մասնակցությունը»:
(Էրդողանը համաձայնագրի ստորագրումը «պատմական պահ» է համարել (Էրդողանը Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության մեկնարկի փաստաթղթի ստորագրումն էլ պատմական համարեց):
Արդյո՞ք «Նաբուկո»-ն երազանք չէ: Հասկանալի է, այս հարցը չի կարելի տալ Էրդողանին: Ադրբեջանի նախագահին՝ նույնպես, ով, ի միջի այլոց, ներկա չէր փաստաթղթի ստորագրմանը: Առանց մեկնաբանությունների ընդամենը հիշեցնենք, որ վերջերս ՌԴ նախագահ Մեդվեդեւը ժամանել էր Բաքու եւ պայմանավորվել գազի՝ ռեկորդային սակագնի շուրջ: Բայց դե Ադրբեջանն անմասն մնալ չէր կարող, ուստի Անկարա ուղարկեց արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւին, ով հայտարարեց, թե Ադրբեջանը լիովին աջակցում է «Նաբուկո» գազամուղի նախագծին:
«Նաբուկո»-ն գնահատվում է 7,9 մլրդ դոլար եւ եվրոպական երկրներ բնական գազի փոխադրում է ենթադրում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքով: Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ հաշվարկված է տարեկան 31 մլրդ խորանարդ մետր գազի փոխադրման համար: Սկզբնական ցուցանիշը, սակայն, 15 մլրդ խմ է: Թուրքիայի տարածքով է անցնելու գազամուղի 2/3-րդը: Նախատեսվում է, որ «Նաբուկո»-ի շինարարությունը կսկսվի 2010թ., իսկ գազի մատակարարումը՝ 4 տարի անց:
«Նաբուկո»-ն, ըստ էության, լոկ տնտեսական նախագիծ չէ: Ավելին՝ այն ավելի շատ քաղաքական է: Եթե «Նաբուկո»-ն իրագործվի, ապա ոլորտում Ռուսաստանի մենաշնորհային դիրքերը կթուլանան:
Մի բան էլ, եթե «Նաբուկո»-ն իրագործվի, Թուրքիան կշահի. Թուրքիա մտնող գազի 15 տոկոսը պետք է տրամադրվի այդ երկրին:
Ռուսաստանը, հասկանալի է, քնած չէ: Նա ջանք չի խնայում պահպանել իր դիրքը եւ քայլեր է ձեռնարկում, այն է՝ Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ադրբեջանից եւ Իրաքի Քրդստանի ինքնավարությունից պետք է գազ արտահանի Եվրոպա: Մոսկվան միջինասիական երկրներից եւ Ադրբեջանից գազ գնելու վերաբերյալ համաձայնագրեր է ստորագրել: Դրա համար էլ, երբ Պրահայում կայացավ Եվրամիության եւ «Նաբուկո»-ին գազ մատակարարող երկրների համատեղ նիստը, միջինասիական երկրները, մեղմ ասած, այնքան էլ հետաքրքրություն չցուցաբերեցին:
Նկատենք, որ Եվրոպան ի սկզբանե նպատակ է ունեցել գազի պաշարների ծավալով Ռուսաստանից հետո աշխարում 2-րդ երկրից՝ Իրանից գազ տեղափոխել Եվրոպա: Բայց Մոսկվան շարունակեց խաղալ եւ Իրանի ուշադրությունը շեղեց դեպի Պակիստան՝ գազ արտահանելու հարցի ուղղությամբ: Մայիսի 24–ին Իրան-Պակիստան «Խաղաղության խողովակաշարի» վերաբերյալ համաձայնագիր կնքվեց, որով օրական շուրջ 22 մլն խմ գազ կարտահանվի Պակիստան: Ռուսական «Գազպրոմ»-ն էլ իր հերթին խոստացել է, որ «Խաղաղության խողովակաշար»-ի կառուցման 4,5 միլիարդ դոլարի ծախսերը ինքը կստանձնի: Այսինքն՝ Ռուսաստանին հաջողվեց Իրանին հեռու պահել «Նաբուկո»-ից: Բայց «Նաբուկոն» անհրաժեշտ ծավալով գազով ապահովելու համար Իրանի՝ նախագծին միացումը պարզապես անհրաժեշտություն է: Այսինքն՝ Եվրոպան էլ է վճռական, բայց առայժմ հաջող չի գործում:
Եթե այսպես շարունակվի, հազիվ թե հաջորդ տարի սկսվի «Նաբուկո»-ի շինարարությունը: Վերջերս էլ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե «Նաբուկո»-ն իրանական գազի կարիքը չունի: Ահա այսպիսի տնտեսական ծրագիր՝ քաղաքական հիմնարկեքով:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք», 27 (113), 2009թ.



