ՆԱՏՕ-ն Նատո չէ՛, Գիվի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յահապ դե Հոոպ Սխեֆերը, ով պատրաստվում է օգոստոսի 1-ին հեռանալ պաշտոնից, հայտարարել է, որ Վրաստանը եւ Ուկրաինան այս պահի դրությամբ պատրաստ չեն ընդգրկվել դաշինքում: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մեծ Բրիտանիայում:
«Միայն ցանկությամբ ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնում»,- հայտարարել է Սխեֆերը:
Նրա կարծիքով, նշված երկրների ներքաղաքական իրավիճակը շատ է խանգարում եվրաատլանտյան ծրագրերին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ պետությունները, որոնք մտադիր են ընդգրկվել դաշինքի կազմում, պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի պահանջներին, մինչդեռ այսօր «ո՛չ Ուկրաինան եւ ո՛չ էլ Վրաստանը դրան պատրաստ չեն»:

Հայտնի է, որ եւ՛ Վրաստանը, եւ՛’Ուկրաինան մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե իրենք «նպատակասլաց են ՆԱՏՕ-ի շարքերը համալրելու համար»:
Հետաքրքիր է, որ վերջերս մի ամերիկյան պարբերական էլ մի նյութ հրապարակեց, որում ասվում է, թե Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշել է, թե ցավալի է, բայց Վրաստանը ներկայումս չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ…
Դրանից հետո Վրաստանի նախագահը հանդիսավոր կերպով Թբիլիսիում հայտնեց, թե ամերիկյան պարբերականը իրենից ներողություն է խնդրել, սակայն ամերիկյան լրատվամիջոցը շատ արագորեն հերքեց իր «մերժումը» եւ վերստին հաստատեց Սահակաշվիլու ասածը…
Ինչ էլ անեն Ուկրաինան ու Վրաստանը, ՆԱՏՕ-ի անդամ կարող են դառնալ կամ ԱՄՆ-ՌԴ համաձայնությամբ կամ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների գերլարման պայմաններում: Առայժմ ոչ մեկը կա, ոչ էլ մյուսը:
Ուստի՝ ՆԱՏՕ-ին Նատոյի պես սիրաշահելու կարիք չկա՛, Գիվի՝ պարոն Միխայիլ Սահակաշվիլի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.