Հանդիսատեսի պակաս չկար:
Անգամ ոչ խաղարկային ներկայացնող վավերագրական ֆիլմերի ցուցադրման ժամանակ դահլիճում 5-ից 10 հանդիսատեսի ներկայությունը, չհաշված ժյուրին, ապահովված էր: Այսինքն՝ ինքը հանդիսատեսն իր ընտրությունն արել էր եւ հավատարիմ էր իր նախընտրությանը: Անկախ կազմակերպչական մանր-մունր թերություններից, պետք է նշել մի շատ կարեւոր հանգամանք. կամաց-կամաց հանդիսատեսը երիտասարդանում էր, այնպես ինչպես ֆիլմերի ստեղծագործական կազմերը: Այսինքն՝ մշակույթի այս տեսակի հանդեպ կա պահանջարկ եւ առաջարկ՝ հակառակ այն ամենի, ինչ փառատոնից հետո առաջարկվելու է մեր հանդիսատեսին:
Կազմակերպիչները, հավատարիմ մնալով իրենց մշակութային քաղաքականությանը, պահպանել էին ազգային թեմատիկան եւ ազգային մշակութային արժեքները:
Ֆիլմացանկի ընտրությունը հաջող էր կատարվել՝ անգամ մարդկային արժեքներից դուրս թեմաները: Պիտի շեշտեմ՝ դրանում չկար կազմակերպիչների մեղքը: Հանդիսատեսի գնահատականը միշտ համարժեք էր: «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվեց ինդոնեզացի կինոռեժիսիոր Էդվինի ֆիլմը՝ «Կույր խոզը, որը ուզում էր թռչել»: Ցուցադրման ընթացքում արվամոլներին ներկայացնող հատվածից հետո դահլիճը դատարկվեց: Հայ հանդիսատեսը լքեց դահլիճը, քանզի գիտակցում էր, որ դա մշակութային արժեք երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել:
Փառատոնին շուք ու հանդիսավորություն տվեցին այն հոբելյանները, որոնք նվիրված էին հայ ականավոր կինոգործիչներին՝ Արման Մանարյան, Բագրատ Հովհաննիսյան: Առավել մեծ շուքով նշվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույն» ֆիլմի էկրանում գտնվելու 40-ամյակը: Ֆիլմ, որը ունեցավ դժվար ճակատագիր, բայց փոխեց աշխարհի կինոմտածողության լեզուն՝ աշխարհ բերելով կինոնորարարություն:
Փառատոնի բացման օրը ցուցադրվեց պրոդյուսեր Ալեն Թերզյանի, ռեժիսիոր Լորան Տյուելի «Մերձակա շրջապատ» ֆիլմը, որը Ֆրանսիայում ապրող հանցավոր աշխարհի հայազգի կնքահոր մասին էր, որին էլ մարմնավորել էր աշխարահռչակ դերասան Ժան Ռենոն: Չեմ անդրադառնա ֆիլմի որակական, նեղ մասնագիտական հատկություններին, կասեմ միայն այն, որ հանդիսատեսը դժգոհեց հետեւյալից. պետք չէ մեզ ներկայացնել աշխարհին հանցավոր դեմքով: Բացումից հետո, ինչպես ասացի, հանդիսատեսի ընտրությունը լայն էր, իսկ ընտրացանկում էին լեհական կինոյի դասականներ Անջեյ Վայդան, Յեժի Սկոլիմովսկին, Անջեյ Կրակովսկին: Ռուսական կինոն այս կինոփառատոնին ներկայացավ արդեն դասական դարձած Սերգեյ Սոլովյովի եւ Անդրեյ Խրժանովսկու ֆիլմերով: Կինոփառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ այլ երկրներ: Պետք էր տեսնել, թե ինչ էր կատարվում էկրանին եւ դահլիճում, ինչպես էր հանդիսատեսը մեկը մյուսին հարցնում, ուղղորդում իր նախնտրածը կամ դիմացինի կարծիքը հարցնում: Այս վիճակը հատկապես երիտասարդության շրջանում էր եւ, մասնավորապես, այն փոքրիկ քննարկումնները ճեմասրահում կամ սրճարաններում, բավականին լուրջ հայտ էին մեր մշակույթի նախարարին առ այն, որ այս ասպարեզում դեռ շատ անելիքներ կան եւ որ ժամանակն է չարչիների ձեռքից ազատել գերված «Ռոսիա» կամ ներկայիս «Այրարատ», «Հայրենիք» կինոթատրոնները: Մնացած կինոթատրոնները, որոնք վաղուց վեր են ածվել հասարակաց տների կամ էլ այլեւս չկան, անհրաժեշտ է, որ իրենց իսկական դերին ծառայեն: Իսկ այն, որ մշակույթում, հատկապես կինոմշակութային քաղաքականության մեջ աշխարհին ներկայանալու բան ունենք, նաեւ ասելիք, դա ակնհայտ է: Ով գիտե, վաղվա փարաջանովները գուցե այսօր արդեն առնչվեցին մեծ կինոյին…
Փառատոնի օրերին մթնոլորտը շիկացած էր ոչ միայն երեւանյան ջերմությունից, այլեւ երկնքից որպես մանանա թափվող մեծագույն ռեժիսորների ֆիլմերի եւ, ինչու ոչ, նրանց ներկայությունից: Աֆղանստանցի ռեժիսոր Սիդդիք Բարմակը իր «Ափիոնի պատերազմը» ֆիլմով ցնցեց հայ հանդիսատեսին՝ իրենց՝ աֆղանստանցիներին բնորոշ զգացմունքով: Այդ երկրում պատերազմը վաղուց դարձել է կյանքի մի մաս, աշխարհընկալում: Աֆղանական ռեժիսորը փայլուն լուծում էր տվել «Ափիոնի պատերազմը» ֆիլմում: Կարելի է ապրել խորհրդային տանկի կամ ամերիկյան ուղղաթիռի մեջ եւ ափիոն ցանել որպես ապրուստի միջոց ու երկու գերտերությունների հասցրած վերքերը բուժել, եւ վերջում, երբ քվեատուփերի մեջ դրվեց նորածին հաշմանդամ երեխան ու գերի ընկած ամերիկացի զինվորներին հանձնեցին «դեմոկրատիա, մարդու իրավունքներ» գոռգոռացող նոր իշխանություններին, հանգույցը լուծվեց:
Ամերիկացի ռեժիսոր Բեյքերը ցուցադրեց «Բրոդվեյի արքայազն» ֆիլմը: Այնտեղ գլխավոր դերերից մեկը կատարում էր հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը: Պետք է ասեմ, որ տպավորությունը հետեւյալն է. ԱՄՆ-ն ապրելու տեղ չէ, քանզի նույնիսկ տեղացի սեւամորթը, հայը եւ այլ ազգերը ի վիճակի չեն պահել իրենց ինքնությունը, ինչը եւ փայլուն լուծում է գտել ֆիլմում: Այս ամենը երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներն էին, որոնցով ներկայացան հայ հանդիսատեսին:
Փառատոնի միջոցով հայ հանդիսատեսը աշխարհին նայեց նոր աչքերով, ինչը ունեին երիտասարդ ստեղծագործողները: Իսկ ինչ վերաբերում էր դասականներին՝ Կոպոլա, Վայդա, Օգուրի, Փարաջանով, Մանարյան, Հարություն Խաչատրյան, Սկոլիմովսկի, Բագրատ Հովհաննիսյան, ապա այստեղ խնդիրն այլ էր: Եթե երիտասարդության սխալները ներելի է կամ այդ սխալները կուղղվեն, ապա դասականների հանդեպ հանդիսատեսը ուներ չոր դիրքորոշում եւ հաստատուն սպասելիք:
Կոպոլան ներկայացավ իրեն ոչ բնորոշ լեզվով: Կնքահայր Կոպոլան մեզ ներկայացավ ընտանիքի կնքահոր նոր ողբերգությամբ, որում բացահայտ էր հոր ազդեցությունը երեխաների, թոռների եւ ընտանիքի վրա: Մինչդեռ նրանցից յուրաքանչյուն ուզում էր ապրել ու ազատվել Տետրոնների տոհմի ժառանգությունից, որովհետեւ այն ոչնչացնում էր նրանց անհատականությունը:
Լեհական կինոյի աստղերի այս փայլուն համաստեղությունը կարծես ամփոփեց լեհական կինոն 1965թ-ից Յեժիս Սկոլիմովսկու «Հատուկ նշաններ» ֆիլմից մինչեւ այսօրվա Լեհաստանը:
Վայդայի «Խնկեղեգը» ֆիլմը հանդիսատեսի առջեւ դրեց մարդու երեկվա ու այսօրվա ներաշխարհը միացնող մի գործոն՝ երկուստեք վերքերը ամոքելու ճանապարհ:
Ճապոնական կինոն ներկայացրեց բարձրագույն մի արժեք՝ Կոհեյ Օգուրիյո: Նրա ֆիլմերում 19-ից 20-րդ դարի դասական գեղանկարչությունն էր եւ 20-րդ դարավերջի դասական գրականությունը, ինչը կինոյի սինթետիկ լեզվով Օգուրիի մոտ փայլուն էր ու շատ բնորոշ նրանց՝ ճապոնացիների աշխարհընկալմանը: Մրցանակներն, անկասկած, արժանավորներին հասան…
Հայաստանը զինադադարի վիճակում է գտնվում, իսկ… «Ոսկե ծիրանը» աշխարհում թափ է հավաքում…
Աշոտ Բադալյան
«Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.



