Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, «հրապարակման մեջ թերթը մտահոգություն է բարձրացնում հատկապես այն առնչությամբ, որ Վրաստանում հայ եւ ադրբեջանական համայնքների կրթօջախների համար դասագրքերի չհրապարակման արդյունքում, դրանք նվիրատվության ձեւով ստացվում են Հայաստանից ու Ադրբեջանից: Ըստ թերթի, իշխանություններն այս հարցում վտանգավոր անգործություն են դրսեւորում, քանի որ ադրբեջանական ծագման դասագրքերը պառակտիչ բովանդակություն ունեն եւ աղճատում են տարածաշրջանի պատմությունը:
Ըստ թերթի, մասնավորապես, 8-րդ դասարանի համար նախատեսված ադրբեջանական պատմության դասագրքում գրված է. «Վրացի եւ հայ ֆեոդալները Բյուզանդիայի օգնությամբ խաչակրաց արշավանքներ են սկսել թուրք-սելջուկների դեմ: Պայքարի նպատակով նրանք դաշինք են կնքել խաչակիրների հետ: Այդպիսով նրանք փորձել են մահմեդական գործոնը դուրս մղել Կովկասից ու տիրանալ ադրբեջանական հողերին: 1120 թվականին Դավիթ IV-ը հարձակվեց Շիրվանի վրա, նա ավերեց Գաբալա քաղաքն ու նրա մերձակայքը, հավաքեց ադրբեջանական հարստությունն ու հեռացավ, 1122 թվականին Թբիլիսին անցավ վրացիների ձեռքը»: Պատմաբան Ջաբա Սամուշիան թերթին մեկնաբանություններ է տվել. «Ադրբեջանը որպես պետություն, այն ժամանակ ընդհանրապես գոյություն չի ունեցել: Դասագրքում ներկայացված են Իրանի, մահմեդական էմիրությունների, Աղվանքի, Շիրվանի եւ, մասամբ, Վրաստանի պատմությունները: Եվ այդ ամենը հարմարեցված է որպես Ադրբեջանի պատմություն: Զուտ գիտական տեսանկյունից դասագիրքը որեւէ քննադատության չի ենթարկվում: Դա բացարձակապես քաղաքականացված դասագիրք է պատմագիտության հետ որեւէ առնչություն չունեցող: Հիշեցնեմ մեկ փաստ. 1919 թվականին Փարիզի կոնֆերանսում, որտեղ ճշտվում էին նոր ձեւավորված պետությունների սահմանները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան), ադրբեջանական կողմը պահանջում էր ամբողջ Քվեմո Քրթլին, Մեսխեթիի մի մասն ու Աջարիան մտցնել Ադրբեջանի կազմի մեջ ու ճանաչել այդ սահմաններով… Նրանց դասագրքով Թբիլիսին ադրբեջանական քաղաք է… Ինչպե՞ս կարելի է այդ դասագրքերով ուսում տալ Վրաստանի դպրոցներում: Դրանցով չարժե նույնիսկ Ադրբեջանում սովորել: Այսպիսի պատմական շանտաժի դեմ պետք է դիվանագիտական մակարդակով բողոքել: Ըստ այդմ ստացվում է, որ վրացիները կեղեքիչներ են, ովքեր Թբիլիսին խլել են ադրբեջանցիներից, որ վրացիների պատժիչ ջոկատները թալանել են խեղճ ադրբեջանցիներին ու նրանց մինարեթներից կախել: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային ատելության սերմանում: Այդ դասագրքերով դաստիարակված երեխաների աչքում վրացիներն ատելի ագրեսորներ են»:
Որ Ադրբեջանը սովոր է պատմություն աղճատելու, իրեն հարմարեցնելու, դրան այժմ այս նյութում չենք անդրադառնա: Միայն ուզում ենք ասել՝ լավ չի չէ՞, այ Վրաստան, դու էլ ոչ մի բանով չես տարբերվում Ադրբեջանից եւ բազմիցս ես եղծել ու հիմա էլ քո իսկ դասագրքերում աղավաղում ես Հայոց պատմությունը, հաճախ սեփականացնում այն: Վրաստանի նախագահի անձնական երգիչ Վան Բայբուրթի ականջը խուլ, թե չէ օգոստոսին մտադիր եմ Թբլիսի մեկնել, հանկարծ ու…
…
Աստղինե Քարամյան
«Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.



