Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:
Մեզ է գրում երեւանցի, այժմ՝ բրյուսելաբնակ Արտավազդ Բայանդուրյանը. «Հուլիսի 19-ին Գառնիում էի: Ես տարին մեկ անգամ գալիս եմ Հայաստան, որպեսզի մասնակցեմ մարտի 21-ի արարողությանը: Այս անգամ որոշեցի քիչ ուշ լինել Հայաստանում, որպեսզի մի անգամ էլ Գառնիում քրմերի միջոցով արվող այլ ծես տեսնեմ: Պարոն Ավետիսյանի հետ մենք ամեն անգամ, մարտի 21-ին զրուցում ենք իրար հետ: Այնքան ոգի կա այդ մարդու մեջ: Ես, որ զզված հեռացել եմ Հայաստանից, քիչ է մնում նորից վերադառնամ… Գիտեի նրա հետ կատարված պատահարի մասին, բայց մտածում էի, որ Գառնիում կլինի: Գառնիում չէր: Վարդավառը Գառնին դիմավորեց առանց այդ մարդու: Ուրեմն, ինչ վնաս են տվել այդ տականքները: Գտա նրա հեռախոսահամարը ու զանգեցի: Չէ, լավ կլինի: Ասաց՝ կազդուրվում է… Հետաքրքիր է, որ խոսելուց հետո էլի մտածում էի, թե հիմա ուր որ է տաճար կմտնի: Գուցե որովհետեւ հայրենիք վերադառնա՞լ եմ ուզում…
Բրյուսելում շատ հայեր են ինձ նման հայ-արիների կայք մտնում, կարդում ամեն հայտարարությունը, երկրում կատարվող ամեն իրադարձությունն ու դրա մասին հայ-արիների վերաբերմունքը: Իմանում ենք՝ երբ եւ ուր գնացին արիները, ինչ տոնեցին, որ ոլորտում գործեցին, ինչպես գործեցին, մի խոսքով՝ ամեն ինչ: Իսկ հիմա միայն Ձեզ հղված զորակցություններն ենք կարդում: Անկեղծ ասած՝ չէինք պատկերացնում, թե մեզ նման էլի մարդիկ կան ու որ համակիր են Ձեր գործունեությանը:
Բայց զորակցության այդ նամակներից ես մի բան հասկացա՝ Ձեզ ավելի քաջալերում են արտերկրի հայերը, քան Հայաստանի: Այսինքն՝ ամեն ինչ կրկնվում է, իրական հային սեփական երկրում երբեք տեղ չեն տալիս: Հայաստանում հայերին չեն սիրում: Հիմա՞ էլ կփորձեք հակառակը համոզել…»:
Նամակներից ծաղկաքաղը՝ Անի Մարությանի
«Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.



