Թուրքական բոլոր առաջատար զլմ-ներն անդրադարձել են Ադրբեջանի անվտանգության ուժերի՝ եվրատեսիլին առնչվող վերջին խայտառակությանը: Վկայակոչելով BBC-ին՝ թուրքական աղբյուրները տեղեկացնում են, թե ինչպես են Ադրբեջանում հարցաքննության ենթարկվել բոլոր այն ադրբեջանցիները, ովքեր մայիսին, «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի ժամանակ քվեարկել են Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի օգտին:
Պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը 43 է: «Հայաստանի երգչուհիներին ձայն տված ադրբեջանցիներին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում մեղադրում են «հայրենասիրություն չդրսեւորելու եւ երկրի անվտանգությանը սպառնալու համար», – գրում է «Cumhuriyet»-ը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենց նպատակն էր՝ ընդամենը պարզել, թե ինչու են քվեարկել Հայաստանի օգտին: «Huriryet»-ը նկատել է, որ որոշ փորձագետներ Ադրբեջանի անվտանգության ուժերի հիշյալ արարքը համարել են լարվածությունն ավելի սրող աննպատակահարմար քայլ: «Cumhurriyet»-ն էլ զարմանք է հայտնում, թե ինչու են ազերիների օրինապահներն ամիսներ անց սկսում հետաքրքրվել ու պատասխանատվության կանչել Արշակյան քույրերի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին:
Այդ մրցույթի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տվել էր 12, իսկ Հայաստանին՝ 6 միավոր: Հայկական լսարանն էլ Թուրքիայի ներկայացուցչին տվել էր 4 միավոր:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 29 (115), 2009թ.



