Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հոլանդիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Կանադայից, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա դավանած գաղափարախոսությանը:
Գրեթե նույն բովանդակությամբ նամակներ են ստացվում բուն Արցախից ու Բերձորի շրջանից: Զանգահարողները ազատամարտիկներ են, Արմեն Ավետիսյանի մարտական ընկերները եւ մտավորականության ներկայացուցիչներ, գործիչներ:
Նամակները շատ են նաեւ Սյունիքից եւ Արմեն Ավետիսյանի ծննդավայր Լոռու մարզից եւ բնակավայր Կոտայքի մարզից: Սյունիքցիները ՀԱՄ առաջնորդին սպասում են տեսնել արդեն հոկտեմբերին՝ Նժդեհյան հերթական ուխտագնացությանը, իսկ ծննդավայրի ու բնակավայրի հարազատներն ու բարի կամեցողները առողջություն են մաղթում Արմենին եւ աջակցություն հայտնում արիացի հային…
Սփյուռքահայերի նամակներին (հատկապես` ինտերնետային) այսուհետ կարձագանքենք այսպես՝ բոլոր նամակները եւ զանգերի հաղորդագրությունները կփոխանցվեն ՀԱՄ առաջնորդին եւ նա սիրով կծանոթանա յուրաքանչյուրի խոսքին ու մաղթանքին:
Արմեն Ավետիսյանը խնդրեց մեր թերթի միջոցով իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը փոխանցել հայրենաբնակ եւ սփյուռքահայ հայորդիներին, այլազգի գաղափարակիրներին եւ համակիրներին` նամակների, քաջալերանքի եւ աջակցության համար:
«Լուսանցք»-ն ամփոփում ու դադարեցնում է Արմեն Ավետիսյանին զորակցության շարքը. ՀԱՄ առաջնորդը չնայած դեռ ապաքինման փուլում է, բայց նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:Բայց ինչպես միշտ, սրանից հետո էլ պատրաստակամ ենք մեր թերթի էջերում տարածք հատկացնել ազգայնական այդ կառույցի գործունեությունը լուսաբանելու համար:
«Լուսանցք»-ը, հավատարիմ իր սկզբունքներին ու դերին, կշարունակի նաեւ հայ ազգայնականության խնդիրների ու գործերի ներկայացումը:«Լուսանցք» թիվ 29 (115), 2009թ.



