Հայ-թուրքական երազախափագիր

Հայ-թուրքական «կառուցողական» հարաբերություններն ի սկզբանե կասկածելի էին թվում, ներկայումս անիրագործելի: Չնայած Հայաստանի գործադրած ջանքերին, թուրք-ադրբեջանական համերաշխությունը ի չիք է դարձնում բոլոր հնարավոր զարգացումները, եւ հայ-թուրքական կոչված հարաբերություններն այլեւս ձեւական են ու անպտուղ: Սա նույնպես կանխատեսելի էր: Երբ ապրիլի 24-ից ընդամենը 1 օր առաջ հայերն ու թուրքերը Շվեյցարիայում հետագա քայլերը նախանշող փաստաթուղթ ստորագրեցին, դա սառը ցնցուղի պես բան եղավ հայերիս համար՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին, իսկ թուրքերը հերթական հաջողությամբ «սառեցրին» Հայոց ցեղասպանության թեման՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային տալով «ցեղասպանություն» բառը չարտասանելու իրական հնարավորություն: Այսքանով հայկական ֆուտբոլային դիվանագիտությունը սպառեց իրեն, որովհետեւ Անկարան, վախենալով ներթուրքական ընդվզումներից եւ ադրբեջանական հակադրությունից, Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը դարձրեց հարմար պահի օգտագործման քաղաքականություն……

Սա է վկայում նաեւ այն հանգամանքը, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ գրեթե հրաժարվեց գնալ Թուրքիա՝ ներկա գտնվելու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը, այսպիսով նաեւ ի լուր աշխարհի ցուցադրեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն շարունակվում, եւ ֆուտբոլային դիվանագիտությունը չի նպաստում սահմանների բացմանն ու հարաբերությունների հաստատմանը, Անկարան նախաձեռնեց մի նոր փաստաթղթի ստորագրում Շվեյցարիայում, որպեսզի կանխի իր հնարավոր ձախողումը եւ երկարաձգի այն խաղը, որը մենք կոչում ենք հայ-թուրքական հարաբերություններ……

Այդ փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ՝ շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին: Հիշյալ երկու արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին՝ վավերացման համար: Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար՝ համաձայն իրենց սահմանդրական եւ օրենսդրական գործընթացների: Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»: Այսպիսով, Անկարան կարողացավ հերթական անգամ դուրս գալ անելանելի վիճակից եւ կփորձի նոր ելքեր փնտրել հայկական պահանջատիրությունը սասանելու եւ կործանելու համար: Իսկ մինչ այդ ի լուր բոլորի հայտարարվեց, որ հայերն ու թուրքերը «1. Համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում, 2. Համաձայնեցին նաեւ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդատվություններ, իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար, առավելագույնս օգտագործել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, զարգացնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը՝ երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով, համագործակցել գիտության եւ կրթության ոլորտներում՝ համապատասխան հաստատությունների միջեւ հարաբերությունների խրախուսման եւ մասնագետների ու ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով, եւ աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման եւ համատեղ

մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով, համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագա
վառում՝ Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով, ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջեւ առեւտուրը, զբոսաշրջությունը եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով, երկխոսություն ծավալել եւ ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերում, 3. Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ՝ սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց, կստեղծվի աշխատանքային խումբ երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձեւերը կհաստատվեն նախարարական մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո: Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ քան մեկ ամիս անց եւ կգործեն շարունակաբար մինչեւ իրենց մանդատի ավարտը: Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:

Առկա են նաեւ հավելված՝ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման, Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր.

Ձեռնարկվող քայլեր, Ժամկետներ

«1. ընդհանուր սահմանի բացում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում, 2. երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում՝ միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երկու ամիս անց, 3. միջկառավարական հանձնաժողովի եւ իր ենթահանձնաժողովների աշխատաձեւերի հաստատում նախարարների մակարդակով Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երեք ամսվա ընթացքում, 4. միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարում միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո` նախարարական մակարդակով, 5. ստորեւ նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում. – քաղաքական հարցերով ենթահանձնաժողով, – ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ եւ ենթակառուցվածքների հարցերով ենթահանձնաժողով, – իրավական հարցերով ենթահանձնաժողով, – գիտության եւ կրթության հարցերով ենթահանձնաժողով, – առեւտրի, զբոսաշրջության եւ տնտեսական համագործակցության հարցերով ենթահանձնաժողով, – բնապահպանական հարցերով ենթահանձնաժողով, – պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար / հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ, միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ քան մեկ ամիս անց:

Մենք այս ամենը նշում ենք, որպեսզի մեր ընթերցողները կարողանան հասկանալ, հետեւել եւ վերլուծել հնարավոր զարգացումները, «պլյուսներն ու մինուսները»: Հետաքրքիր է, որ այս փաստաթղթի «ծնունդից» հետո սկսվեցին թուրք-ամերիկյան բարձրաստիճան հեռախոսազանգերը, իսկ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռոբերթ Վեքսլերն Անկարայի հետ շփումների ժամանակ կոչ է արել արագություն հաղորդել Հայաստանի հետ սկսած երկխոսության գործընթացին: Նա նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ զրույցի ժամանակ ասել է, որ եթե այդ երկխոսությունն ընդհատվի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կրկին կբերվի ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգ եւ այս անգամ արդեն հավանության կարժանանա: Երեւի այս նույն «ահաբեկումը» հայտնել են նաեւ Հիլարի Քլինթոնը եւ պետդեպարտամենտը: Այսինքն՝ Վաշինգտոնը նպատակ է դրել հասնելու հայ-թուրքական «բարեկամության» հաստատմանը, եւ շուտով ահաբեկումների հերթը Հայաստանին կհասնի… Ճիշտ է, դեռեւս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում ցեղասպանության խնդրի արծարծումից եւ BBC-ին տված հարցազրույցում նշել է. «Ոչ, դա չի կարելի փոխզիջում անվանել: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին: Մենք ասում ենք, որ, այո՛, եղել է Ցեղասպանություն, եւ անկախ նրանից, կճանաչի Թուրքիան, թե ոչ, սա փաստ է, որն ընդունվել է աշխարհում ցեղասպանությունների խնդիրներով զբաղվող բոլոր մասնագետների կողմից, ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից: Սակայն այս պարագայում մենք դա չենք համարում որպես նախապայման թուրքերի հետ հարաբերությունների հաստատման համար»: Բայց որքան կմնա այս համոզմանը ՀՀ նախագահը, երբ ամերիկյան եւ այլ ճնշումները սաստկանան, դեռ կտեսնենք: Սակայն Ս. Սարգսյանը վստահություն չունի թուրքական կողմի հանդեպ եւ այդ հարցազրույցում մասնավորապես ասում է. «Կարծում եմ, նորմալ եւ ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք, ես մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է նույնը՝ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»:

Մենք մնում ենք մեր կարծիքին, որ առանց նախապայմանների թուրքերի հետ հարաբերությունների հաստատումը ի վերջո գերտերությունների շահերի պարտադրմամբ դառնալու է պայմաններ թելադրող քաղաքականություն, եւ հետագայում նախատեսվող նախապայմանները այլեւս կորցնելու են իրենց ուժը, իսկ այս պայմաններում ցուցադրաբար արվելիք հարաբերությունների խաթարումը առավել վնասաբեր կլինի, քանզի համաշխարհային ուժերը արդեն հստակորեն տիրած են լինելու իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին… Իսկ Թուրքիայի հնարավոր տարածքային ամբողջականության ճանաչումն էլ կվտանգի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այսինքն` Հայոց պահանջատիրության հարցը:

Հայկ Թորգոմյան

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 29 (115), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.