Ի՞նչ է աշխարհի վերջը

Քրիստոնեական «մարգարեները» կամ կրոնների հետ կապ ունեցող այլ «մարգարեներ» արդեն մի քանի անգամ գլխակորույս հայտարարել են աշխարհի վերջի մասին, այսինքն՝ Երկիր մոլորակի վերջի: Արդեն մի քանի անգամ «վերջը» նախանշող թվականներ են նշվել, որոնք ապրել-անցել ենք ու դեռ կանք:

Սակայն, հարյուրամյակների ընթացքում կրոնաբաղձաբար բազմիցս «հետաձգել» են այդ «վերջի գալուստները»՝ ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով, որոնց նույնիսկ անդրադառնալ չարժե, քանզի նույնքան տաղտկալի են, որքան «հիմնավորումները»:

Եթե հիմա այդ «աշխարհի վերջերը» դիտարկենք կրոնական տեսանկյունից, ապա հատկապես Հիսուս Քրիստոսն է ուշանում «մարգարեների» «մարգարեությունները» կատարելու «պարտականությունից» եւ ամեն անգամ անհարմար վիճակներ է ստեղծում այդ «հանճարների» համար… ինչը նրանց մղում է նորանոր «մարգարեությունների»:

Վաղուց պիտի բոլորին հայտնի լիներ, որ ո՛չ Քրիստոսը, ո՛չ Եհովան, ո՛չ Բուդդան, ո՛չ Ալլահը, ո՛չ Կրիշնան, ո՛չ Կոնֆուցին, ո՛չ էլ որեւէ այլ կրոնական խեղաթյուրումների հերոս դարձած (արհեստական) Աստված կամ Աստծո որդի չեն կարող բերել աշխարհի կործանումը: Այդ կործանումը մեր միջի ընչաքաղցներն ու տգետներն են բերելու՝ արարչականությունից հետզհետե զրկվող եւ իրականում աստվածամերժ մարդկությունը՝ Տիեզերքից-Տիեզերակարգից կտրվելու, իրական Արարչից եւ Արարչաստեղծ Աստվածներից (ո՛չ մարդու ստեղծած) հրաժարվելու եւ սին աստվածակռապաշտությամբ զբաղվելու ու մարդուն աստվածացնելով` Արարչի տեղ դնելու կրոնախեղ ցանցառություններից արբեցած… Մենք ենք մեր աշխարհը` մոլորակը կործանելու:

Երբ կրոնական պատկերացումները չեն համադրվում բարձր գիտա-մտավոր վերլուծությունների հետ, ապա կրոնները վեր են ածվում Երկրից վեր ու Տիեզերքից անջատ մի հոգու (հավատի), որը զուրկ է իր մարմնից, իսկ գիտա-մտավոր ներուժը վեր է ածվում Երկրից վեր ու Տիեզերքից անջատ մի մարմնի, որն էլ զուրկ է հոգուց, ուստիեւ` գենետիկ ինքնասնումից…

Երկու դեպքում էլ աշխարհի կործանումներն առկա են: Առաջին դեպքում՝ կրոնախեղումները կործանում են հոգու եւ մարմնի ներդաշնակորեն գոյատեւելու միաձույլ աշխարհը, անմահ հոգուն զրկում են տիեզերական առնչություններից եւ ինքնահաստատումից, երկրորդ դեպքում՝ կործանվում է մարմնի մեջ զետեղված արարչական գենի՝ հոգեւոր լույսով մարդկային աչքերին անտես Տիեզերական Արարածների հետ շփվելու աշխարհը, ինչը մարդկային միտքը սահմանափակումների է ենթարկում եւ արգելակում է տիեզերաճանաչողությունը: Քանզի մարդկային աչքերը չեն կարող ամեն բան տեսնել Տիեզերքում եւ պետք է ունենալ նաեւ հոգու աչքեր…

Երբ կրոնական «մարգարեները» ամեն անգամ փորձում են աշխարհի վերջը մոլորակի վերջ «դարձնել», ապա պետք է նշենք, որ նրանց «կանխատեսումները» միայն իրենց աշխարհի՝ կրոնա-հավատքային աշխարհի վերջի մասին է, որն իրապես գալիս-մոտենում է, եւ դա համառոտ արծարծեցինք վերեւում:

Երբ գիտնականներն ամեն անգամ փորձում են ավելի վեր կանգնել ու Մոլորակի վերջը կապել Արեգակի կործանման հանգամանքի հետ, ապա պետք է նշենք, որ հոգեւոր ներաշխարհի բացակայությունը նրանց զրկել է Տիեզերական Կյանքը իրապես դիտարկելու հնարավորությունից: Տիեզերքը մի շնչող մարմին է՝ Արարչի Մարմինը, որն ունի հստակ գործառույթներ՝ կապված Բարու եւ Չարի աշխարհների գոյատեւման հետ, Տիեզերական Սեւ Խոռոչներից այսդին եւ այնդին մեզ անտես իրականության հետ: Այն, որ Տիեզերքի Մարմինները եւ Արարածները միլիարդավոր (շա՜տ ավելի) տարիներ հստակ գոյատեւում ու կատարում են իրենց առաքելությունը (նույնիսկ՝ հստակ մահանում են), դա միայն ու միայն Ամենաբարձրյալի, Ամենահզորի, Ամենատեսի եւ Ամենա-Ամենա-ի իրավասությունների շրջանակում է, եւ երբ մարդկությունը վերջնականապես հեռանա Տիեզերքի Արարչական Կարգից, ապա վստահաբար Արեգակը մի օր կմարի առանց փոխարինման, Լուսինն էլ կհեռանա Երկրից՝ նույնպես առանց փոխարինման: Արեգակի մարումը գիտնականները տեսնում են ավելի քան 5 մլրդ. տարի հետո, իսկ Լուսինն արդեն բավականին հեռացել է Երկրագնդից՝ կապված Երկրի ու Լուսնի փոխհարաբերություններից ու փոխազդեցություններից, ինչը մղում է Լուսնին հետզհետե հեռանալու: Նախկինում Երկրից Լուսինն ավելի մեծ էր երեւում եւ ազդեցությունն էլ ավելի մեծ էր… Ահա, այսպես էլ գիտնականներն են տեսնում «աշխարհի վերջը»: Սակայն պետք է ասենք, որ սա էլ նրանց գիտական աշխարհի վերջն է՝ մարդկային անհոգի մտքի սպառումը:

Երբ մարդկությունը կամ ավելի ճիշտ բնական ազգերը վերադառնան իրենց Տիեզերակարգով ապրելակերպին, ապա Երկիր մոլորակն իրապես կհայտնվի Բարի Տիեզերաշխարհի գործառույթում, եւ կգործի եւ՛ ինքնապահպանման եւ՛ արտաքին պահպանման արարչական գործառույթը: Մի գեղեցիկ օր մարդկությունը ականատես կլինի Երկու Արեգակների գոյությանը, որն իհարկե, ժամանակավոր բնույթ կկրի, մինչեւ մեկի մարումը եւ մյուսի նրան փոխարինումը: Այս գործառույթը իրականություն կդառնա նաեւ մեր հեռացող Լուսնի եւ մեկ այլ՝ մոտեցող Լուսնի պարագայում…

Իսկ եթե մարդկությունը, նրա բնական ազգերը շարունակեն գոյատեւել սին կրոնահավատքային կամ կիսատ-պռատ հոգեմտավոր (նույնն է` թե նյութական) աշխարհում, Չարի Տիեզերաշխարհի գործառույթում, ապա առանց որեւէ տարեթիվ նշելու, հստակ կասենք, որ աշխարհի վերջը մոտենում է, այսինքն՝ իրապես հենց Երկիր մոլորակի կործանումն ընթանում եւ մոտենում է իր վերջին… Լուսավորի վերջին: Քանզի չի բացառվում, որ Խավարի իշխանությունը թագավորի վերջնականապես եւ մոլորակն էլ դադարի լինել կենդանի մարդկության օրրան եւ դառնա հոգիների աշխարհ… ինչպես շատ այլ մոլորակներ, կամ էլ իսպառ վերանա որպես սպառված խոտան՝ սլանալով դեպի Տիեզերական Սեւ Խոռոչները…

Մեր կյանքը, մեր մոլորակի փրկությունը ճշմարիտ Տիեզերահավատի եւ արարչաբնույթ գիտամտավոր ունակությունների վերահաստատման մեջ է:

Դիցուկ՝ հայերիս պարագայում ինքնափրկումը (այլոց փրկումը նույնպես) լիովին հնարավոր է, քանզի մենք բնիկ-արարչաստեղծ ազգ ենք, ունենք մեր Աստվածները, մեր հոգիների Տիեզերաշխարհները, մեր տարաբնույթ տիեզերակապերը եւ ունեցել-ունենք հզոր Տիեզերահավատք ու գենետիկ գիտամտավոր ունակություններ, ինչը պարզապես վերականգնել-վերահաստատել է պետք…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 3 (116), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.