Ազգային ընդդիմություն խաղալու ճանապարհին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: «Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի իրական պատճառը կարելի է միայն իրենից իմանալ, բայց նրա հրաժարականի վերաբերյալ մի քանի մեկնաբանություններ է կարելի տալ»,- ասել է ՀՀԿական Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով, «Ժառանգություն» խմբակցության անդամի մանդատները վայր դնելու պատճառներից մեկը կարող է լինել, այն, որ Ր. Հովհաննիսյանը տեսնում է, որ իր կողմից նույնպես հետապնդված հարցերը պետությունն ինքն է արդեն լուծում եւ գնում է հարաբերությունների նորմալացմանը»: «Այս առիթով, նա կարող է ասել, որ էլ անելիք չունի ու թող պետությունն ինչ անում է՝ անի: Եվ երկրորդ, կարող է ասել, որ պետությունը, նախագահն ու կառավարող կուսակցությունը սխալվում են, եւ սա կարող է հանգեցնել վատ հետեւանքների հայ ժողովրդի համար:

Դրա համար էլ կարող է ասել, որ ձեռքերը լվանում է, քաշվում է մի կողմ, որ այդ մեղքն իր վրա չընկնի»,- ավելի է մանրամասնում Ռ. Պետրոսյանը: Խոսելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ նույն արարքի մասին՝ Ռ. Պետրոսյանը նշել է, որ վերջինս իր քայլի համար բացատրություն տվել է ու մեկնաբանել է իր գործողությունները: Խ. Սուքիասյանը մանդատը վայր է դրել զուտ այն պատճառով, որ այլեւս չի ցանկանում լինել այն ԱԺ-ի պագամավորը, որը «թույլ է տվել իրեն ձերբակալել»:

Այսպես «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը կորցրեցին մեկական ԱԺ պատգամավոր, բայց քայլ արեցին իրենց ազգային ընդդիմության շղարշով պատելու համար…

Հաջորդ ազգային ընդդիմության թեկնածուն՝ ՀՅԴ-ն առայժմ պահպանում է իր մանդատները, սակայն, ազգային երեւալու այլ խաղեր է տալիս… Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանից լրագրողներն ասուլիսում հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացման պատճառով վայր դնի իր պատգամավորական մանդատները, սակայն, հարցը մի քիչ բարկացրեց Հրանտ Մարգարյանին եւ վերջինս բավականին վրդովված պատասխանեց. «Խորհրդարան մենք գնացել ենք ժողովրդի քվեով, այնտեղ մենք ձեռքներս ծալած նստած չենք կամ աշխատավայր չենք գնում սուրճ խմելու համար: Այնտեղ մենք գործ ենք անում ազգի, հայրենիքի առջեւ դրված խնդիրների առումով: Կարող է փոքրամասնություն ենք, եւ դրա համար ձայնը լսելի չէ, բայց անպայման ազդեցություն ունենք»: Ու այդ իսկ պատճառով լքել խորհրդարանը, ըստ Հ. Մարգարյանի, դաշնակցությունը չի պատրաստվում: «Պետք է աշխատանք անես, ինքնադրսեւորվես, ասես ճշմարտությունները, քողազերծես կեղծիքները: Հո տրված նվե՞ր չի, որ հրաժարվում ես»,- հավելեց ՀՅԴականը: Զարմանալի է, երբ ՀՅԴ-ն իշխանության մեջ էր ու ձայնը է՛լ ավելի լսելի էր ու առավել ազդեցիկ կլիներ օտարների համար… ձայն չհանեց: Հիմա ընդդիմություն դառնալով բողոքում են, թե «կարող է փոքրամասնություն ենք, եւ դրա համար ձայնը լսելի չէ…»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ր. Հովհաննիսյանի հրաժարականի մասին լուրը դաշնակցականը չմեկնաբանեց: Ուղղակի ասաց, որ Ր. Հովհաննիսյանի այդ քայլն իր համար, առնվազն, արդարացված է:

ԱԺ նախագահի խոսնակ Նաիրի Պետրոսյանը տեղեկացրեել է, որ պատգամավորը անձամբ պետք է ներկայացնի ԱԺ նախագահին մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

Ինչեւէ, հայ-թուրքական հարաբերությունները նոր առիթ դարձան ընդդիմադիր խաղերի համար եւ, ՀԱԿ-ը իրեն կոչելով ազգային, համաձայնում է այդ հարաբերությունների կարգավորման հետ, ՀՅԴ-ն ընդդիմանում է, իսկ «Ժառանգություն»-ը կիսով չափ համաձայն է, կիսով չափ՝ ոչ: Ահա այսպես դիրքավորվելով՝ այս ուժերը փորձում են ինքնուրույն բեւեռ երեւալ եւ այն էլ՝ ազգային:

ՀԱԿ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած «ազգային» ուղուն մենք ծանոթ ենք, ՀՅԴի իշխանատենչական նկրտումներին եւ սին ազգայնական կեցվածքին՝ նույնպես, իսկ «Ժառանգություն» կուսակցության ամերիկամետ հակումները երբեք գաղտնիք չեն եղել…

Ուրեմն՝ մնում է ձերբազատվել ազգային բառից, եւ ինչ ընդդիմություն ուզում են՝ թող կոչվեն վերոնշյալ ուժերը եւ որ երկրի շահերն ուզում են՝ թող պաշտպանեն Հայաստանում: Դա թաքցնել երբեք չեն կարող: Այս ընդդիմությունները նույն իշխանությունն են, սա
կայն այսօր ընդդիմություն են այդ իշխանությանը՝ միմիայն աթոռատեղափոխության համար:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 3 (116), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.