Ադրբեջանցի մի լրագրող հարցրել է` ինչպե՞ս կարելի է բացատրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթղթերի նախաստորագրումն ու պաշտոնական Անկարայից հնչող այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հարցում առաջ քաշած նախապայմաններից չեն հրաժարվելու:
Ահա այսպիսի պարզունակ դիվանագիտություն, որ խաղում են Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի գլխին: Ու պարզունակ են խաղում ամենեւին ոչ այն պատճառով, որ ավելին անել, ավելի խորամանկ լինել չեն կարող, այլ որովհետեւ դյուրահավատներին ու միամիտներին հավատացնելու համար ջանքեր գործադրել պետք չէ: Այսպես բարեկամաբար Հայաստանին համոզելով՝ ստորագրել կտան Անկարային հույժ անհրաժեշտ փաստաթղթերը, հետո 2 թյուրքական երկրները արդեն թշնամաբար (իրենց իրական դեմքով) միասին կլուծեն իրենց առջեւ ծառացած բոլոր հարցերը…
Կարեն Բալյան
Արցախի վրա ճնշումները դեռ կավելանա՞ն
ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն երեկ ընդունել է 2010 ֆիսկալ տարում արտասահմանյան օգնության հատկացման մասին օրինագիծը, որի շրջանակներում Հայաստանը կստանա 30 մլն. դոլար, ինչը 18 մլն. դոլարով քիչ է, քան նախորդ ֆինանսական տարում: Օրինագիծը նախատեսում է նաեւ 22 մլն. դոլարի հատկացում Ադրբեջանին: Ի տարբերություն նախորդ տարիների, 2010թ. չի նախատեսվում օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին:
Ըստ որոշ տվյալների, կպահպանվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հարաբերակցությունը: Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում հաստատվելուց հետո օրինագիծը կուղարկվի ԱՄՆ նախագահի ստորագրմանը:
* * *
Զինադադարի նոր խախտում
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է, որ սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը եւ օրվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուրահմանլի, Չախրլը, Աշաղը Վեյսալի, Մարզիլի, Կարակալը, Ջրաբերդ եւ Վերին Չայլու բնակավայրերի ուղղություններում տեղակայված արցախյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Վերջերս շատացել են սահմանագծային խախտումները եւ կարծես միտում կա, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ դրանք կավելանան ու գուցեեւ թեժանան:
Գոհար Վանեսյան
Արցախի Ատլասը վերջի՞նը կլինի
Արցախ-ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնի կողմից 2007-2009թթ. ընթացքում կազմվել եւ տպագրության է պատրաստվել Արցախ-ԼՂՀ Ատլասը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որը վերջերս տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում: Ատլասը պատմա-աշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Ատլասում ամփոփված միջին եւ խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզները, տեքստերը եւ սխեմաները Արցախ-ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության ու մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում:
Ատլասում ներկայացված են նաեւ աշխարհա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական իրադարձություններ, որոնք վճռական դեր են խաղացել Արցախի հայերի պատմական զարգացման մեջ: Ատլասը լույս է տեսել 1500 օրինակ տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու Ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտություն
ների թեկնածու Մանուկ Վարդանյանը (ՀՀ կադաստրի պետկոմի նախկին նախագահ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական):
Հիշեցնենք, որ Մանուկ Վարդանյանի ղեկավարությամբ տպագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության երկհատորյա եւ բավականին տարողունակ Ատլասը, որը լուրջ անդրադարձ է հայոց պատմությանը՝ քարտեզագրությամբ եւ այլ տվյալներով: Այդ երկհատորյա Ատլասն այնպես էր ապշեցրել եվրոպական երկրների համապատասխան ոլորտների ղեկավարներին ու մասնագետներին, որ նրանք անթաքույց հիացմունքով խոստովանում էին, թե իրենք անգամ այդ որակի Ատլաս չունեն: Նկատի ունենանք. խորհրդային տարիներին Հայաստանին վստահվում էր միայն նյութերի մշակումը, բայց տպագրումն ու վերջնական որոշումը Մոսկվայինն էր: Բացի այդ` սեփական Ատլաս սեփական ուժերով ունենալը հատուկ է զարգացած երկրներին:
Ինչեւէ, գոնե կա մի ոլորտ, որտեղ Հայաստանն էլ կարող է հպարտանալ: Սակայն հարց է ծագում` արդյո՞ք Արցախի Ատլասը վերջինը կլինի: Քանզի «չար» լեզուներն ասում են, թե կադաստրի պետկոմի ներկայիս նախագահ Երվանդ Զախարյանը (Երեւանի նախկին քաղաքապետը) առաջին գործը որ կարեւորել է նշանակվելուց հետո, իր սենյակը հիմնովին վերանորոգելն ու սենյակին կից խոհանոց սարքելն է եղել…
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 31 (117), 2009թ.



