Ձյուդոյի առաջնության ժամանակ բացասական պատասխանեց հանդիսատեսը
Երեւանում սեպտեմբերի 11-ին մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության պաշտոնական բացման արարողությունը կայացավ սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստան էին ժամանել 38 երկրների ներկայացուցիչներ (295 մարզիկներ, մարզիչներ, լրագրողներ):
Առաջնության պաշտոնական բացման արարողության համար երբ բեմ հրավիրվեցին մասնակից երկրների դրոշակակիրները, Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների երեւալուն պես դահլիճը դժգոհության «նոտա» արձակեց:
Լրագրողական աշխարհի մի հատված այդ դժգոհությանը բավականին ընդգծված ջղային պահվածքով մոտեցավ. «Ախր չի կարելի»: Մյուս հատվածը կատաղեց. «Ինչու՞ չի կարելի, չե՞ք տեսնում՝ ի՞նչ են անում միջազգային խաղերի ժամանակ մեր գլխին»: «Ախր չպետք է իջնենք նրանց (թուրքերի-ադրբեջանցիների-Ա. Ք.) մակարդակին»,- լրագրողների «քաղաքակիրթ» հատվածն էր: «Դե մի իջե՜ք, վաղն էլ կդնեն ու խոզի պես էլի կմորթեն: Դուք էլ քաղաքավարի-քաղաքավարի կմորթվեք»,- մյուս հատվածն էր: Ու այդպես վիճաբանեցին «քաղաքակիրթ» ու «գեղցի» հայերը: Ես, որպես լրագրող, առաջին անգամ չներքաշվեցի այս կարգի վիճաբանության մեջ: Բայց ուշադիր զննում էի երկու կողմերին էլ. հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս չափից ավելի քաղաքակիրթ երեւալ ջանացողներից քաղքենու հոտն առա, իսկ «գեղցիները» պարզապես իրատեսներ էին: Վեճը երեւի երկար կշարունակվեր, եթե դահլիճի լռությունը չճեղքեր հայ հանդիսականների երգը՝ «Ուս-ուսի տված, առյուծի նման, եկել է ժամը, ժամը հաղթության»… Միայն թե երգից հետ մի հատվածը հիստերիկաբար զզվեց «գեղցիներից», մյուսն էլ առողջ ծաղրեց «քաղաքակիրթներին»…
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 31 (117), 2009թ.