Սեփական հայրենիքում զբոսաշրջի՞կ

Միայն ապուշը կհամաձայնի

Թուրքական «Հուրիեթ» (Hurriyet) պարբերականը հրապարակել է դիտարկումներ այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինչ ազդեցություն կունենա երկրների տնտեսությունների վրա:
Որոշակի պարզաբանումներ ստանալու համար օրաթերթը դիմել է թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքին:
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը ներկայումս կազմում է շուրջ 150 մլն դոլար: Կարճ ժամանակահատվածում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել` հասնելով մինչեւ 300 մլն դոլար: Իսկ առաջին երեք տարում առեւտրաշրջանառության ծավալները հակված են լինելու հասնել մինչեւ 1 մլրդ դոլարի»,- ըստ «Հուրիեթ»-ի, ասել է թուրք համանախագահը եւ հավելել, թե սահմանների բացումը կուղեկցվի առեւտրի աշխուժացմամբ ու դա կնպաստի երկրի արեւելյան շրջանների, մասնավորապես, Կարսի զարգացմանը:

Քաահ Սոյաքն ակնկալիքներ ունի. ամենարագ տնտեսական զարգացումն արձանագրվելու է զբոսաշրջության բնագավառում: «Վանի Ախթամար կղզին, Անիի ավերակները Կարսում եւ Հայաստանի սբ. Էջմիածինը կազմում են այն եռանկյունին, որը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում եւ այլ երկրներում ապրող 7 մլն հայերի համար այցելության ամենացանկալի տեղն է: Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այդպիսի երաշխիք տուրիզմի համար չկա»,-նշել է Սոյաքը:
Փաստորեն, մեզ արդեն փորձում են վարժեցնել այն բանին, որ մենք պետք է մեր հայրենիքի մի հատվածում` Արեւմտյան Հայաստանում բացառապես զբոսաշրջիկ լինենք: Եթե սա հանդուրժենք, ուրեմն… չեմ ուզում շարունակել, թե չէ կարող եմ վիրավորանքներ տեղալ…
Որովհետեւ զզվում եմ այն մարդկանցից, ովքեր Մասիսը տեսնելու համար «մեռնում» են, բայց Մասիսը ազատագրելու համար 10 դրամ անգամ գրպանից չեն հանում:
Որովհետեւ ատում եմ այն մարդկանց, ովքեր «հայրենասեր» են … սեղանների շուրջ: Նաեւ, հատկապես մեր օրերում, խորշում եմ բոլոր նրանցից, ովքեր առավոտից իրիկուն Նժդեհից են մեջբերումներ անում, բայց սեփական քամակներն անգամ չեն շարժում Նժդեհի պես գոնե մեկ օր ապրելու համար:
Մի խոսքով, սրտխառնոց եմ ունենում նրանցից, ովքեր էությամբ գրասենյակային առնետներ են…
Ինչեւէ, այդ նույն Սոյաքը ուշադրություն է հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ու սահմանի բացումից հետո կվերագործարկվի Կարս-Գյումրի երկաթգիծը, որն ի զորու կլինի փոփոխություն մտցնել Միջին Ասիայի երկրների, Ռուսաստանի համակարգերում. «Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացումը, տնտեսապես շահավետ լինելուց զատ, կդառնա Աֆղանստանի հետ կապող ամենահուսալի ճանապարհներից մեկը»:
Նրա խոսքերով, երկու երկրների հարաբերությունների բնականոնացումն ունի նաեւ էներգետիկ նշանակություն:
Մի խոսքով, թուրքերը, ըստ ռուսական ասացվածքի, փլավը կախում են, իսկ դրա համար ամենահարմարը հայերիս ականջներն են:

Նարե Մշեցյան

Լուսանցք» թիվ  32 (118),  2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.