Հ ր ա ժ ա ր ա կ ա ն

Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Արամ Սիմոնեանին,

Յարգարժան պր. Սիմոնեան,
Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ եւ խոր շնորհաւորանքները Մայր Բուհի փառապանծ 90-ամեայ յոբելեանի առթիւ, համալսարան, որի ուսանողը լինելու պատիւն ու երջանկութիւնն եմ ունեցել, թէեւ իմ ուսումնառութիւնը մնացել է կիսատ՝ Արցախեան շարժման մասնակցելու «աններելի յանցանքի» համար առեւանգումով եւ ԽՍՀՄի սահմաններից անմիջապէս արտաքսումով: Նման հեռանկարը բացառուած չէ նաեւ այսօր` 21 տարի անց, ՀՀ իբրեւ թէ անկախ պետականութեան պայմաններում՝ իմ նոյնպիսի գործունէութեան համար:


Ցաւօք սրտի, 90-ամեակի տօնակատարութիւնը զուգադիպեց համազգային մի այնպիսի յուզական ալիքի, որի նմանը քիչ է պատահել մեր պատմութեան մէջ: Արդարեւ, ՀՀ իշխանութիւնները, ՀՀ նախագահի գլխաւորութեամբ, ոչ միայն տանում են ազգակործան գործունէութիւն, այլեւ` կատարում են հայ-թուրքական գործընթաց կոչուող ազգային դաւաճանութիւն:
Անչափ վրդոված եմ, որ օրնիբուն հայոց պատմութիւնից բարբառող եւ Հայոց Ցեղասպանութիւնից ճառող տիտղոսաւորներ կա՛մ լռում են այս երեւոյթին ի տես, կա՛մ էլ, մասնակցում այդ դաւաճանութեան` փաստաբանի դեր կատարելով Սերժիկ Սարգսեան կոչեցեալի համար: «Մեր ժամանակներում պատմաբանը պէտք է զինուոր լինի»,- ասում էր պատմաբան-հրամանատար, լուսահոգի Բագրատ Ուլուբաբեանը: Նման տիտղոսակիրներին կարելի՞ է «զինուոր» պատուանունը շնորհել: Եթէ այո, ապա այդպիսիք այսօր դասալիքներ են պարզապէս (այս նամակում չեմ ուզում աւելի ծանր որակումներ տալ)……
«Չկա՛յ աւելի մեծ պղծութիւն քան սեփական ժողովրդի պատմութեան չարամիտ աղաւաղումը»,- գրել է Գարեգին Նժդեհը («Իմ Պատասխանը»), իսկ որ այս գործընթացը տանելու է նման պղծութեան` դրանում որեւէ կասկած չունեմ (բաւարար է միայն պատմական հարցեր քննելու կոչուած յանձնաժողովի մասին կէտը):
Յարգարժան պր. Սիմոնեան,
Սոյնով իմ հրաժարականն եմ ներկայացնում Երեւանի Պետական Համալսարանի Հայագիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնից: Ինձ համար աներեւակայելի խայտառակութիւն է լինել աշխատակիցը – այն էլ` Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնում – մի կառոյցի, որի ղեկավարութիւնը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատւութիւնը հիմնայատակ քանդող դաւաճանական գործընթացի (յետագայում էլ հաւանաբար լինի անմիջական յանցակիցը` «պատմութեան վիճելի հարցեր քննարկելու» պիտակի տակ), փոխանակ լինելու առաջամարտիկը դա տապալող համահայկական շարժումի:
Այսպիսով Դուք ազատուած կլինէք ՀՀ իշխանութիւնների դաւաճանութեան դէմ իմ յետագայ գործունէութեան համար նոյն իշխանութիւնների կողմից Ձեզ պատճառուելիք հաւանական գլխացաւանքներից եւ պատասխանատուութիւնից:
Յարգանքներով`‘

Գէորգ Եազըճեան, (պատմ. գիտ. թեկնածու)
Երեւան, 5 հոկտեմբեր 2009թ.

Հ.Գ. – «Լուսնացք»-ն իր փոստին հասցեագրված նամակները տպագրում է առանց որեւէ փոփոխությունների` հարգելով հեղինակային բացարձակ իրավունքը:
Այս բովանդակությամբ նամակներ են ուղարկվել նաեւ բուհական բարձրաստիճան պատմաբանների:
Իսկ, առհասարակ, մի քանի տասնյակ պատմաբանների վերլուծական մտքի պապանձումն ու հիշողության կորուստն այլեւս զարմանալի չեն: Հիմա պատկերացրեք, թե պատմաբանների հանձնաժողովը ինչ վտանգավոր երեւույթ կդառնա… եթե…

«Լուսանցք» թիվ  34 (120),  2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.