Հիմա դպրոցներում դասարանները «թռնովի» են դարձել, այլ կերպ` երեխաները արհեստականորեն մեծանում են` ասենք 3-րդ դասարանից միանգամից փոխվելով 5-ի, եւ այդ հինգը միայն անունը չէ. ուսուցման ծրագիրն էլ է 5-ի: Այսինքն` 3-րդ դասարանցի 9 տարեկան երեխան դառնում է հինգերորդ դասարանցի, եւ եթե փոքրիկը մեկ տարի առաջ ընդամենը մի քանի առարկա էր ուսանում, ապա հիմա նրա գլխին են «թափվում» տարբեր առարկաներ: 9 տարեկան երեխան, որ դեռ խաղալ է ուզում, ստիպված է գիշեր-ցերեկ սերտել հայերենատառ, բայց ոչ հայերեն գրված դասագրքերը: Դրանց հերթով կանդրադառնանք:
Այժմ խոսենք 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքից: Չգիտեմ` ով է այդ գրքի հեղինակ ոմն Գ. Գասպարյանը: Անկեղծ ասած` չեմ էլ ուզում: Որովհետեւ յուրաքանչյուր երկրում էլ կարող են լինել տխմար մասնագետներ, բա կրթության նախարարությունն ինչի՞ համար է: Բացատրեմ` ինչ նկատի ունեմ տխմար ասելով. դա երեխայի հոգեբանությունից ոչինչ չհասկացող մասնագետն է եւ ավելին` ինքն էլ անհոգի է: Հիմա այս Գ. Գասպարյանն է, ով գուցե անգլերեն լավ գիտե ու մասնագետ է այդքանով, բայց` արդեն ասացի` տխմար է: Որովհետեւ նրա հեղինակած դասագրքի, ի դեպ, ՀՀ-ի հայկական դպրոցների համար նախատեսված դասագրքի հենց առաջին էջում գրված է` what nationality are you? – ի՞նչ ազգից ես (կամ` ո՞րն է քո ազգությունը), եւ զուգահեռ տողում գրված է պատասխանը` I am American – Ես ամերիկացի եմ: Այսինքն` Հայաստանում հայ երեխան բացում է դասագիրքը եւ սովորում, որ ինքը ամերիկացի է: Հիմա` չեմ կարող ասել` իրականում ի՞նչ ազգ է Գ. Գասպարյանը, բա լավ, մեր կրթության նախարարությունում մի հայ չկա՞ր, որ թույլ չտար այս դասագրքի տպագրումը: Հենց միայն առաջին էջը նայեր ու թույլ չտար… Չնայած, կրթության նախարարությունը կրթակարգի համար պատասխանատու չէ, նրա խնդիրը սեզոնին փող աշխատելն է…Հետաքրքիր է, իսկ ինչի՞ց ելնելով է Գ. Գասպարյանը գրել` I am american, այլ ոչ թե` I am turkish (թարգմանաբար` ես թուրք եմ)… Ինձ մնում է Գ.-ին բացատրել, որ, որպես մասնագետ, մի սխալ էլ է թույլ տվել` ամերիկացի ազգ չկա:
Անի Մարության
Հ.Գ. – «Լուսանցքի»-ի կողմից – մենք բազմիցս ենք անդրադարձել սխալ` հակահայկական ու հակագիտական դասագրքերին: Կոչ ենք անում բոլոր ծնողներին, ուսուցիչներին` կուրորեն չդասավանդել երեխաներին, հասկանալ, թե սխալ ուսուցումը վաղն ինչպես է ազդելու նրանց ճակատագրերին:
«Ապազգային դպրոց» խորագրի ներքո կընդունենք նյութեր, լուսանկարներ` տպագրելու համար: Անտարբեր չլինենք. երկրի ապագան դպրոցի ձեռքում է:
«Լուսանցք» թիվ 34 (120), 2009թ.