Շաբաթվա մարզական կյանքից

Գերազանց արդյունք
Լեհական Վլադիսլավովո քաղաքում կայացավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Մեր մինչեւ 23 տարեկան տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկով գրավեց 1-ին տեղը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Մեր ծանրորդները Եվրոպայի երիտասարդական անդրանիկ առաջնությունում նվաճեցին 6 մեդալ՝ 3 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ:
Արթուրն անկասելի է
«Showtime» հեռուստաընկերության կողմից պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում կազմակերպված գերմրցաշարում Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Ջերմեյն Թեյլորին:


«Ես հենց այսպիսի հաղթանակի էի ձգտում: Ուզում էի, որ այն վառ ու վստահ լինի: Ողջ մենամարտի ընթացքում պահ էի փնտրում, որ նոկաուտի հասցնող հարված հասցնեմ, եւ, վերջապես, դա ինձ հաջողվեց 12-րդ ռաունդում: Գերազանց մարտ էր, գերազանց հաղթանակ: Ապրի Թեյլորը, շատ ուժեղ տղա է, սակայն իմ դեմ մենամարտում նա ոչ մի հնարավորություն չուներ»,- մենամարտից հետո ասել է Արթուր Աբրահամը:
Պարտությունից հետո ամերիկացի Ջերմեյն Թեյլորն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժման համար: Նա խոստովանել է, որ նույնիսկ չի տեսել Արթուր Աբրահամի՝ աջ ձեռքով կատարած հարվածը, որը նրան հասցրեց նոկաուտի: Նա վերականգնվում է Գերմանիայում, իսկ բուժումը կշարունակի ԱՄՆ-ում:

Օլիմպիադան եւ քաղաքականությունը
«Եթե Ռուսաստանն իր նվաճողական զորքերը չհանի Վրաստանի տարածքից, Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը բոյկոտելու հարցը հրատապ կդառնա»: Այս մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի խորհրդարանում, որտեղ տեղի է ունեցել երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի եւ արտաքին կապերի ու արտասահմանյան հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի համատեղ նիստը:
«Սոչիում Օլիմպիական խաղերի անցկացումը ցինիզմ կլինի: Այնտեղ բնակվում էին ժողովուրդներ, օրինակ՝ չերքեզների մի մասը, որոնց ռուսները լիովին ոչնչացրեցին»,- Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիի խոսքերը մեջբերել է «Ռոսբալթ»-ը:
«Այդ Օլիմպիադան տեղի է ունենալու մարդկանց ոսկորների վրա: Երկիրը, որն այսպիսի պատմական անցյալ ունի եւ այսօր էլ շարունակում է մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ըստ իս, արժանի չէ այնպիսի միջոցառման, ինչպիսին Օլիմպիադան է»,- ավելացրել է պատգամավորը:
Շատ հեշտ են խոսում վրացի օրենսդիրները` «մոռանալով»` թե՛ Ջավախքում եւ թե՛ հայկական այլ բռնազավթված տարածքներում ինչեր են անում իրենք՝ վրացիները, եւ դեռ ակնկալում են էլի տարածքներ կորզել Հայաստանից…

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 36 (122), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.