Պարզվում է, որ այս հանգամանքը պատահական բնույթ չունի: Դրա ապացույցն է մեկ այլ հայերեն արմատ կամ երկու համանուն արմատներ: Նույն արմատական բառարանից կարդում ենք հայերեն Ծան արմատի մասին. «ճանաչել», արմատ առանձին անգործածական… Այս նույն ծան արմատով է կազմված՝ չ ածանցականով, նախաձայն ծ ազդվելով չ ձայնից վերածուել է իր աստիճանի շչող ճ-ի»:
– Բնիկ հայ. բառ` հնխ. gn- սղեալ արմատից. մյուս ձեւերն են հնխ. g՛ene-, g՛eno, g՛ne-, g՛no-. սանս. jna ներկան՝ janati «ճանաչել, գիտել, ծանոթ լինել», զնդ. zan «ճանաչել, գիտենալ». պրս. dan-am «գիտեմ», հլտ. gno-sco =լտ. nosco «ճանաչել, գիտել, սովորել». գոթ. kann «գիտեմ», kunnum «գիտեմք», kunnan «գիտել, ճանաչել», հբգ. kunnan «գիտենալ, կարենալ»:2 Սակայն այս ծան-ից կամ ճան-ից բացի հայերենեում կա եւս մեկ ճան արմատ, որը Աճառյանը դիտել է որպես առանձին համանուն արմատ: Այս վերջինի մասին Աճառյանը գրում է. «Ճան` արմատ առանձին անգործածական եւ անհայտ նշանակությամբ. գտնվում է միայն հետեւյալ բառերի մեջ. դավաճան «դավող, նենգող» ՍԳր. խրախճան «խնջոյք» ՍԳր. ճակաճան «իգամոլ, իգասեր» Եփր. թագ. տիրաճան «իր տիրոջ սիրո՞ղ» Թր. Նչ. եւ Երզն. քեր. գինեճան «գինեմոլ» Տիմոթ. կուզ. էջ 19. ճոխաճանութիւն «հպարտութիւն, պարծենկոտութիւն» Ոսկ. ես. 17. երախճան «սանձ»:
Այնուհետեւ ավելացնում է. «Վերի ածանցներից մի քանիսի մեջ -ճան նշանակում է «սիրող, ցանկացող, մոլի». այդպես են ճակաճան, գինեճան, տիրաճան. թերեւս նաեւ ճոխաճան դավաճան. այս պարագային կարելի է թերեւս համեմատել հպրս. Canah ձեւի հետ. (հմմտ. aspa-canah «ձիասեր»). բայց ի՛նչպես մեկնենք խրախճան եւ երախաճան բառերը»:3 Ինչպես տեսնում ենք, Աճառյանն էլ նկատում է, որ Գինեճան բառում ճան արմատը չի կարող նշանակել գինուն ծանոթ, կամ գինի իմացող, այլ` գինեմոլ, գինի սիրող: Նույնը վերաբերում է դավաճան, տիրաճան, խրախճան, ճոխաճան բառերին: Ակնհայտ է, որ այդ բառերում ճան արմատը հանդես է եկել ոչ թե սովորական ճանաչել, ծանոթ լինել, իմանալ, գիտենալ ընդհանուր իմաստով, այլ կողմնակի` սիրել, մոլեգին սիրել իմաստներով, իսկ Ճակաճան (նշանակում է իգամոլ, բղջախոհ) բառի ստուգաբանությունը* ակնարկում է բառի հավանական հոմանշությունը վերը հիշատակված անասնագէտ բառի հետ: Սեռամոլության եւ իմանալու հասկացությունների միջեւ ոչ մի առնչություն չտեսնելով` Աճառյանը երկրորդ ճան արմատը դրել է որպես առանձին եւ համանուն արմատ:
Մինչդեռ կարելի էր ենթադրել, որ եթե գէտ եւ ճան կամ ծան արմատները գտնվում են հոմանշային հարաբերության մեջ թե՛ հիմնական, թե՛ երկրորդային իմաստներով, իսկ սեռական սիրո հասկացության իմաստով ունեն համանուններ, ապա ճանաչելու եւ սեռական սիրո հասկացությունները ժամանակին ինչ-որ կապ են ունեցել մեկը մյուսի հետ: Այդ ենթադրության օգտին է խոսում նաեւ սիրել եւ սիրել բառերի համանունությունը: Մի դեպքում սիրել բառը հանդես է գալիս զգացմունք, ցանկություն իմաստով, մեկ այլ դեպքում, որոշ բարդություններում, ունի ուսումնասիրող, իմացող իմաստը, օրինակ` բանասեր, ուսումնասիրել, աշխատասիրել (արեւմտահայերենում): Հասկանալի է, որ բանասեր չի նշանակում խոսք սիրող, այլ` խոսք ուսումնասիրող, իմացող: Դարձյալ ակնհայտ է ինչ-որ կապ իմացություն, գիտելիքի ձեռքբերում եւ սեռական սեր հասկացությունների միջեւ:
Այս առնչությունը դժվար հասկանալի է, քանի որ ժամանակակից մտածողությամբ այդ երկու հասկացությունները գրեթե ոչ մի իմաստային կապ չունեն իրար հետ: Հավանաբար բացատրությունը պետք է փնտրել հին մարդականց դիցաբանության եւ առասպելական պատկերացումների մեջ:
Գ. Ղափանցյանը Արածանի գետանվան մեջ գտնում է Արա աստծո անունը, բայց բառի երկրորդ` ծանի արմատը չի բացատրում: Ծանի-ն պետք է որ նշանակեր գետ կամ ջուր, բայց նման արմատով ջուր նշանակող բառ կարծես թե չկա: Դրա փոխարեն նկատում ենք, որ ծան արմատը հոմանիշ է գէտ (գիտենալ) արմատին, իսկ վերջինս համանուն է գետ արմատի հետ: Գետ բառը ըստ աճառյանի ծագում է հնխ. vedo- ձեւից: Մյուս հնդեվրոպական զուգահեռները` օրինակ սնսկրիտ uda՛n «ալիք», udaka «ջուր», udadhi «ծով» եւ այլն, ծագում են հնխ. ved, vod, ud, ud ձեւերից: Այս նախաձեւերը եւս համահունչ են իմանալ, գիտենալ իմաստով բառերի հետ, ինչպես` ռուսերեն ՉպՊՈՑՖ` «իմանալ, հասկանալ» եւ ՉՏՊՈ‘«ջուր»: Իսկ հայերեն ջուր բառը իր հերթին ունի հավելյալ իմաստներ, որոնք դարձյալ կապված են սեռականի հետ: Օրինակ` ջրթափիլ բառն ունեցել է «արբունքի հասնիլ» իմաստը, ջրհեղ նշանակել է «առնի», իսկ պարսկերեն ab արմատն ունի միաժամանակ «ջուր» եւ «սերմ» իմաստները:4 Հայերեն վայթել «հեղել» բառը, որը ծագում է հնխ. ջուր իմաստով նախաձեւերից, բարբառներում ունի վաթուկ կիրառությունը, որը նշանակում է «մարդու սերմ»: Այսպիսով ստացվում է, որ ջուր հասկացությունը եւ այն արտահայտող որոշ բառեր նույնպես կապված են միաժամանակ սեռական սիրո եւ գիտելիք ստանալու հետ:
Նկատում ենք նաեւ, որ ծան բառը նման է ծին բառին: Դա էլ պատահական չի կարող լինել, քանի որ նման առնչություն գտնում ենք հնդեվրոպական նախալեզվի վերականգնաված ձեւերում եւ հնդեվրոպական այլ քույր լեզուներում. օրինակ` հունարեն genos «ծին, սերունդ» եւ gnosis «գիտելիք»: Ուրեմն Արածանի անունը ժամանակին կարող է հնչած լինել Արածին կամ Արածինի` այսինքն Արային ծնող: Այս վերջին ենթադրությունը առավել համապատասխան է դիցաբանական, առասպելական պատկերացումներին, քանի որ Հին աշխարհի այլ առասպելներից հայտնի են արեւի եւ պտղաբերության աստվածներ, որոնք ծնվում են գետից, կամ ջրից, ուստի գետը համարվում է մայր: Օրինակ` եգիպտական Րա արեւի աստվածը, որը շատ այլ նմանություններ ունի Արայի հետ, ըստ առասպելի` նավակով լողում է երկնքում ու ամեն մայրամուտի իջնում Նեղոսի ջրերի մեջ, անցնում անդրաշխարհով եւ առավոտյան դուրս գալիս արեւելքից: Արեւի կամ արեւի աստծո այս օրական շրջապտույտը շատ տարածված մոտիվ է հին աշխարհի առասպելաբանության մեջ եւ մեկնաբանվում է որպես արեւի ամենօրյա ծերացում, մահ եւ վերածնունդ:
Հայոց մեջ նույնպես պահպանվել են զրույցներ, առասպելներ ու դարձվածքներ, որոնք վկայում են նմանատիպ հինավուրց պատկերացումների մասին: Այսպես` արեւի ծագման մասին ժողովրդի մեջ ասում են. «Արեւը մոր ծոցեն ելավ»:
Սա կապվում է այն բանահյուսական զրույցի հետ, որի համաձայն արեւն իր մոր հետ ապրում է արեւելքի մի շքեղ պալատում: Ամեն առավոտ նա դուրս է գալիս մոր մոտից` որպես նորածին մանուկ, ճամփորդում երկնակամարով, կեսօրին դառնում պատանի, իսկ երեկոյան կրկին վերադառնում մոր մոտ` արդեն ծերացած: Արեւի պալատի առջեւ մի ջրավազան կա` անմահական ջրով լիքը. արեւը այգաբացից առաջ սուզվում է այդ ջրի մեջ ու այնտեղից դուրս գալիս` կրկին մանուկ դարձած: Մայրը նրան գրկում է, կուրծք տալիս եւ ճանապարհ գցում` կատարելու իր ամենօրյա շրջապտույտը:
Մեկ այլ տարբերակի համաձայն վերոհիշյալ պալատն իր ավազանով գտնվում է Վանա լճի հատակում: Այսինքն` հին Հայաստանում եւս արեւի աստծո ամենօրյա ծնունդը կապվում էր ջրի ու ջրային տարածքի հետ:
Այդ ջրային տարածքը առասպելական Ծիրանի ծովն է, որը իրական աշխարհում կարող էր նույնացվել Վանա լճի, Եփրատի, Երասխի, կամ հենց Արածանիի հետ:
Արածանին սրբազան գետի իր համբավը շարունակում է քրիստոնեության ընդունումից հետո, քանի որ թագավորի ու արքունիքի մկրտությունը տեղի է ունեցել հենց այդ գետում: Այստեղ չենք կարող չնկատել, որ վերածնության գաղափարը առկա է նաեւ քրիստոնեական մկրտության ծեսի մեջ: Մկրտվող հավատացյալը նոր հոգեւոր կյանք ու ինքնություն է ձեռք բերում, այսինքն` վերստին ծնվում: Եկեղեցու ավազանը համեմատվում է մայրական արգանդի հետ, որտեղից նոր ծնունդ է առնում մկրտվողը: Այս պատկերացման հիմքը Հովհաննեսի ավետարանի Նիկոդեմոսի եւ Հիսուսի զրույցն է:
Ջրի ծնող եւ բեղմնավորող նշանակության մասին պատկերացումը շատ տարածված էր նախաքրիստոնեական արեւապաշտական հավատալիքներում ու կրոններում: Դրա արձագանքները կարելի է գտնել նաեւ «Սասնա ծռեր» վիպերգում, որտեղ Սասնա տան հիմնադիր երկվորյակները ծնվում են Ծովինարից եւ ջրից: Ծովինարի անվան ծով բաղադրիչը պատահական չէ, քանի որ Սանասարն իր զենքերն ու աստվածային զորությունը ձեռք է բերում հենց ծովի հատակը սուզվելու միջոցով: Նա ծովից դուրս է գալիս վերածնված, նոր մարդ դարձած. այն աստիճան, որ ծովի ափին մնացած եղբայրը սկզբում չի ճանաչում նրան: Ըստ առասպելաբանության, այստեղ խոսքը վերաբերում է անդրաշխարհ մտնել ու դուրս գալուն: Իսկ անդրաշխարհը, գերեզմանը հնում համարվել է մայր: Այստեղ տեղին է նկատել, որ հայերեն մօր արմատը, որը նշանակում է ճահիճ, նման է մայր բառին եւ նույնական այդ բառի սեռական հոլովի հետ: Ծով եւ մայր նշանակող արմատները նման են նաեւ հնդեվրոպական այլ լեզուներում:
Այսպիսով, եթե ջրային տարածքը մեր նախնիների աշխարհահայացքում ունեցել է մայրական, ծնող իմաստ, կարող է Արածանի գետանունը մեկնաբանվել կամ ստուգաբանվել Արային ծնող կամ Արայածին իմաստով: Եվ սա բացատրում է ջուր եւ սերմ, ծնունդ հասկացությունների նախնական կապը: Բայց դեռեւս անհասկանալի է մնում, թե ինչու են ջուր, ծնել, գիտենալ, իմանալ հասկացությունները աղերսվում սեռական, այն էլ պաթոլոգիական հակումների հետ:
Ինչպես տեսնում ենք, առասպելներում արեւի աստվածը կամ արեգակնային հերոսը վերածնվելու համար նախ պետք է վերադառնա իր մոր մոտ, ինչպես հայերենի լեզվամտածողությունն է հուշում, արեւը պետք է մայր մտնի, կամ մտնի իր մոր ծոցը, որպեսզի առավոտյան վերածնվի ու աշխարհը լուսավորի: Բայց չմոռանանք, որ արեւի աստվածներն ունեին շեշտված եւ շատ ուժեղ սիրասեռային նշանակություն եւ զորություն: Արան, Ադոնիսը, Րան, Օսիրիսը, Թամուզը, հեթիթական արեւի աստվածը, Շիվան, Միհրը շատ ուրիշներ բեղմնավորող աստվածներ են եւ բեղմնավորում են այն ամենը, ինչին հպվում են` հողը, դաշտը, անասուններին, բույսերին, կանանց ու աստվածուհիներին: Շատ հին ժամանակներում այդ աստվածները պատկերվում էին պարզապես քարե կամ փայտե ֆալլոսների տեսքով: Ֆալլոսային զորություն են վերագրել նաեւ այսպես կոչված վիշապաքարերին, որոնց մի մասը ունի ձկան տեսք: Ձուկը եւս հայտնի է որպես ֆալլոսի խորհրդանիշ: Իսկ երբ արեւը սուզվում է մայրական ջրերի մեջ, պետք է վերափոխվի ձկան եւ լողա այդ ջրերում: Ահա թե ինչու ախթարքում արեւը խորհրդանշող խոյ կենդանակերպին հաջորդում է ձկներ կենդանակերպը: Այս ձկնակերպ աստծուն մենք դեռ կանդրադառնանք: Առայժմ էական է մեկ այլ հանգամանք, որ ֆալլոսային արեւ-աստվածը մտնելով մայրական ջրերը, փաստորեն, կատարում է սրբազան ինցեստ: Նա մեռնում է` միաժամանակ բեղմնավորելով սեփական մորը եւ դրանով վերստեղծում ինքն իրեն` ապահովելով իր անմահությունն ու հավերժությունը: Սրբազան ինցեստի թեման շատ տարածված առասպելույթ է եւ ուղղակի ու սիմվոլիկ արտահայտություններ է գտել Էդիպի, Արգոնավորդների, Արտավազդի, Փոքր Մհերի, Օսիրիսի, Ոդիսեւսի, Գիլգամեշի եւ այլ առասպելներում: Մոր հետ արյունախառնության գաղափարի առասպելաբանական իմաստն այն է, որ երիտասարդ որդի արեւը, հասունանալով, նույնանում է իր հոր հետ, բեղմավորում կնոջը, որը միաժամանակ հանդիսանում է փաստորեն իր մայրը եւ նորից ծնվում: Այս իմաստը գաղտնի ու լռելյայն առկա է «Սասնա տուն» վիպերգում: Սասնա դյուցազունների տոհմը սկսվում է ծովի մեջ բացված ժայռից բխող ջրից, որից Ծովինարը խմելով հղիանում է: Իսկ վիպերգի վերջում Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում եւ մի քանի տարբերակներում ասացողները նշում են, որ այդ ժայռից մի բարակ ջուր է հոսում, որը Մհերի ձիու ջուրն է:
Եթե մենք հիշենք, որ լեզվամտածողության մեջ ջուրը, սերմը եւ մեզը հանդիսացել են միմյանց առնչվող հասկացություններ, իսկ ձին Մհերի սեռական զորության խորհրդանիշն է, ապա ստացվում է, որ Վանա ժայռը նույնանում է հենց այն ժայռի հետ, որից սկզբում ջուր էր խմել Ծովինարը: Վիպերգի սկիզբն ու վերջը ոչ միայն միանում են, այլեւ նույնանում եւ ստացվում է, որ Մհերը պետք է դուրս գա ժայռից մի նոր Ծովինարի բեղմնավորելու միջոցով:
Այսինքն` Փոքր Մհերը հանդիսանում է այն նույն ոգին կամ անտեսանելի աստվածը, որը սկզբում բեղմնավորում է Ծովինարին:
Եթե աստվածային ինցեստը ընդունված է ու նույնիսկ անհրաժեշտ, ապա մարդկային ինցեստի վրա հնուց ի վեր տաբու է դրված: Ահա թե որտեղից է սկիզբ առնում վերոհիշյալ արմատների իմաստային կապը սեռական հիվանդագին հակումների հետ:
Իսկ ի՞նչպես բացատրել Արայի կապը գիտելիքի ու իմացության հետ:
Միջագետքում եւ Շումերում հայտնի էր Էա կամ Հայա անունով իմաստության աստված: Այս Հայան Ծովի եւ ստորերկրյա ջրերի աստվածն էր, եւ նրա մոտ էին պահվում Մե կոչված էությունները, որոնք համարվում են աստվածային իմաստության ու զորության կրողները: Մե զորությունները Հայան պահում է ջրերի կամ օվկիանոսի հատակում, խորքում: Իսկ այդ օվկիանոսը շումերները մարմնավորում էին Նամմու դիցուհու կամ նախամոր միջոցով:
Իզուր չէ, որ Հայայի քրմերը շումերա-աքքադական հարթաքանդակներում պատկերվում են երբեմն ձկան կերպարանքով կամ ձկնակերպ թիկնոցներով, իսկ Հայայի այլ քանդակներում` նրա ուսերի երկու կողմերում, պատկերվում են երկու գետեր` ձկներով լեցուն:
Սակայն ձուկը հետագայում հայտնի է դառնում նաեւ որպես սեռականության ու ֆալլոսի խորհրդանիշ: Ինչ-որ իգական աստվածության ձկան վերափոխվելու ակնարկ կա հայկական մի բանահյուսական լեգենդում, որը բացատրում է հենց Արածանիից ոչ հեռու գտնվող, Եփրատի մեկ այլ վտակ հանդիսացող Մեղրագետի ծագումը: Իրիցկինը անծանոթին համբույր տալու համար քահանայի պահանջով իրեն նետում է բարկ թոնրի մեջ, որի հուրը հրաշքով փոխակերպվում է մեղրաջրի, իսկ իրիցկինը դառնում է ձուկ: Այդ ջրից էլ սկիզբ է առնում Մեղրագետը:
Այս լեգենդում խաչվում են ձկան, գետի սիմվոլներն ու սեռական զանցանքի թեման: Այս ամենն հաշվի առնելով` հիմնավոր է թվում Մեղրագետ գետանունը բացատրել Մեհր կամ Միհր եւ գէտ բաղադրիչներով: Այսինքն` Միհրին ճանաչող կամ Միհրածին, ինչպես Արածանին` Արային գիտցող, ճանաչող, կամ Արայածին: Չէ, որ երկուսն էլ արեւի աստվածներ են եւ բացառված չէ, նույնիսկ` նույն աստծո տարբեր դարաշրջանների անունները:
Այսպիսով, նա, ով ցանկանում էր տիրանալ Մե էություններին եւ ձեռք բերել իմաստություն եւ անմահություն, պետք է հասներ օվկիանոսի խորքերը, ինչը նշանակում էր սուզվել Նամմու նախամոր ծոցը: Այսինքն` Հայան սուզվել էր եւ տիրապետում էր աստվածային գիտելիքին:
Այդպես Գիլգամեշը անմահության ծաղիկը ձեռք է բերում ջրհորի հատակից, Սանասարը սուզվում է ծովի մեջ եւ ձեռք բերում խաչ պատերազմին, հրեղեն նժույգն ու մյուս զենքերը:
Այս եւ նման առասպելների հիմքում ընկած է արեւի շրջապտույտի ու անմահության հինավուրց պատկերացումը: Հենց արեւի աստվածն էլ տարբեր դիցարաններում ու կրոններում հանդիսանում է իմաստության ու անմահության գաղտնիքի իմացողն ու կրողը, որը նա ժառանգում է իր հորից: Բավական է հիշել Ապոլլոնին, Ամոն-Րային, Ութու-Շամաշին եւ այլոց:
Այս շարքի մեջ պետք է դասել նաեւ Արային կամ Արին, որի պաշտամունքը մ. թ. ա. երրորդ հազարամյակից տարածված էր Հայկական բարձրավանդակում եւ նրա սահմաններից դուրս` որպես անմահության, սիրո, հարության, ռազմի եւ արեւի աստված: Այսինքն` Արան եղել է նաեւ իմաստության, գաղտնի ու հասարակ մահկանացուներին արգելված, ինչ-որ գաղտնի ու սրբազան գիտելիքի իմացողն ու կրողը: Ոստի Մայր Արածանիի ջրերում մկրտվողը դառնում էր Արայի գիտելիքին հաղորդյալ, իմաստուն ու անմահ:
Այսպիսով, այս եւ նման առասպելական պատկերացումների մեջ է միայն, որ կապվում են սեռականության, ինցեստի եւ աստվածային իմաստության կամ գիտելիքի գաղափարները, ինչով էլ կարելի է բացատրել մեր լեզվում պահպանված, առաջին հայացքից տարօրինակ թվացող, բառագործածությունները եւ համանունները:
Այսօրինակ առնչությունները առանձնահատուկ նշանակություն են ստանում խորքային կամ արքետիպային հոգեբանության լույսի տակ:
Սակայն դա արդեն այլ թեմա է:
Առաքել Կարապետյան
1 Տե՛ս Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան. Հ.I, գէտ բառահոդվածի տակ:
2 Տե՛ս նույն տեղում, հ. II, ծան բառահոդվածի տակ:
3 Նույն տեղում, հ. III, Ճան բառահոդվածի տակ:
*Ճակ նշանակում է էգ ձի, ճակաճան բառացի նշանկում է էգ ձի ճանաչող, այսինքն` սիրող:
4 Տե՛ս, նույն տեղում, հ. IV, ջուր բառահոդվածի տակ:
«Լուսանցք» թիվ 35, 36 (121, 122), 2009թ.



