Հաղորդագրության մեջ նշվում են մի քանի կետեր՝ «1. ՀՀ Նախագահի աշխատակազմը, արդեն իսկ 01.10.09թ-ին պաշտոնական տեղեկատվություն է տարածել այն մասին, որ սփյուռքահայության հետ նախագահի հանդիպումներին կմասնակցի ՍԴ նախագահը, այլ ոչ թե Հիմնադրամի ներկայացուցիչը: Հայաստանյան եւ արտասահմանայան ԶԼՄ-ները այդպես էլ տարածել են լուրը եւ որեւէ մեկը, այդ թվում, գեղաշենցի «մեծարգո նախագահը» չի առարկել դրա դեմ:
Այսինքն, ՍԴ նախագահի ներկայացրածն իրականությանը չի համապատասխանում, 2. խուսանավելով ներկայացնել իրականությունը` ՍԴ նախագահը, փաստորեն, հաստատում է այն փաստը, որ խախտել է ՀՀ սահմանադրական կարգը, 3. հավանաբար չտիրապետելով ՀՀ օրենսդրության պահանջներին` ՍԴ նախագահը տեղյակ չի անգամ, որ Հիմնադրամի ներկայացուցիչն այդ անվան տակ իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, 4. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ դատավորը կարող է արձակուրդ վերցնել եւ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իսկ գուցե այդպես են վարվում նաեւ ՍԴ-ի մյուս անդամները»:
Հաղորդագրության հեղինակները ՍԴ-ին հորդորել են անդրադառնալ նաեւ ՍԴ նախագահի ԱԽ-ին անդամակցելու խնդրին, քանի որ ազգային անվտանգությունը նույնպես քաղաքականություն է, որն իրականացնում է երկրի գործադիր իշխանությունը: Նաեւ հիշեցնում են, որ «ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանն իրեն իրավունք վերապահեց դառնալ ՀՀ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար` բացատրելով, որ արձակուրդում է գտնվում: Կամ, երբ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը քարոզչություն էր իրականացնում ՀՀ նախագահի 2008թ. ընտրություներում, բացատրում էր, որ դա անում է որպես ՀՀ քաղաքացի եւ այլն:
«Գերագույն Խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ն այս տեղեկությունները տարածել է նաեւ սփյուռքում եւ ակնկալում է ստանալ պաշտոնական Երեւանի պատասխանները:
Գոհար Վանեսյան
Սարդարապատային իրավիճակ
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կանանց միության կազմակերպած «Կլոր սեղան»-ի մասնակիցները հայտարարել են, որ «Տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեցող պետությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը եւ Թուրքիան կարծես եկել են ընդհանուր հայտարարի ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման եւ Արցախի հարցի կարգավորման շուրջ, ի հաշիվ հայ ժողովրդի ազգային ու պետական շահերի»:
Քննադատելով իշխանություններին եւ նրանց ներքին ու արտաքին քաղաքականությունը` միությունը հայտնում է, որ «Հայ ժողովուրդը պատրաստ է դիմագրավելու ցանկացած պարտադրանքի, օտարի ոտնձգության, պայքարելու եւ հաղթելու թվապես իրեն գերակշռող թշնամուն, եթե այդ կռվում առաջնորդող ուժը եւ նրա շարքերում կանգնած հայորդիները իրենց ապրած կյանքով ու կատարած գործերով ցույց են տվել, որ նվիրյալներ են եւ վճռական են ստեղծված իրավիճակը շտկելու եւ այս դավաճանական ընթացքը կանխելու գործում»:
Մասնակիցները ներկայիս իրավիճակը գնահատում են որպես սարդարապատային:
Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը թուրքական խորհրդարանում եւ կառավարական շրջանակներում արդեն իսկ հիմնավորում է նոր սարդարապատային իրավիճակի հնարավորությունը…
Նարե Մշեցյան
Հիմա կարելի՞ է, թե՞ չէ
Օրերս մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ, Թեղուտի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ազգային նախաձեռնության անդամներ եւ այլ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման:
Մասնակիցները պարզել էին պաստառներ, որոնցում մասնավորապես կոչ էր արվում իշխանավորներին «լինել ոչ թե միայն 3 միլիոնի, այլեւ՝ 10 միլիոնանոց հայության ղեկավարը», կամ «ո՛չ թուրքական նախապայմաններին եւ հայ-թուրքական արձանագրություններին», պաստառների վրա ցուցադրվում էին նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քարտեզները:
Սակայն, խաղաղ ցուցարարներն արժանացել էին ՀՀ ոստիկանության կոպիտ վերաբերմունքին: Մասնավորապես, ոստիկանները պատռել են ցուցապաստառները, Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի քարտեզները, քաշքշել են բողոքի մասնակիցներին, ապա խոչընդոտել են նրանց երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ հնարավորություն չտալով շարունակելու ցույցը նաեւ այնտեղ:
Մասնակիցները կարծում են, որ ոստիկանության նման պահվածքն ուղիղ հետեւանքն է «Հայաստանում տիրող անպատժելության մթնոլորտի եւ իշխանությունների ոչ լեգիտիմության եւ քրեականացման»: Անընդունելի են համարում այն պահվածքը, որ արձանագրությունները դեռ չվավերացրած՝ իշխանությունները «բարիդրացիական հարաբերությունների ոգուն» համապատասխան այնպիսի քայլեր են կատարում, որոնց հետեւանքով պատռում են Հայաստանի քարտեզներն ու Ցեղասպանությունը եւ դրա կազմակերպիչներին դատապարտող պաստառները:
Իհարկե, արդեն զարմանալի չէ մեր ոստիկանների նման գործելաոճը, սակայն «զարմանալի» է այն փաստը, որ բողոքի ցույցեր կան, որոնք անցնում են ոստիկանների «անպատիժ» պայմաններում, ցույցեր էլ կան՝ «պատժվող» ռեժիմում……
Եթե մի բան չի կարելի, բոլորին չի կարելի, իսկ եթե կարելի է՝ առավել եւս բոլորին է կարելի: Միթե՞ պարզ չէ… ոմանց համար…
Կարեն Բալյան
«Հոկտեմբերի 27». երբ չեն քննվում տողատակերը
Շատերի կարծիքով« եթե չլիներ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա մենք այսօր կապրեինք միանգամայն այլ երկրում, այլ հոգեբանությամբ եւ ուրիշ մտածողությամբ:
Մենք վստահաբար կապրեինք այլ երկրում, փոքր ինչ այլ ներքին կանոններով, սակայն խիստ կասկածելի է, որ կապրեինք այլ հոգեբանությամբ ու մտածողությամբ… Այն, որ «հոկտեմբերի 27»-ը ոճրագործություն է եւ արժանի բացահայտման ու համարժեք պատժի, կասկած չկա, սակայն կարիք էլ չկա հայտարարելու, թե այն ժամանակներում ամեն բան «OK» էր… Այն օրերին էլ մենք ապրել ենք ազգային, իրավական ու սոցիալական պայքարների բովում, եւ ՀՀ իշխանությունների կերպն ու առկա հոգեբանությունը գրեթե ոչ մի տարբերություն չի կրել……
Այս հարցում վտանգավոր է այն հանգամանքը, որ «հոկտեմբերի 27»-ից առաջ մի քանի շահեր են համընկել՝ մեր երկրի ուղին փոխելու եւ իրենց հարմար ձեւով տանելու համար: Այդ համընկնումը մեր կարծիքով եղել է օտար երկրների ուժերի եւ մեր քաղաքական վերնախավի մի հատվածի մոտ, ինչը վերածվել է հանցագործ համագործակցության…
Սա իշխանական վերնախավի եւ հայ ժողովրդային մի հատվածի «մենամարտը» չէր, այլ՝ օտարի ու մեր հակամարտության հետեւանք «մենամարտն» էր, ինչը եղերական եղավ մեր կողմի համար՝ ներքին դավադիր ձեռքի մշտառկա առկայության եւ դավաճանության պայմաններում……
Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն է՝ ուղղված երկրի ու ժողովրդի դեմ, եւ դրա իրական բացահայտումը պետության կարեւորագույն խնդիրը պետք է լինի, ովքեր էլ լինեն իշխանության վերնախավում:
Հիշենք, որ 10 տարի առաջ Ազգային Ժողովում նիստի ժամանակ (ուղիղ եթերի պայմաններում) սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը եւ Յուրի Բախշյանը, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը եւ կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը:
…Մինչ այժմ ձերբակալվել են մի խումբ կատարողներ, ովքեր դատապարտվել են, սակայն պատվիրատուն եւ համագործակցող կողմերը հայտնի չեն… Բայց կան հաստատ:…
Եթե տասնամյա հեռվից դեռեւս նորովի մնացած այս ահաբեկչական գործողությունը պետական գաղտնիք չէ, ապա դա կամ բացահայտված է արդեն եւ հետագայում կբարձրաձայնվի (ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ոչ այսօր), կամ էլ՝ չի բացահայտվի առհասարակ, քանի որ, այսպես կոչված վկաները, բանտարկված ու մեկուսացված են (անհասանելի առավել շահագրգիռ կողմի համար), կամ էլ հեռացել են Հայաստանից ու այլոցից…
Թե ինչքան կապրեն այդ վկաները Հայաստանում եւ արտերկրում, դա էլ առանձին խնդիր է, բայց հուսանք, որ իրական եւ գլխավոր մեղավորները մի օր կբացահայտվեն (գուցե էլ պատժվելու մնացած անձինք գոյություն չունենան այդժամ):
Այնուամենայնիվ, միշտ պետք է զգուշորեն մոտենալ օտարի յուրաքանչյուր առաջարկի կամ ծրագրի, անհրաժեշտ է ծանրութեթեւ անել, հատկապես, երբ դրանք միշտ էլ ունենում են տողատակեր…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.



