ՀՀ հանրակրթական դպրոցներում 5-րդ դասարանի երեխային ուսուցանում են «Հայոց եկեղեցու պատմություն»: Ամենաշատ սխալները հենց այս դասագրքում են, եւ խմբագրությունը բազմիցս է ահազանգեր ու նամակներ ստանում այդ մասին: Տպագրում ենք երեւանցիներ Նարինե եւ Ստեփան Ասքանազյանների` մեզ հասցեագրված նամակը որոշ կրճատումներով:
Հարգելի «Լուսանցք»: Մշտապես հետեւում ենք Ձեր բոլոր թողարկումներին: Դուք իսկապես հավատարիմ եք Ձեր նպատակին` տեղ եք տալիս բոլոր նրանց ու այն գաղափարներին, ովքեր եւ որոնք շուկայական այս դարում լուսանցքում են հայտնվել: Սիրով արձագանքում եք Ձեր կոչին` անտարբեր չմնալ դասագրքային սխալների հանդեպ, վերհանել դրանք: Մեր երկու դուստրերն էլ 5-րդ դասարանում են սովորում: 12-ամյա կրթակարգի «շնորհիվ» 5-րդ դասարանում են «հայտնվել» մեր 9-ամյա աղջնակները: Նրանք անցնում են «Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը:
Հիմա կրթության կոչվող նախարարությունից մեկը ինձ կարո՞ղ է ասել` ինչու՞ է այդպես, ես ի՞նչ պատասխան տամ իմ երեխային: Ի դեպ, մինչ խմբագրությանը նամակ գրելը, զանգահարեցի կրթության նախարարություն: Գիտե՞ք մեզ ինչ պատասխանեց հանրակրթության ոլորտի քաղաքականության պատասխանատուն (անկեղծ ասած` ազգանունն էլ չասացին, հեռախոսավարուհին ասաց` պատասխանատուն է այդպես ասում), այն, որ դասագիրքը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է:
Հարցիս հասցեատերն է փոխվում, բայց հո հարցս մնում է նույնը: Հարգելի կաթողիկոս, ի՞նչ ասեմ իմ հարցասեր երեխային, ախր մեկ-երկու դաս չէ, ամբողջ դասագիրքն է սխալներով լեցուն:
Մեկ այլ սխալի մասին էլ: Գրքում գրված է. «Մինչ քրիստոնեությունը մեր նախնիները… հեթանոսական կրոնի հետեւորդներ էին: Նրանք հավատում եւ աստված էին համարում… (տես լուսանկարներում – խմբ. – նայել«Լուսանցք»-ի PDF տարբերակում) Հայկին, Արային, Տորքին, Աստղիկին, Վահագնին, Արամազդին, Անահիտին, Տիրին, որոնց վերագրում էին տարվա եղանակների փոփոխությունները… Կուռքերի պաշտամունքը կոչվում է հեթանոսություն…»: Ես ու ամուսինս տիրապետում ենք մի քանի օտար լեզուների. ես գերմաներենի մասնագետ եմ, ռուսերեն լավ գիտեմ, իսկ ամուսինս` ֆրանսերեն ու իտալերեն: Տարբեր բառարաններ ենք քրքրել, եւ ամեն տեղ բացատրված է, որ «հեթանոսություն» նշանակում է ազգային, հունարեն` էթնոս` ազգ եւ ասորերեն հեթանոս բառերից: Այսինքն` հեթանոսությունը կրոն չէ: Ավելին` դասագրքում գրված է` «կուռքերի պաշտամունքը կոչվում է հեթանոսություն»: Եվ հաջորդ էջում բացատրվում է. «Կուռք քարից, փայտից, մետաղից կամ այլ նյութից պատրաստված արձան է, որին վերագրվում է գերբնական կարողություն»: Ինչ անտրամաբանական ձեւակերպումներ են: Հարգելի կաթողիկոս, հիմա իմ տանը փայտից 3 Քրիստոսով խաչ կա, որ գնել եմ Սուրբ Սարգիս եկեղեցուց, ուրեմն` հեթանոս ե՞մ: Բայց չէ՞ որ կուռքերի պաշտամունքը կռապաշտություն է կոչվում, ուրեմն Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավորները կռապա՞շտ են, որ փայտե խաչեր են վաճառում… Մի խոսքով, այս դասագիրքը անհեթեթությունների գիրք է, դրա համար երեխաներիս խորհուրդ եմ տվել մատների արանքով վերաբերել այդ առարկային, որպեսզի չխաթարվի նրանց հոգեբանությունը…



