Նախագահական հին ու նոր խաղեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այլեւս Հանրապետական կուսակցության անդամ է պաշտոնապես: Միանգամից հարց է ծագում՝‘ ինչու՞ հենց հիմա նա որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին: Կարծում ենք` պատճառը հետեւյալն է. ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հակամարտությունը, որը որակվեց որպես իշխանություն-ընդդիմություն հակամարտություն, այլեւս հեռանկար չունի: 3-րդ նախագահը Արեւմուտքի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների համար արեց այն միջազգային եւ ներպետական քայլերը, ինչը շատ ցանկանալով անգամ չարեց 1-ին նախագահը, եւ արդեն անելու խնդիրն էլ դուրս եկավ արանքից…


Մենք չենք բացառում, որ Լ. Տեր-Պետրոսյանին Արեւմուտքի իր հովանավորները «կհրավիրեն» ՀՀ-ից դուրս՝ սփյուռքի հետ աշխատելու եւ հայ-թուրքական հարաբերությունների «կարեւորությունը» այնտեղ «բացատրելու» համար: Նա հայտնի ուժերի համար արդեն սպառված է որպես ընդդիմության ղեկավար: Մի պայման կա դեռ, որ 1-ին նախագահը այդ ուժերի համար կարող է մնալ ու գործել Հայաստանում, երբ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո դրվի Արցախի եւ ազատագրված տարածքների հարցը… եւ 3-րդ նախագահը չգնա զիջումների: Այդժամ, հիմա էլ արեւելյան ճակատում, խիստ կկարեւորվի Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը…
Իսկ հիմա 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ընդդիմանալու» ժամանակն է: Նա արդեն սկսել է գործը եւ, վստահաբար, սերտորեն աշխատում է ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Թե դաշնակցականների ընդդիմադիր «դառնալը» եւ թե բարգավաճների աշխուժանալը (ի դեմս՝ Գագիկ Ծառուկյանի) հավաստում է դա: Իսկ մյուս իշխանականը՝ ՕԵԿ-ը, միշտ անցնելու է հաղթողի կողմը: Այս թոհուբոհում վարչապետի ՀՀԿ-ական դառնալը անհրաժեշտ էր, քանի որ քոչարյանական «կադրերի» սեփանացման խնդիր է լուծվում: Կարծում ենք՝ նման «լուծումներ» կլինեն նաեւ առանձին ոլորտներում… Թե չէ հո նժդեհականության հաղթարշավ չէ՞ Հայաստանում…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.