Հայ-թուրքական արձանագրությունների ոդիսականը մտել է նոր փուլ: Նախաստորագրված այդ փաստաթուղթը մեծ ընդդիմության հանդիպեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Իհարկե, ընդդիմանալու շարժառիթները տարբեր են՝ Հայաստանում դա պայմանավորված է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության խնդիրների եւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցերի հետ, իսկ Թուրքիայում՝ առհասարակ Հայաստան բառը չճանաչելու եւ թուրք-ադրբեջանական (համաթուրքական) եղբայրությունը չսասանելու խնդիրներով:
Օտար երկրների գործակալները տարբեր օթյակների, հասարակական ու բարեգործական կառույցների կամ այլ խմբավորումների, աղանդավորական ու անբարո քարոզիչների անվան տակ վխտում են Հայաստանում եւ դեռ հասցնում են երկրում գործակալական ցանցեր ձեւավորել: Իսկ մեր անվտանգության պատասխանատուները տարբեր մանկլավիկական ու ծախու անձերի միջոցով պարզունակ խաղեր խաղալով, կամա թե ակամա, նպաստում են հայկական ներուժի քայքայմանը, դիմադրողականության անկմանը:
Ազգային անվտանգության պարտականությունն ամենամեծն է լինելու, եթե հանկարծ ստորագրվեն հայ-թուրքական արձանագրությունները, բայց երբ «երկրի անվտանգության» շենքից փախուստի է դիմում ադրբեջանական գործակալը, ով հրահանգավորված էր Հայաստանում սպանություններ կազմակերպել հայ գործիչների նկատմամբ, ապա լուրջ հարց է առաջանում դիմելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Պարոն նախագահ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ ստորագրեք մեր ազգային ու պետական անվտանգության «արձանագրությունները», որպեսզի մեր երկրի համապատասխան մարմինները առավելապես զբաղվեն արտաքին վտանգներով, քան թե՝ ներքին արհեստական ու պառակտիչ խժդժություններ մոգոնելով:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
17.11.2009թ.
«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.



