Ի դեպ, ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988թ.-ից: Շուրջ 20 տարվա ընթացքում՝ մինչեւ 2008թ. դեկտեմբերի 1-ը, ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք, 2007թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում՝ 118 նոր դեպք:
ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է: Հիմա այդ թիվը էլի ավելացած կլինի:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվը արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 301 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 45,9%-ը:
ՁԻԱՀ-ի հակազդման համաշխարհային օրվա առթիվ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել մարդկությանը: «Աշխարհի որոշ երկրներում ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման առաջընթացի նշաններ են նկատվում: ՁԻԱՀ-ի հակազդման գործընթացում ներդրումները արդյունքներ են տալիս եւ փրկում կյանքեր: Միեւնույն ժամանակ գլոբալ առումով նոր վարակներ գերազանցում են ձեռք բերված նվաճումները՝ մարդկանց կանգնեցնելով նոր սպառնալիքի առաջ, եւ ՁԻԱՀ-ը շարունակում է մնալ վաղաժամ մահվան հիմնական պատճառն աշխարհում»:
ՄԱԿ-ի Գլխավար քարտուղարը նշել է, որ պետք է շարունակել այն, ինչ արդյունավետ է, բայց նաեւ պետք է ավելին անել, այն էլ` շատ շտապ: Աշխարհում 2008թ. ՁԻԱՀ-ից մահացել է շուրջ 2 մլն. մարդ, ինչը արդեն նմանվում է համաճարակի…
Անի Մարության
Հաշմանդամ առողջները
Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրն է: Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հաշմանդամների պաշտպանության միամսյակ է հայտարարված:
Բայց դժվար է այսօր ասել, թե ով է հաշմանդամ, ով` ոչ: Հաշմանդամ է նա, ով սայլակով է, բայց փայլուն երաժշտություն է հնարում, հիանալի երգեր գրում, թե՞ նա, ով առանց սայլակի է, ոտք ու ձեռքով, բայց անառողջ դատողություններ ունի, սիրում է անբնականը: Հաշմանդամ է նա, ով կու՞յր է, բայց մտքի թռիչք ունի, թե՞ նա, ով կույր չէ, բայց ոչ միայն սրատես չէ, այլեւ քթից այն կողմ բան չի տեսնում:
Առո՞ղջ են նրանք, ովքեր դեկտեմբերի 3-ին Երեւանի մարզահամերգային համալիրում «շոու բիզնես»-ային «աստղերի» համերգ են կազմակերպել, որ ոչ այլ ինչ է, քան մղձավանջային աղմկոտ երաժշտությամբ մարդակապիկների ելույթ: Առո՞ղջ են այդ կարգի համերգներից հաճույք ստացողները, մնում է հարցական: Այս մարդուկներ-երգողները իրենց ոռնոցներն ու անիմաստ բառաշարադրանքները իբր մշակույթ են ներկայացնում` անարգելով այն ամենը, ինչը ընդհանրապես մշակույթ է կոչվում:
Առո՞ղջ են մեր այն հարուստ գործիչները, ովքեր այս ոռնացողներին Երեւան են հրավիրում ու մատուցում սերնդին, մնում է հարցական: Բայց որի պատասխանը բոլորս գիտենք: Առողջներս:
Հ.Գ. – Երեւանի տարբեր վայրերում անցկացվեցին միջոցառումներ՝ հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ:
Աշոտ Բադալյան
Ամանորին ընդառաջ՝ գների աճ
11 ամիսների ընթացքում գներն աճել են 4,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2009թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,4%, ինչը 0,1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից: Տարվա կտրվածքով գնաճը 4,6% է կազմել:
Պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ գնաճը եղել է 2%, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի, բանջարեղենի, ձկնամթերքի, մրգի 2-13.5% գնաճը: Ոչ պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 1,4% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 4,5% եւ 6,5% գնաճը:
Մատուցված ծառայությունների ոլորտում այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0,1% հավելաճ: Ըստ ԱՎԾ տեղեկատվության, տրանսպորտի եւ մշակույթի ոլորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են, համապատասխանաբար, 0,4% եւ 1,4%-ով:
Արտակ Հայոցյան
Ճգնաժամը կասեցրել է «համակարգչային առաջընթացը»
ՀՀ պաշտոնյաները համաշխարհային ճգնաժամի սկզբնական մասում հավաստիացնում էին, որ այն մեր երկրի տնտեսության վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Ժողովրդի մեջ նույնիսկ զրույցներ էր տարածվում, թե «Հայաստանն այնքան չկա երեւի, որ համաշխարհային ճգնաժամն ազդեցություն ունենա…»: Պաշտոնյաներից ոմանք էլ կես լուրջ, կես կատակ արձագանքում էին, թե՝ «Լավ է, որ Հայաստանը ինտեգրված չէ միջազգային տնտեսությանը, եւ ճգնաժամը ոչ մի կերպ չի ազդի երկրի վիճակի վրա…»: Սակայն, ճգնաժամը ոչ միայն ազդեց ՀՀ ընդհանուր վիճակին, այլեւ թելադրեց ու մղեց մեզ նոր վարկային պարտքեր կուտակելու եւ երկիրը օտար փողերից վերստին կախման մեջ գցելու: Մեր կառավարության ժամանակակից անդամները ոչ միայն չեն կարողանում կարգավորել տնտեսության վիճակը, այլեւ չեն կարողանում ապահովել նույնիսկ «եվրաարժեքներին համահունչ» համակարգչային «առաջընթացը» մեր երկրում:
Ըստ մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանի, 2008թ. ՀՀ ներմուծված համակարգչային տեխնիկան ընդհանուր մաքսային արժեքով կազմում է 11,5 մլրդ. դրամ: Այս տարվա 2009թ. 10 ամիսներին ներմուծվել է 9,4 մլրդ. դրամ մաքսային արժողությամբ համակարգչային տեխնիկա: Եթե համամասնորեն 10 ամսվա վերածենք այս տվյալները, ապա ստացվում է համարյա հավասար պատկեր. անցյալ տարվա 10 ամիսների ընթացքում ներմուծվել է 9,5 մլրդ. դրամի մաքսային արժողությամբ համակարգչային տեխնիկա, իսկ այս տարվա 10 ամիսների ընթացքում՝ 9,4 մլրդ. դրամի:
Չնայած սրան, Գ. Սաղոյանը հայտնել է, որ ճգնաժամը բացասական է ազդել նաեւ այդ ցուցանիշների վրա. «Այս ոլորտը շատ արագ է զարգանում եւ դրա ներմուծումների աճը պիտի ավելի մեծ լիներ, սակայն ճգնաժամի հետեւանքով, ըստ երեւույթին ստացվել է համարյա նույն թիվը»:
Գոհար Վանեսյան
Բյուջեի նախագծում փոփոխություններ եղան
Կառավարությունը 2010թ. բյուջեի նախագիծը ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին ներկայացրեց ԱԺ: Քննարկումների արդյունքում փոփոխություններ եղան: Կառավարությունը երեկ քննարկեց օրինագծի լրամշակված տարբերակը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց փոփոխված ցուցանիշները:
Ըստ այդմ, 2010թ. բյուջեի նախագծում եկամուտները դարձան 742 մլրդ. դրամ: Համեմատության համար նշենք, որ նախնական տարբերակը 677 մլրդ. դրամ էր: Այսինքն` եկամուտներն ավելացան 65 մլրդ. դրամով: 742 մլրդ. դրամից 570 մլրդ.-ը հարկային եկամուտներն են: Այսպիսով հարկեր / ՀՆԱ հարաբերակցությունը դարձավ 17,7%: 75 մլրդ. դրամով ավելացան ծախսերը` դառնալով 935 մլրդ.: Բայցեւ ավելացավ բյուջեի պակասորդը` 183 մլրդ. դրամից դառնալով 193 մլրդ. դրամ: Սա կազմում է ՀՆԱ-ի 6%-ը: Ըստ Տ. Դավթյանի, այս 6%-ը չնայած դարձյալ մեծ ցուցանիշ է, բայց 1,5%-ով ցածր է այս տարվա սպասողական ցուցանիշից:
Ի դեպ, 65 մլրդ. դրամով ավելացած եկամուտներից 18 մլրդ.-ը կուղղվի ավելացված արժեքի հարկի վերադարձման համար: Սրանով գործադիրը մտադիր է աջակցել արտահանողներին: 1,7 մլրդ.-ը կուղղվի ավանդների վերադարձմանը: 5 մլրդ. դրամով կավելանան դպրոցաշինությանն ուղղված ծախսերը:
Թերեւս այս փոփոխություններում կարեւոր մի բան է եղել. ավելանալու են նաեւ պաշտպանությանն ուղղված ծախսերը` 19.4 մլրդ. դրամով: Սա, ֆինանսների նախարարի հավաստմամբ, արվել է նաեւ պատգամավորների արձագանքները հաշվի առնելով: Ճիշտ է, 19,4-ի ավելացումը պաշտպանության համար մի բան չէ, բայց, ինչպես ասում են, վռիկը հեչից միշտ ավելի լավ է:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 42 (128), 2009թ.



